Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ի համար վարչապետի վերանշանակումը «սպասելի էր»


ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյան

ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյան

«Ակնհայտ է, որ այս կառավարությունը այս վարչապետի գլխավորությամբ 2008 թվականի իր հնգամյա ծրագիրը ձախողել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հավելելով. - «Ցավոք, որեւէ դրական բան չենք կարող ասել»:

Տիգրան Սարգսյանի վերանշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում, Վարդանյանի խոսքով` «շատ սպասելի էր». - «Եվ կանխատեսելի էր, որ այլ բան չեն ունենալու: Թերեւս ելք չունեն, թերեւս մարդիկ չունեն, թերեւս ներքին խնդիրներ ունեն եւ չեն կարողանում կարգավորել, եւ սա ամենաանշառ տարբերակներ է գուցե իրենց համար: Բայց դա չի կարեւորը: Կարեւոր գիտակցումն է առկա խնդիրների եւ համարձակությունը այդ խնդիրները դնելու եւ լուծելու: Մենք ճանապարհը ցույց ենք տվել եւ պատրաստ ենք պարբերաբար ասելու մեր պատկերացումները զարգացումների վերաբերյալ»:

Հարցին, թե ինչ փոփոխություններ է տեսնում նոր կառավարության կազմում, դաշնակցական գործիչը պատասխանեց. - «Եթե նայենք կառավարության կազմին, ապա նրանց մի զգալի մասը պրոֆեսիոնալ աշխատող մարդիկ են, իրենց ոլորտներին գիտակ: Բայց մի բան է անձի խնդիրը, մի բան է համակարգի խնդիրը: Մենք ունենք խայտառակ համակարգ, եւ սա է, որ թույլ չի տալիս փոփոխություններ իրականացնել: Կկարողանա՞ն կառավարությունը, Հանրապետության նախագահը խնդիրներն այնպես դնել, որ այդ խնդիրները լուծելի լինեն, կհաղթահարե՞ն իրենց ներքին տարբեր մտածողությունները, ներքին իրենք հակասությունները` դժվարանում ես ասել: Այս ամեն ինչը քաղաքական մեծամասնության խնդիրն է: Բայց որ երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, ակնհայտ է»:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով, իրենց համար շատ սպասելի էր Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում:

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյան

«Նախ, մենք չենք համարում Սերժ Սարգսյանի ընտրությունը լեգիտիմ, եւ նրա կողմից նշանակված կառավարությունը նույնպես այդ լեգիտիմությունը չի ունենա: 5 տարվա ընթացքում այս կառավարությունը որեւէ քայլ չի կատարել ժողովրդին ընդառաջ, որեւէ քայլ չի կատարել, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը: Մենք հասկանում ենք, որ իրականում ոչինչ չի փոխվել եւ չի փոխվելու»:

Կառավարության հնգամյա ծրագիրը ձախողված է համարում նաեւ Հայաստանի նախկին վարչապետ, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին Բագրատը գրել է. - «Հիշեցնեմ, որ վերանշանակվում է մի մարդ, որի օրոք Հայաստանի տնտեսությունը 5 տարում երկու անգամ աճելու փոխարեն գրեթե նույնն է մնացել: Ինչ վերաբերում է 7.2 տոկոս աճին, ապա այն բլեֆ է… Ստացվում է` ոչ մի փոփոխություն էլ չի լինելու: Չեմ հասկանում` մարդ չունե՞ն»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով` վարչապետի վերանշանակումից ո'չ ոգեւորված են, ո'չ էլ հիասթափված:

«Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան

«Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան

«Ընդունում ենք ի գիտություն, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունն է, եւ իրենց որոշելիք խնդիրն էր նշանակել վարչապետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բիշարյանը:

Նրա փոխանցմամբ, նոր ձեւավորվելիք կառավարությունում պորտֆելների հարց չեն քննարկել. - «Բայց որպես նորանշանակ վարչապետ, ունենք ակնկալիքներ: Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այն մասին, որ կան բազմաթիվ հղփացած եւ հոգնած կադրեր, որոնցից պետք է ազատվեն, որոնք արդեն զայրույթ են առաջացնում հանրության մոտ: Ես կուզենայի, որ վարչապետը կատարեր այդ համարձակ քայլերը: Մենք դա ակնկալում ենք իրենից. համարձակ բարեփոխումներ»:


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ռուբիկ Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ռուբիկ Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Ազգային Ժողովի նույնանուն խմբակցության ղեկավար, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի խոսքով, Տիգրան Սարգսյանի վերանշանակումն անակնկալ չէր իրենց համար:

«Բայց նաեւ էական չէ, թե ում են նշանակում վարչապետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Հակոբյանը` փաստարկելով. - «Որովհետեւ ըստ էության այս համակարգում որեւէ մեկը ոչինչ չի կարող փոխել: Հարցը շատ ավելի խորքային է, համակարգի հարցն է»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյան

«Այս կառավարությունը, այս վարչապետով երկիրը տանում են սոցիալ-տնտեսական փակուղի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ Տիգրան Սարգսյանի վերանշանակումն իրենց համար եւս անակնկալ չէր. - «Եթե ահագնացող արտագաղթը, ահագնացող աղքատությունը, ահագնացող գործազրկությունը, երկրի արտաքին պարտքի եռապատկումը, նվազագույն աշխատավարձի դոլարային արտահայտությամբ 3.8 տոկոս նվազելը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի նվազումը 14 տոկոսով, այս ամենը համարվում է լավ արդյունք, որի համար պիտի մարդուն վերանշանակեն, ուրեմն այստեղ ցանկացած տրամաբանական բացատրություն ուղղակիորեն անիմաստն է»:

Ի դեպ, այսօր նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման կապակցությամբ իր մոտ է հրավիրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, հրավերն ընդունել ու նախագահի հետ հանդիպել են ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները: «Ժառանգություն»-ն ու Հայ Ազգային Կոնգրեսը նախագահի հետ չեն հանդիպել: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը դեռ երեկ է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ հայտնել իրենց կարծիքը Տիգրան Սարգսյանի վերանշանակման հետ կապված:
XS
SM
MD
LG