Մատչելիության հղումներ

Ապրիլի 20-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր հրավիրած քաղաքացիական համաժողովի ընթացքում հայտարարել է Նոր Հայաստան շարժման ձեւավորման մասին: Սա նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործունեության եզակի կոնկրետ դրվագներից մեկն է, ինչը սակայն կարելի է համարել բավական ուշացած: Այդ կոնկրետությունը, հատկապես շարժման կազմակերպական մասով, պահանջվում էր շատ ավելի շուտ, ինչի արդյունքում հավանաբար հնարավոր կլիներ խուսափել նաեւ ապրիլի 9-ի անիմաստ իրարանցումից: Մյուս կողմից իհարկե, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Բայց Նոր Հայաստանի հռչակումն, իհարկե, գործի կեսն է միայն, անգամ կեսն էլ չէ, քանի որ այդ հռչակագրերի տակ պետք է պատկերացնել կոնկրետ կառուցվածք, կոնկրետ գործ: Պատկերացնո՞ւմ է դա Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ ոչ, նրա հրավիրած քաղաքացիական համաժողովի ընթացքից, այդ համաժողովի ընթացքում նրա ելույթից շատ դժվար էր ասել»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Հայ հասարակությանն այսօր հուզող հարցերից մեկը կադրերն են, մասնավորապես՝ կառավարության հարցը: Մարդիկ բաժանվել են երկու բանակի. մի մասը ցնծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մնալու է, մյուս մասը՝ ողբում: Եթե հետեւենք երկրի տնտեսական վիճակին, մարդկանց կենսամակարդակի ցուցանիշներին, արտագաղթի տեմպերին ու հասարակության տրամադրություններին, ապա վարչապետին պահելու որոշումն առավել քան անբացատրելի է: Եթե այն, ինչ ունենք, համարվում է տնտեսական հաջող քաղաքականություն, կառավարության կողմից իր առջեւ դրված խնդիրների լուծում, ապա այդ դեպքում որո՞նք են ձախողումն ու անհաջողությունը: Ինչպե՞ս կարող են տնտեսական աճն ու զարգացումը որեւէ կերպ չանդրադառնալ մեր կյանքի վրա: Եվ եթե հինգ տարում այդ աճն ու զարգացումը նկատելի չեն, ապա որքա՞ն պետք է սպասենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարության արձանագրած հաջողությունների պտուղները տեսանելի լինեն»:

Վարչապետի վերանշանակմանն է արդրադառնում նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Եթե նախագահը վարչապետին վերհաստատում է այդ պաշտոնում, նշանակում է կամ գոհ է նրա աշխատանքից, կամ երկրի վիճակն այնպիսին է, որ ցանկացած ուրիշին նշանակելու դեպքում ավելի վատ կլիներ: Հարց է ծագում` ո՞ր տարբերակի հետ գործ ունենք այս դեպքում: Ենթադրենք` Սերժ Սարգսյանը գոհ է վարչապետի աշխատանքից. հնարավո՞ր է արդյոք այդպիսի բան: Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին Հայաստանի տնտեսությունը չի աճել, բնակչության թիվը նվազել է մոտ 8 տոկոսով, այսինքն` երկրից արտագաղթել է Ղարաբաղի բնակչությունից երկու անգամ ավելի շատ մարդ: Աղքատության մակարդակը 23 տոկոսից հասել է 35-ի: Երկրի արտաքին պարտքը եռապատկվել է: Հայաստանում մնացած բնակչության 80 տոկոսը, բառի բուն իմաստով` տոկոսի տակ է, ունեցած-չունեցածը գրավ է դրել բանկերում, որ մի կերպ գոյատեւի եւ այլն: Սրանք են Տիգրան Սարգսյանի հնգամյա գործունեության հիմնական արդյունքները»: «Մնում է երկրորդ տարբերակը, այն է` Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իր իշխանության օրոք ով էլ վարչապետ լինի, ավելի վատ է լինելու», - ամփոփում է թերթը:

«Ազգ» թերթը, մինչդեռ, Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում «սպասելի եւ հիմնավորված» է համարում. - «Կառավարության վերջին 5 տարիներին իրականացրած միջոցառումներից մեր նշածները բավարար են հասկանալու, թե ինչու էր սպասելի Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելը: Առաջիկա 5 տարիներին պետք է ակնկալել, որ այս ուղղությամբ նոր քայլեր պետք է կատարվեն: Արդյունաբերությունից եւ գյուղատնտեսությունից բացիՙ անհրաժեշտ է խթանել 2000-ականներին երկնիշ տնտեսական աճ եւ հազարավոր աշխատատեղեր ապահովող շինարարությունը, մեղմել եկամուտների բեւեռացումն ու կրճատել աղքատությունը, շարունակել գործարար միջավայրի բարելավումը, պարզեցնել այն պետական ծառայությունները, որտեղ պահպանվում են քաշքշուկները, ամենակոռումպացված` դատական եւ դատախազական համակարգում իրականացնել արմատական բարեփոխումներ: Սա փոփոխությունների այն ոչ ամբողջական ցանկն է, որ մեր երկրի բնակչությունը սպասում է հին-նոր վարչապետից եւ կառավարությունից»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում նկատում է. - «ՀՀԿ-ն չէր ցանկանա, որ մայրաքաղաքային ավագանու ընտրությունները քաղաքականացվեին. «Երեւանի ընտրությունները մենք դիտարկում ենք այլ հարթության մեջ, այդ ընտրությունները մեծ առումով քաղաքական չենք համարում: Եթե կան քաղաքական թիմեր, որոնց համար այս ընտրություններն ինքնահաստատվելու վերջին շանսն ու հարթակն են, եւ նրանք փորձում են քաղաքական առումով դրսեւորվել, ապա մենք կարծում ենք, որ ավագանու ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, որոնցում թեկնածու պետք է լինի քաղաքային տնտեսությունն ավելի ճիշտ կառավարելու, ղեկավարելու փորձ ու կարողություն ունեցող անձը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG