Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններին «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորում է 28-ամյա Մեսրոպ Առաքելյանը:

Առաքելյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է ԵՊՀ-ում: Առաջադրվել է ընտրություններում, քանի որ կարծում է, որ նոր սերունդը պետք է իր խոսքն ասի եւ փոփոխություններ բերի քաղաքական եւ քաղաքային կյանքում:

«Առաքելություն» կուսակցությունը մի քանի ամսվա պատմություն ունի: Իրենց հիմնական առավելություններից մեկը նրանք համարում են այն, որ կուսակցության անդամները երիտասարդ են, նախկինում որեւէ կուսակցական չեն անդամակցել, ցանկանում են նոր սերնդի ձայնը լսելի դարձնել նաեւ քաղաքականությունում:

Կուսակցության ավագանու ընտրացուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանի խոսքով, իրենք քարոզարշավը հիմնականում իրականացնում են բակային հանդիպումների տեսքով, նաեւ փողոցներում բաժանում իրենց նախընտրական բուկլետները: Հարցեր նույնպես լինում են: Հիմնականում մարդկանց հետաքրքրում է, թե ով է կանգնած քաղաքական ուժի հետեւում, ինչին իրենք պատասխանում են, որ անկախ ուժ են եւ «մեջք» չունեն:

Մանուկ Սուքիասյանի խոսքով, իրենց ծրագիրը օրիգինալ է եւ ուղղված է քաղաքային կյանքը ավելի հարմարավետ դարձնելուն: Հենց նախընտրական ծրագիրն էլ իրենց հիմնական առավելությունն են համարում այս ընտրություններում. - «Համատիրությունների վերացում. ոչ ոք գոհ չէ դրանց աշխատանքից, նրանց լիազորությունները կփոխանցենք վարչական շրջաններին: Երթուղային գծերը կշահագործվեն բացառապես Երեւանի քաղաքապետարանի կողմից: Երթուղային գծերը, որոնք եկամտի միջոց են, անհասկանալի է, թե ինչու պետք է տալ մասնավոր սեկտորին, որոնք էլ դրանք շահագործում են խայտառակ որակով: Արմատական փոփոխությունների կենթարկվի նաեւ Երեւանի էկոլոգիական վիճակը»:

Սուքիասյանի խոսքով, իրենց կուսակցությունը լուրջ ծրագրեր ունի, մասնակցելու են թե' խորհրդարանական եւ թե' նախագահական ընտրություններին:

«Առաքելություն»-ում վստահ են, որ ավագանու ընտրությունները քաղաքական են, քանի որ հանրապետության ամենամեծ բնակավայրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը: Իրենց հիմնական մրցակիցը իշխող կուսակցությունն են համարում, հենց այդ նպատակով էլ մյուս ընդդիմադիր ուժերին համագործակցելու եւ միասնական թեկնածու առաջադրելու առաջարկ են արել:

«Առաքելության» այս առաջարկին դեռեւս ոչ մի կուսակցություն չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG