Մատչելիության հղումներ

Տուժող կողմը միջնորդում է հարցաքննել Ռուբեն Հայրապետյանին


Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատավարությունը:

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին:

«Նա [Ռուբեն Հայրապետյանը] հստակորեն տիրապետում է տեղեկատվության, որը այս դատաքննության ընթացքում հետազոտված երեւէ ապացույցից հնարավոր չէ ձեռք բերել», - փաստարկեց Վահե Գրիգորյանը:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի անունն առաջինն է նշված տուժող կողմի փաստաբանների կազմած դատակոչի լրացուցիչ ցուցակի մեջ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ պնդումը քննարկելուց խուսափեց մի քանի անգամ:

Իսկ ամբաստանյալների հարազատները, լսելով Ռուբեն Հայրապետյանին դատարան հրավիրելու պնդումը, ակնհայտորեն դժգոհություն հայտնեցին նիստերի դահլիճում: Դատավորը զսպվածության կոչ արեց:

Դատավոր Դավիթ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանի հարցին անդրադառնալու փոխարեն անդրադարձավ տուժող կողմի ներկայացրած դատակոչի լրացուցիչ ցուցակում ընդգրկված մյուս անձանց, որոնց վերաբերյալ, ըստ դատավորի, գործի նյութերում տեղեկություններ չկան: Նաեւ ասաց, որ անհրաժեշտ է մեկ առ մեկ յուրաքանչյուր անձի որպես վկա հարցաքննելու անհրաժեշտությունը հիմնավորել՝ մատնանշելով, թե կոնկրետ որ հանգամանքները պարզելու նպատակով է պետք հրավիրել դատարան:

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ ժամանակ է անհրաժեշտ վկաներից յուրաքանչյուրին հրավիրելու հիմնավորումների համար:

Իսկ Վահե Գրիգորյանը շարունակեց. - «Կոնկրետ այս պահի դրությամբ ես վստահորեն մատնանշում եմ Ռուբեն Հայրապետյանին կանչելու եւ հարցաքննելու միջնորդության վրա»:

Բայց դատավորն այդպես էլ որոշում չկայացրեց Ռուբեն Հայրապետյանին հրավիրել-չհրավիրելու մասին: Որոշեց հրավիրել 3 այլ վկաների՝ «Հարսնաքար»-ի մենեջեր Դավիթ Հայրյանին, մատուցողներ Մանուկ Մնացականյանին եւ Գեւորգ Մելիքյանին:

Այսօրվա դատական նիստի ժամանակ նկատելի էր ամբաստանյալների փաստաբանների դժգոհությունը՝ լրացուցիչ տասնյակ վկաների, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննության վերաբերյալ: Անգամ Գարիկ Մարգարյանի եւ Նորայր Հայրապետյանի պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Երեմ Սարգսյանը դատական նիստի ժամանակ ներկայացրին, այսպես ասած, միջնորդություն՝ այդ փաստաբանների ձեւակերպումներով՝ «Հարսնաքար»-ի կողքի շենքերի բնակիչներին, «ամբողջ Ավան համայնքին» իբրեւ վկա հրավիրելու վերաբերյալ:

Ի դեպ, Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչն այսօր դատարան ներկայացրեց Վիեննայի համալսարանի պրոֆեսորների եզրակացությունը, ըստ որի՝ վնասվածքաբան Շարուսը եւ նյարդաբան Մատոլուն, ուսումնասիրելով Վահե Ավետյանի բժշկական փաստաթղթերը՝ եզրակացրել են, որ Վահե Ավետյանի ուղեղը մահացել է վնասվածք ստանալու պահին:

Փաստաբան Վահե Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այս եզրակացությունը փաստում է, որ Վահե Ավետյանի մահվան համար անհրաժեշտ էր առաջադրել սպանության մեղադրանք: Մինչդեռ, 6 ամբաստանյալներին առաջադրվել է ավելի մեղմ մեղադրանք՝ Վահե Ավետյանին եւ մյուս տուժողներին ծեծելու, Ավետյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ նրա մահն առաջացնելու համար:

Դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 26-ին:
XS
SM
MD
LG