Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) այսօր տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները եւ բացատրությունները:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ԹԻՀԿ-ն դիմել է դեռ 2012թ. դեկտեմբերի 17-ին` հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» եւ «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները:

Ըստ օրաթերթի, Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ նույն աղբյուրի ՊԵԿ նախագահի անվան հետ են կապվում նաեւ այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ««Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում եւ արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը եւ այլն»:

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման եւ միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը եւ լիազորությունները:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG