Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան օգնության կրճատումը «ընտրությունների հետ կապ չունի»


«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը վստահ է, որ 2014 թվականին Հայաստանի տրամադրվող ամերիկյան օգնությունը ռեկորդային չափով կրճատելու` Սպիտակ տան որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի:

«Այս գումարը ոչ մի կապ չունի ընտրությունների կամ այլ քաղաքական հաշիվների հետ, որովհետեւ միայն Հայաստանի հարցը չէ, այլ աշխարհի բոլոր երկրների համար է կրճատում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրը,- «Իսկ եթե քաղաքական պատճառներով լիներ որեւէ որոշում, տրամաբանությունը մեզ կուղղեր այդ ուղղությամբ, որ պետք է գումարը ավելացվեր եւ ոչ թե կրճատվեր, որովհետեւ ամերիկյան կառավարությունը ասել է, որ ընտրությունները ավելի լավ էին, քան թե անցյալին»:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Սպիտակ տունը հրապարակեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը` առաջարկելով կրճատել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը միանգամից մոտ 40 տոկոսով` 40 միլիոնից հասցնելով 25 միլիոն դոլարի: Եթե օրենսդիրները հաստատեն նախագահ Օբամայի այս առաջարկը, ապա հաջորդ տարի Երեւանը Վաշինգտոնից կստանա ամենաքիչ օժանդակությունը 1988 թվականի երկրաշարժից ի վեր:

Հարութ Սասունյանը, սակայն, փաստում է, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններն արդեն իսկ մեծ աղմուկ են բարձրացրել եւ դիմել են հայամետ կոնգրեսականներին` Օբամայի առաջարկած 25 միլիոն դոլարի փոխարեն Հայաստանին երկու անգամ ավելի շատ` 50 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքով: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը` ամերիկահայ գործիչը վստահ է` փաստաթղթի վերջնական տարբերակում կամրագրվի միջին որեւէ թիվ Օբամայի առաջարկած նվազագույնի եւ հայ համայնքի պահանջած առավելագույնի միջեւ:

«Ոչ մեկը այս պահին չի իմանում, թե վերջնական գումարը ինչ պետք է լինի: Մի տեսակ առեւտուր է: Մենք միշտ ավելին ենք ուզում, Սպիտակ տունը` նվազագույնն է առաջարկում, Կոնգրեսը միջին ճանապարհ է գտնում հայության փափագի եւ Սպիտակ տան նվազագագույն առաջարկի միջեւ», - ասաց ամերիկահայ խմբագիրը:

Նշենք, որ 2014 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները Միացյալ Նահանգների Կոնգրեսում կշարունակվեն եւս մի քանի ամիս: Փաստաթղթի վերջնական տարբերակը, ինչպես նաեւ Հայաստանի հատկացվող օգնության չափը, ըստ Սասունյանի, հայտնի կդառնա միայն ամռանը:
XS
SM
MD
LG