Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ ԲՀԿ-ն իրեն պետք է ընդդիմություն հռչակի:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները եւ հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը եւ իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը եւ վերջիվերջո՝ քաղաքացին», - երկուշաբթի «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Օսկանյանը:

Այսօր Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԲՀԿ-ի հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում ընդդիմադիր հռչակվելու Օսկանյանի դիտարկմանը:

«Մենք բաց, հրապարակային քննարկումների կողմնակից կուսակցություն ենք, եւ ցանկացած հարց, այդ թվում` նաեւ պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը կուսակցությունում քննարկման ենթակա հարց է», - ասաց Զոհրաբյանը:

Զորհրաբյանն ասաց, որ պատրաստվում է առաջիկա օրերին համապատասխան փոփոխություն առաջարկել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում. - «Որտեղ իմ գնահատմամբ` այն անհեթեթ դրույթը, որ ընդդիմադիր է համարվում այն քաղաքական ուժը, որը յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում կհայտարարի այդ մասին, առաջարկել եմ այդ ապուշագույն դրույթը հանել: Դա, իհարկե, հիմնված է Եվրախորհրդի որոշ հանձնարարականների վրա, բայց ես կարծում եմ, որ մեզանում այդ սկզբունքը բացարձակապես կիրառելի չէ: Ի վերջո, ընդդիմություն լինում են իրենց գործողություններով, իրենց քաղաքական օրակարգով, իրենց անելիքով»:

Էրեբունու բնակիչների հետ զրուցելիս, Նաիրա Զոհրաբյանը մի ուշագրավ հայտարարություն արեց անցած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

«Կգա օրը, պարոն Ծառուկյանը ինքը կասի, թե որոնք էին իրական, շատ բարոյական, շատ մարդկային պատճառները, որ ինքը որոշում կայացրեց չառաջադրվելու», - հայտարարեց նա:

Էրեբունի վարչական շրջանում մի քանի տասնյակ քաղաքացիների առջեւ ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը խոսեցին այն ծրագրերի մասին, որոնք պատրաստվում են իրականացնել Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում, մասնավորապես, խոստացան «լրջագույն փոփոխություններ» իրականացնել: Երեւանյան շրջայցերի ընթացքում համոզվել ենք, որ չկա որեւէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել քաղաքական կամքի առկայության դեպքում, ասում է Զոհրաբյանը:

Ըստ ԲՀԿ-ի ներկայացուցչի` նորմալ չեն աշխատում համատիրություններն ու «մեկ պատուհանի» ինստիտուտը: Էրեբունցիներին տարբեր հարցեր էին հուզում, փողոցում գետնանցում կառուցելուց, կիսակառույց եկեղեցու շինարարությունը շարունակելուց, շենքերի բակերն ասֆալտապատելուց մինչեւ ներքաղաքական խնդիրներ:

«Հավատացեք ու վստահեք ԲՀԿ-ին, հիմա մեծ հնարավորություն կա փոխելու գործող համակարգը», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG