Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ստեղծել «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում, որը պետք է ուղղորդի Հովհաննիսյանի առաջնորդած շարժումը:

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները` համարելով դրանք կեղծված:

«Հայաստանում ստեղծված քաոսային վիճակը, օրըստօրե խորացող արտաքին ճնշումները հրամայաբար պահանջում են անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, եւ դրանցից մեկը ժողովրդի ճնշող մեծամասնության պահանջով ու իմ գործուն եւ համեստ եւ շարքային մասնակցությամբ ձեւավորվելիք «Բարեւի հեղափոխության» ժառանգորդ հանդիսացող Նոր Հայաստանի համազգային պայքարն է, որ կոչված է լինելու տեսանելի ժամանակահատվածում վերածվել համազգային հզոր շարժման եւ դառնալ արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխիկ վարչակարգի օրհասը», - ուրբաթ երեկոյան Երեւանի «Անի» հյուրանոցում հրավիրած քաղաքացիական, ազգային համաժողովում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հավելեց, թե այսպիսով իրենց պայքարը թեւակոխում է հաջորդ փուլ:

«Ժառանգության» ղեկավարը մանրամասնեց, որ այսուհետեւ իր առաջնորդած շարժումը ստեղծելու է կազմակերպչական մարմիններ` «ժողովրդական կորիզներ»:

«Սա վերկուսակցական միավորում է, եւ ավելի շատ լինելու է քաղաքացիների կամ քաղաքացիական դաշինք, որին կարող են անդամագրվել նաեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ` անխախտելի մի պայմանով, որ պայքարի մղումը բարձր է դասվելու իր կուսակցական շահախնդրություններից եւ համադասվելու է համատեղ պայքարի ողջ ընթացքին»,- շարունակեց Հովհաննիսյանը:

«Ժողովուրդը ինքը իշխանությունը կվերցնի առանց անհատի բացարձակ դերակատարության, եւ մեր ստեղծումը ռազմավարական հենց այդ նպատակն է հետապնդում, ուստի առաջարկում եմ ձեզ, առաջին` մեր հետեւողական քայլերով, կառուցիկ տրամաբանությամբ, ձեւավորել կազմակերպված ժողովրդական կորիզներ Հայաստանի քաղաքներում, սփյուռքի մեծ ու փոքր բնակավայրերում, տեղական մարմիններ բոլոր հարթակներում: Այս պայքարը պահանջում է նվիրյալներ, բացարձակ պայքարի ձգտող անհատներ, խմբեր, կառույցներ, միասնական ուղիղ կապ Հայաստան - Սփյուռք սկզբունքով: Երկրորդ` բռունցքը պե´տք է լինի. եւ դա պարտավոր է լինել ազնիվ, եւ բարոյական, մեծ եւ տարածական, ընդգրկող եւ ոչ թե բացասող: Երրորդ` պայքարը լինելու է բազմակողմանի, բազմահարթ: Ցանկացած միջազգային ամբիոնից ժողովրդի ձայնը հնչելու է, կապ չունի այն պաշտոնական է, թե արարողակարգային: Միջոցառումներ նաեւ Արցախում, Սփյուռքի մեր բոլոր համայնքներում»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը դիմեց «բոլոր օրինական ընտրված, բայց ցավոք չպաշտոնավարած նախագահներին», ինչպես նաեւ ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններին` «կազմավորել «Նոր Հայաստանի» համաքաղաքացիական շարժում», որը պետք է միտված լինի մի խնդրի` «հետամուտ լինել կլանային, օլիգարխիկ բուրգի` ներկայիս իշխանությունների ապօրինի կառույցի կազմաքանդմանը»:

«Մենք այլեւս չենք սպասելու եւս հինգ տարի»,- իր ելույթը եզրափակելով` ասաց «Ժառանգության» առաջնորդը` կոչ անելով Սերժ Սարգսյանին ինքնահրաժարվել իր իշխանությունից:

Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի 22-27-ը (բացառությամբ` ապրիլի 24-ի) տեղի են ունենալու մարզային ժողովներ, որոնց հանրագումարում կկայանա «հաղթական մայիսի 9-ի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում»:

Այլ քաղաքական ուժերից համաժողովին ներկա էին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, նախկինում ՀՀՇ անդամ Հովհանես Իգիթյանը, ով միացավ «Նոր Հայաստանին», «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանվել Գասպարյանը:

Խորհրդարանական քաղաքական ուժերից համաժողովին ներկա էր միայն Դաշնակցությունը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կոչ արեց իշխանությունը վերադարձնել ժողովրդին` պահանջելով հրաժարվել նախագահական համակարգից եւ «արագորեն անցնել» խորհրդարանական համակարգի, որից հետո պետք է կայանան խորհրդարանական նոր ընտրություններ:

«Ընդդիմությունը պետք է ունենա հնարավորություն իշխանություններին հակակշռել: Եվ ամեն մի իշխանություն այդ համարձակությունը պիտի ունենա: Եթե դու պայքարում ես կոռուպցիայի դեմ, ուրեմն տուր` այդ պայքարը ղեկավարի նա, ով ավելի շահագրգիռ է քո կոռուպցիոն երեւույթները բացահայտելու: Եթե դու դա չես անում, ուրեմն սուտ է այդ պայքարը: Չի կարող կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարը լինել վարչապետը. հենց իրենք են այդ կոռուպցիան այս երկրում սահմանել»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Ելույթից հետո Ռուստամյանին հարցրեցինք, թե ՀՅԴ-ն միանո՞ւմ է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած «Նոր Հայաստան» վերկուսակցական կառույցին:

«Այդ կառույցը ստեղծելու հետ կապված` բազմիցս մենք դրա մասին խոսել ենք, մնացածն արդեն դետալներն են. տեսնենք ինչպես են պատկերացնում: Լավ կլինի, որ ամեն ինչ մենք իրար հետ քննարկելով, համաձայնեցնելով անենք», - պատասխանեց դաշնակցական գործիչը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG