Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը «պարզ եւ ճշմարիտ» աշխատանք է խոստանում. ընդդիմադիրները թերահավատ են


Ոստիկանությունը փակել է ընդդիմադիրների ճանապարհը, Երեւան, 9-ը ապրիլի, 2013

Ոստիկանությունը փակել է ընդդիմադիրների ճանապարհը, Երեւան, 9-ը ապրիլի, 2013

Ոստիկանությունը համագործակցության առաջարկ է անում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին` համատեղ ջանքերով արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով:

Երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ ոստիկանությունը հավաստիացնում է, որ անհետեւանք չի մնալու ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն: Ընտրությունների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով գործում է համակարգող խումբ, որը կոչված է արձագանքել ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ապօրինությունների վերաբերյալ շարքային քաղաքացիների ահազանգերին: Մինչ այս հայտարարությունը, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին ոստիկանության պատասխանատուների հետ օպերատիվ խորհրդակցության էր հրավիրել, որի ժամանակ, ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի, «շինծու» է որակել Հայաստանի մարզերից ընտրողներ բերելու եւ Երեւանում գրանցելու մասին քաղաքական ուժերի պնդումները:

«Ընտրությունները պետք է ըստ պատշաճին անցնեն, որովհետեւ արդեն վարկաբեկման թեմաները սկսվել են: Որպես կանոն` թիրախ է ընտրվում ոստիկանությունը, բայց ժամանակը ցույց տվեց, որ ուշացած եւ հին տեխնոլոգիաներ են ոստիկանության վրա բարդել: Ոստիկանության հաշվին դիվիդենտներ շահելը չաշխատեց եւ չի աշխատելու այլեւս, որովհետեւ ոստիկանությունը գործում է պարզ եւ ճշմարիտ», - հայտարարել է ոստիկանապետը. - «Արդեն գնում են խոսակցություններ, որ գյուղերից, շրջաններից մարդկանց են բերում ու գրանցում: Նմանատիպ շինծու ցանկացած խոսակցություններին պաշտոնապես պատասխան տալ, այլեւս չի կարելի հանդուրժել, որ ամեն մեկը իր գործունեությունը, իր հեղինակությունը, իր քարոզարշավը եւ այլ երեւույթները կառուցի ոստիկանության վրա»:

Ոստիկանապետը նաեւ հավաստիացնում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում չեն կրկնվելու նախկինում տեղ գտած թերությունները: Ի դեպ, նա հատուկ անդրադարձել է ընտրատեղամասերի դիմաց կրիմինալի, թաղային հեղինակությունների կուտակումների խնդրին:

«Ես ուզում եմ, որպեսզի այս ընտրությունների ժամանակ ապահովենք մեզ կրիմինալի, հեղինակությունների եւ այլ երեւույթների ամենախայտաբղետ կուտակումներից ընտրատեղամասերի շրջակայքում: Ոստիկանի տեսանելի հորիզոնում պետք է չլինեն կուտակումներ: Եվ պատասխանատվությունը ամեն ժամվա է, մեր վրա է դրված ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը, եւ մենք դա պիտի կատարենք, կատարենք անթերի », - ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը:

Այսօրվա հաղորդագրության մեջ Ոստիկանությունը նաեւ շեշտել է իր «վերքաղաքական եւ վերկուսակցական» լինելը` հայտարարելով, որ գործով ապացուցել է, որ իր խնդիրը հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների անվտանգության ապահովումը:

Ընդդիմադիրները չեն հավատում

Մինչդեռ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը վերապահումով են վերաբերում ինչպես այս, այնպես էլ «պարզ եւ ճշմարիտ» գործելու մասին Ոստիկանության պնդումներին: «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» հետ զրույցում համոզված էր, որ եթե ոստիկանությունը անաչառ եւ թափանցիկ աշխատի, իշխող կուսակցության թեկնածուները պարզապես չեն կարողանա հաղթել ընտրություններում: Նա ընտրացուցակների ուռճացման մասին իրենց մշտական պնդումները համարում է ոչ թե ոստիկանությանը վարկաբեկելու փորձ, այլ «ահազանգ»:

«Ոստիկանապետը փորձում է ուղղակի փրկել իր համակարգի հեղինակությունը, ես դա մարդկայնորեն հասկանում եմ, բայց, ներեցեք, դա իրավիճակից լուծում չէ», - ասաց Սաֆարյանը` շեշտելով. - «Այդ ահազանգը մեկ տեղից չէ, որ գալիս է, եւ արդեն որերորդ ականատեսն ենք տեսնում, որ պատմում է, թե ինչպես Երեւանի հարակից գյուղերի բնակիչներին բերել եւ գրանցել են ինչ-որ հասցեների վրա: Նույնիսկ ոստիկանությունը նախկինում չի հերքել, անզորություն հայտնելով, թե «ես ինչ կարող եմ անել, եթե ինչ-որ մեկը համաձայնվում է, որ իր տան վրա հաշվառվի այլ մարդ»: Այսինքն, ոստիկանությունը, ի տարբերություն Վլադիմիր Գասպարյանի արած այս հայտարարության, նաեւ ունի այլ խոստովանություն անզորության մասին, որ չի կարող դրա դեմ պայքարել: Ես կարծում եմ, որ ոստիկանությունը չի էլ ուզում պայքարել, որովհետեւ եթե ոստիկանությունը կատարի օրինավոր իր բոլոր պարտականությունները, ապա Տարոն Մարգարյանը ոչ միայն ընտրվելու շանս չի ունենա, այլեւ առաջին եռյակում լինելու շանս չի ունենա»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ոստիկանությանը մեղադրում է անգործության մեջ` պնդելով, որ ոչ միայն ոստիկանները չեն միջամտում իշխող կուսակցության համակիրների կողմից իրենց քարոզչությանը խոչընդոտելու փորձերին, այլեւ իրավապահներն են երբեմն խոչընդոտում Կոնգրեսի խաղաղ ակցիաների անցկացմանը: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված իր նամակում վկայակոչել է ապրիլի 17-ին եւ 18-ին Ավանում եւ Կենտրոնում քարոզչության ժամանակ իրենց ակտիվիստներին ահաբեկելու` Հանրապետականի համակիրների փորձերը, սպառնալիքները, քարոզչության դադարեցման պահանջները:

«Ապրիլի 20-ին արդեն Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները խոչընդոտել են Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կողմից Երեւանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ոչ զանգվածային միջոցառում հանդիսացող նախընտրական ակցիայի իրականացմանը: Մասնավորապես, ոստիկանությունը, կոպտորեն խախտելով քաղաքացիների ընտրական իրավունքը, ազատ տեղաշարժի եւ ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու իրավունքները, պատնեշներ է կազմակերպել երթի մասնակիցների առաջ, այնուհետեւ բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հրմշտոց սարքել` նպատակ ունենալով ձախողել նախընտրական ակցիան», - նշել է Զուրաբյանը` եզրակացնելով. - «Քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն, ոստիկանությունը կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները»:

Երեւանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի նախընտրական ցուցակում ընդգրկված Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Վլադիմիր Գասպարյանի նախօրեի հավաստիացումներին կհավատան միայն այն դեպքում, եթե նա պատժի քաղաքապետարանի մոտ ոստիկանների աշխատանքը համակարգած Վալերի Օսիպյանին` նրա այդ օրվա հայտարարությունների համար:

«Օսիպյանն ասում է` «որտեղ կա Հայ ազգային կոնգրեսը, այնտեղ կան անկարգություններ», այսինքն ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունեցող հայտարարություն է: Կարծում եմ, որ Վլադիմիր Գասպարյանը եթե հավատարիմ է իր խոսքերին, եթե դա սպայի խոսք է, ապա առաջին հերթին նա պետք է պատժի Օսիպյանին` նման քաղաքական հայտարարությունների համար: Եթե Օսիպյանը ազատվի աշխատանքից, ես կհամարեմ, որ Վլադիմիր Գասպարյանի խոսքը արժեք ունի», - ասաց Կարապետյանը:

Իշխող Հանրապետական կուսակցությունը «շատ բարձր է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալիզմը, ոստիկանության բարեփոխումները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը, բարոյական կերպարն ու գործունեությունը», «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
XS
SM
MD
LG