Մատչելիության հղումներ

ՀՀԿ–ն «հիմնավորումներից զուրկ» է որակում Պետդեպի զեկույցը


Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «փաստարկներից, հիմնավորումներից զուրկ մի զեկույց է» անվանում ԱՄՆ պետքարտուղարության՝ օրերս հրապարակած զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ:

Հիշեցնենք` ապրիլի 19-ին հրապարակված Միացյալ Նահանգների պետքարտուղարության զեկույցում նշված է. – «Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ամենանշանակալի խնդիրները 2012 թվականին` սեփական կառավարությունը փոխելու մարդկանց իրավունքի սահմանափակումն է եղել, կոռուպցիան, կառավարությունում թափանցիկության պակասը եւ դատական համակարգի սահմանափակ անկախությունը»:

«Կարդալուց այնպիսի տպավորություն է, որ Պետդեպը կամ իր փորձագետները նախաքննական մարմնի դեր են ստանձնել եւ տիրապետում են այնպիսի ինֆորմացիայի, ապացույցների, որ հստակ նշում են ինչ-որ պրոցեսներ»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Հովհաննես Սահակյանը, – «Հատկապես խորհրդարանական ընտրությունների հետ, երբ նույն իրենց փորձագետները ե՛ւ շնորհավորել են, ե՛ւ նշել են, որ բավականին լուրջ առաջընթաց կա։ Այս առումով, կարծում եմ, մի փոքր նաեւ անհասկանալի է»։

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարի խոսքով, միեւնույն ժամանակ «այնպես չէ, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության հետ կապված Հայաստանի իշխանությունները մտահոգություններ չունեն». – «Մենք էլ ունենք այդ մտահոգությունը կապված ե՛ւ կոռուպցիայի, ե՛ւ գաղութներում այն իրավիճակը, որոնց հետ կապված մենք որոշակի գործողություններ կատարում ենք եւ բոլորը գիտեն, որ կառուցվում է նոր շենք եւ ինչ–որ առումով նաեւ կբեռնաթափվի»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, սակայն, համոզմուք հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն «արտահայտում է այն իրականությունը, որն առկա է Հայաստանում». – «Երեւի Պետդեպարտամենտի զեկույցները միակ զեկույցներն են հանրապետության վերաբերյալ, որ լրիվ արտահայտում են իրականությունը։ Այն բարեփոխումները, որոնք ասվում են կամ արվում են, վերջանում են ինչ–որ կոնֆերանսներով կամ սեմինարներով։ Իրականում ոչ մի բարեփոխում չի կատարվում, իրոք դատական համակարգը լրիվ կոռումպացված է, հեռախոսային իրավունքը աշխատում է շատ լուրջ՝ վերեւից զանգեր են կատարվում եւ հրամաններ են իջեցվում դատարան»։

«ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, ըստ էության, մեր իրականության հայելային արտացոլքն է»,- իր հերթին` մեզ փոխանցեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը. – «Որեւէ դրական տեղածարժ չկա, բայց կան փոփոխություններ։ Այդ փոփոխությունները չի կարելի դրական տեղաշարժ համարել։ Հայաստանը շարունակում է ունենալ քաղբանտարկյալ։ Մի դեպքում ընտրությունները կեղծում են բռնի ուժով, մյուս դեպքում լցոնումներով, թվեր հայտարարելով։ Այսինքն, վերջին հաշվով իշխանությունները հասնում են իրենց նպատակին, այն է՝ շարունակել մնալ իշխանության եւ ստիպել մարդկանց հասկանալ, որ իրենց դեմ խաղ չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG