Մատչելիության հղումներ

«Լեռնցիների պար»-ի հեղինակը պահանջում է վերականգնել թալանված քանդակը


«Լեռնեցիների պար» քանդակը թալանվել է: Սա պարզ դարձավ մի քանի օր առաջ համացանցում տարածված լուսանկարներից:

Չգործող «Դվին» հյուրանոցի բակում, որտեղ քաղաքացիները կենցաղային աղբ են թափում, գտնվում է նաեւ պատմամշակութային արժեք հանդիսացող քանդակը:

Մոտ մեկ տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանն անդրադարձավ այս քանդակին, որը կարծես շրջափակման մեջ էր գտնվում: Հյուրանոցի տարածքը ցանկապատվել էր, ցանկապատից ներս մնացել էր նաեւ «Լեռնցիների պար»-ը:

Հեղինակ Տիգրան Արզումանյանի խոսքով` 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է քանդակի վայրը փոխելու հարցը, սակայն եզրակացնելով, որ այն համահունչ է հենց տվյալ տարածքին, որոշել են տեղափոխել ոչ թե քանդակը, այլ հյուրանոցի ցանկապատը, որպեսզի «Լեռնցիների պար»-ը տեսանելի դառնա: Դա էլ տեղի չի ունեցել, եւ այժմ, հեղինակի ձեւակերպմամբ, քանդակի մոտ 90 տոկոսը չկա:

«Ցավալի փաստ է, կարծես, իմ կենսագրությունից 10-15 տարի կտրես, դեն գցես», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խոշոր չափերով գողություն հոդվածով: Ըստ մեղադրանքի` գողերը շինություն մուտք են գործել ապօրինի: Սա պատժվում է նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

Որպես հյուրանոցի տնօրեն ներկայացած Տիգրան Սայադյանի հետ կապվել չհաջողվեց: Իսկ Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` պատրաստվում է դիմել կառավարությանը, որպեսզի վերջինս «պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման աշխատանքները»:

Հեղինակը հիշում էր, թե 80-ականներին ինչ դժվարությամբ է կարողացել տեղադրել նման ազատ ոճի քանդակ, որն իր մեջ ազգային տարրեր էր պարունակում:

Դերասան Ազատ Գասպարյանը բարբարոսություն եւ սրբապղծություն որակեց «Լեռնցիների պար»-ի նկատմամբ տեղի ունեցածը` հիշելով, որ դրա մոտ երդվում էին արցախյան պատերազմին գնալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG