Մատչելիության հղումներ

Ավարտվեց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը


Երեւանում կայացած Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 5-րդ փուլն ավարտվեց Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ եւս 2 գլուխների համաձայնեցմամբ, որոնք վերաբերում են էներգետիկային եւ վեճերի լուծման մեխանիզմներին:

Շուրջ 900 էջանոց փաստաթուղթը քննարկվում եւ բանակցվում է արդեն մեկ տարուց ավելի, հայկական կողմը հույս ունի ավարտել բանակցությունները մինչեւ տարեվերջ:

Համաձայնագրի լիարժեք կիրառման դեպքում Հայաստանը կկարողանա Եվրոպայի հետ առանց մաքսատուրքերի առեւտուր իրականցնել, սակայն հայկական կողմը, գլխավոր բանակցող, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով, ջանում է կտրուկ փոփոխություններից զերծ մնալ՝ տեղական արտադրողներին չվնասելու համար. - «Հենց համաձայնագիրը ուժի մեջ մտավ, փոխադարձաբար մաքսատուրքերը պետք է զրոյացվեն: Հայկական ծագման ապրանքները Եվրոպական միություն ներմուծվելիս, այնտեղ պիտի մաքսատուրք չգանձվի, եւ մի զգալի հատվածի համար… մենք չպիտի մաքսատուրքեր գանձենք»:

Հայաստանը ցանկանում է Եվրոպայից ներկրվող 4-5 տոկոս ապրանքների համար նախնական շրջանում ստեղծել անցումային շրջան: Այսինքն նախատեսվում է, որ որոշ ապրանքների դեպքում մաքսատուրքերի զրոյականացումը միանգամից չի կիրառվի: Ամենաարագ բարեփոխվող ոլորտը կարող է եւ պետք է լինի սննդի անվտանգությունը. Սա նույնպես Հայաստանի պարտավորվածություններից է եվրոպական շուկային միանալու համար:

«Սննդի անվտանգության ոլորտում աշխատանքը շատ ծավալուն է, որովհետեւ խոսքը սնունդը կամ բույսը աճեցման վայրից մինչեւ արտադրություն, փաթեթավորում եւ այլն, այդ ամբողջ ցիկլը որոշակի նորմերին համապատասխան անելու մասին է», - պարզաբանեց Մելքոնյանը:

Հայկական կողմի գլխավոր բանակցողն ասում է, որ ստանդարտացման, մտավոր սեփականության պաշտպանության եւ սննդի անվտանգության ոլորտում բարեփոխումները սկսվել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններից էլ վաղ: Հայաստանը գիտեր, թե որ ոլորտներն են դրվելու բանակցային սեղանին եւ որ փաթեթները պետք է քննարկվեն եւ բարեփոխվեն՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե տնտեսական մրցակցային դաշտ ապահովելը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համար պարտադիր պայման չէ, Գարեգին Մելքոնյանը արձագանքեց, որ բանակցողների հիմնական խնդիրը մաքսատուրքերի զրոյականացումն է:

Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Հրանտ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մենաշնորհների վերացումն ու մրցակցային տնտեսական դաշտը պարտադիր պայմաններ են Հայաստանի համար:

«Համաձայնագրի 10 հիմնական գլուխներից մեկը վերաբերում է մրցակցությանը: Առանց բավարար մրցակցության դաշտի ապահովման, Հայաստան - Եվրամիություն Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը չի կարող իրականություն լինել», - ասաց Կոստանյանը` շեշտելով, որ մրցակցության վերաբերյալ հոդվածները այդ համաձայնագրում «իրավաբանորեն պարտավորեցնող. են». - «Հայաստանը նաեւ պարտավորված է լինելու իրականացնել եւ որդեգրել եվրոպական գրեթե ամբողջ օրենսդրությունը, որը միտված է մրցակցության արդար դաշտի ստեղծմանը»:

Փորձագետի պնդմամբ` առանց Հայաստանում մրցակցային դաշտի ապահովման եւ մենաշնորհների վերացման, եվրոպական կողմը չի բացի իր շուկան Հայաստանի համար:.

Բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին՝ Բրյուսելում:
XS
SM
MD
LG