Մատչելիության հղումներ

Հալեպում հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ դեռեւս լուր չունեն վերջին վեց ամիսներին առեւանգված վեց սիրիահայերից:

Ռեսիյանն ասում է, թե պարզ չէ նրանց գտնվելու վայրն ու այն, թե կոնկրետ ովքեր են առեւանգողները՝ ապստամբները, թե` հանցագործներ:

Որեւ լուր չկա, մասնավորապես անցած աշնանն առեւանգված հայերից: Հիշեցնենք, հոկտեմբերի վերջին Բեյրութից Հալեպ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսի` գերեվարված 10 ուղեւորներից յոթը հայեր էին: Անցած ամիսներին ազատ են արձակվել նրանցից երեքը, չորսը շարունակում են գերի մնալ: Ռեիսյանն ասում է, որ չորսից երեքի տվյալներն են հստակ, նրանց հարազատները շարունակում են որոնման աշխատանքները, իսկ մյուս հայի մասին քիչ բան է հայտնի, քանի որ նրան որոնող չկա:

Տեղեկություններ չկան նաեւ հունվարի 23-ին առեւանգված հայից, ում պատանդ էին վերցրել Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսից: Ռեիսյանի կարծիքով, առեւանգողները, ամենայն հավանականությամբ, զինյալներ էին:

Հարազատները լուր չունեն նաեւ մարտի 26-ին Հալեպում առեւանգված ավտոմասերի վաճառական Հարութ Թյուֆենկչյանից: Թյուֆենկչյանի հետ առեւանգված ֆաբրիկատեր Արտո Ստամբուլյանը ազատ է արձակվել:

Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով, սիրիական հակամարտության հետեւանքով գերեվարվել է մի քանի տասնյակ սիրիահայ:

Շարունակվող հակամարտության հետեւանքով Հալեպում, որտեղ կենտրոնացած է սիրիահայ համայնքը, անվտանգության ապահովումն ու սննդի ձեռքբերումը այն երկու կարեւորագույն հարցերն են, որոնք մտահոգում են ինչպես սիրիացիներին, այնպես էլ հայկական համայնքին:

Ռեիսյանը ասում է, որ հայկական համայնքին աջակցելու նպատակով ստեղծված շտապօգնության շտաբը շարունակում է սննունդ հատկացնել դրա կարիք ունեցող հայերին: Նա նշում է, որ Հալեպում սով չկա, բայց սնունդը թանկացել է մի քանի անգամ՝ բարդացնելով սոցիալ-տնտեսական վիճակը:

Նշենք, որ անցած տարեվերջից փակված Հալեպի օդանավակայանը դեռեւս չի աշխատում: Ինչպես նշում է Բերոի թեմի բանբերը, կառավարությունն, ամենայն հավանականությամբ, այն չի բացում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով օդանավակայանին կից տարածքներում կառավարական ու ընդդիմադիր զորքերի միջեւ շարունակվող բախումները: Այն սիրիահայերը, ովքեր մտադիր են տեղափոխվել Հայաստան, ստիպված են կտրել-անցնել Սիրիայից Հայաստան բերող ցամաքային վտանգավոր ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG