Մատչելիության հղումներ

logo-print
Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները առաջընթաց էին 2008 թվականի համեմատ, եւ աչքի ընկան հիմնարար ազատություննների նկատմամբ հարգանքով, հայտարարում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը՝ միաժամանակ փաստելով, որ առաջընթացից բացի արձանագրվել են նաեւ մի շարք «լուրջ» բացթողումներ:

Դիտորդական առաքելության զեկույցը այսօր Վեհաժողովում ներկայացրեց ընտրություններին հետեւած եվրոպացի պատգամավորներից մեկը՝ ավստրիացի Շտեֆան Շնենախը, ով քվեարկության ընթացքը բնորոշեց բեկումնային՝ նախորդ ընտրությունների համեմատ:

«Ես հետեւել եմ ընտրություններին նաեւ 2012 թվականի ընթացքում, եւ այն ժամանակ արձանագրեցի, որ Հայաստանը դեռեւս հեռու է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումից: Այս անգամ, սակայն, ընտրությունները առաջընթաց արձանագրեցին, կարելի ասել՝ թռիչքային առաջընթաց: Իհարկե, կային նաեւ խախտումներ, սակայն, դրանք եզակի բնույթ են կրել, այդ իսկ պատճառով, կարծում եմ` կարելի է խոսել ազատ ու ժողովրդավարական ընտրությունների մասին»,- հայտարարեց ավստրիացի պատգամավորը:

«Թերեւս սրանք իսկապես ամենալավ ընտրություններն էին Հայաստանի պատմության մեջ»,- իր հերթին փաստեց ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռոկկեն` հավելելով. - «Սա, անկասկած, Հայաստանի ժողովրդավարության հաղթանակն է, որն ընդգծում է այս երկրի հետ Եվրամիության կապերը սերտացնելու անհրաժեշտությունը»:

Խոսելով առաջընթացի մասին՝ Եվրախորհրդի խորհրդարական պատվիրակությունը միաժամանակ փաստեց, որ «ժողովրդավարությունը Հայաստանում դեռեւս վերջնականապես կայացած չէ, ընտրական գործընթացն էլ էական բարեփոխումների կարիք ունի»:

Հիմնական մտահոգությունների շարքում դիտորդական առաքելությունն առանձնացրեց վարչական ռեսուրսի չարաշահումը, գործող նախագահի աջակիցների կողմից քվեարկությանը միջամտելու փորձերն ու վստահության պակասը՝ ընդգծելով, որ «այս բացթողումները հակասում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման եվրոպական չափանիշներին»: Նախագահական ընտրություններից երկու ամիս անց եւ Երեւանի ավագանու ընտրություններից շաբաթներ առաջ՝ այսօր հրապարակած զեկույցում, Եվրախորհրդի դիտորդները կոչ արեցին Հայաստանի իշխանություններին շտկել այս թերացումները եւ երաշխավորել, որ դրանք չեն կրկնվի հետագա՝ թե՛ համապետական, թե՛ տեղական ընտրությունների ընթացքում:

«Հարկ է անել ամեն ինչ, որպեսզի հայ ընտրողների մոտ վերականգնվի հավատը ընտրությունների նկատմամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է պահանջել, որ իշխանությունները հավասարապես կիրառեն օրենքը բոլոր ընտրակեղծարարների նկատմամբ եւ պատժեն բոլոր մեղավորներին»,- հայտարարեց ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շնենախը:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների քաղաքական ենթատեքստին՝ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը ափսոսանքով փաստեց, որ այս անգամ երեք հիմնական քաղաքական ուժեր, այդ թվում` խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը թեկնածու չառաջադրեցին, ինչն ազդեց մրցակցության դինամիկայի վրա ու սահմանափակեց քաղաքացիների՝ ընտրություն կատարելու հնարավորությունը: Արեւմտյան մյուս դիտորդների նման ԵԽԽՎ ներկայացուցիչները եւս փաստում են, որ գործող նախագահից բացի մյուս բոլոր թեկնածուները մտահոգություն են հայտնել ընտրացուցակների ճշգրտության վերաբերյալ՝ պնդելով, թե ընտրողների թիվը խիստ ուռճացված է, սակայն որեւէ փաստ չեն ներկայացրել այս պնդումները ապացուցելու համար:

«Կրկնակի քվեարկությունը բացառելու համար օգտագործվող թանաքանյութը, որը պետք է պահպանվեր 12 ժամ, պարզվեց՝ շատ հեշտությամբ մաքրվում է՝ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած փորձարկումներին»,- փաստում է ԵԽԽՎ զեկույցն ու ընդգծում,- «Թանաքանյութի հետ կապված խնդիրներն ազդում են ընտրողների վստահության վրա, դրա կիրառումը պետք է վերանայվի»:

Հայաստանի իշխանություններին տրված հանձնարարականների շարքում ԵԽԽՎ դիտորդները նաեւ հորդորում են հետաքննել ընտրակեղծիքների մասին բոլոր պնդումներն ու պատժել մեղավորներին՝ օրենքի տառին համապատասխան:

Նշենք, որ փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ այսօր հնչած մոտ մեկ տասնյակ դրական ելույթների շարքում առանձնացավ շվեդ պատգամավոր Մարիետա դե Լունդինը, ով պնդեց, թե իր տեսածը առաջընթացից հեռու է եղել, սակայն իր դիտարկումները վերջնական զեկույցում այդպես էլ տեղ չեն գտել:

«Քվեարկության օրը ընտրողների ինքնությունը հաստատող փաստաթղթերի որեւէ ստուգում չէր իրականացվում, ուղղակի նայում էին լուսանկարներին, կնիքն էլ, որը դրվում էր կրկնակի քվեարկությունը բացառելու համար, հնարավոր էր շատ հեշտությամբ հեռացնել: Ես ինքս տեսա, թե ինչպես հանձնաժողովներից մեկի անդամը վերցրեց ընտրողների՝ երկու էջանոց ցուցակն ու դուրս եկավ անհայտ ուղղությամբ: Ես այլեւս նրան չտեսա»,- հայտարարեց շվեդ պատգամավորը՝ հավելելով.- «Եթե մենք իսկապես ուզում ենք օգնել Հայաստանին ժողովրդավարացման գործում, ապա պետք է ասենք ճշմարտությունը: Արդեն 20 տարի է անցել անկախացումից, եւ մինչ օրս Հայաստանում հնարավոր չի լինում անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքները նախ եւ առաջ կընդունվեն ընտրողների, ապա՝ քաղաքական ուժերի կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG