Մատչելիության հղումներ

Օհանյանը Լիտվայում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Լիտվայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը եւ կարեւորել են համագործակցության զարգացումը ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության, փորձագիտական խորհրդատվության եւ այլ ոլորտներում:

Նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել ձեւավորել եւ զարգացնել նաեւ համագործակցությունը կիբեր անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման եւ էներգետիկ անվտանգության ոլորտներում: Երկուստեք կարեւորվել են բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` բազմազգ միջազգային գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը, համագործակցությունը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը այցելել է նաեւ Լիտվայի Սեյմ, որտեղ կայացել են նրա հանդիպումները Սեյմի փոխնախագահի, ազգային անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաղաղի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի հետ:

Այսօր Լիտվայի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-լիտվական հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակ, ԵՄ Արեւելյան գործընկերության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության զարգացման ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը այցելել է նաեւ գեներալ Յոնան Զեմաիտիսի անվան Լիտվայի ռազմական ակադեմիա, Լիտվայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության պաշտպանների հիշատակին՝ ծաղկեպսակ տեղադրելով նրանց հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG