Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանապետի խոսքով, ոստիկանները չպետք է «անշարժ գույք դառնան»


Վլադիմիր Գասպարյանը պնդում է, որ «եվրադատարաններում կարող են սեւը սպիտակ ներկայացնել»:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով Ներսես Նազարյանի պաշտոնանկության եւ Երեւանի ոստիկանապետի պաշտոնում Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանի նշանակման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, հայտարարեց, որ ինքը շատ լուրջ է մոտենում իր պաշտոնին եւ այն մարդկանցից չէ, որ իր որոշումների համար պատասխանատվություն չկրի:

Աշոտ Կարապետյանը ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի գործով Եվրադատարանի վճռում հիշատակված անձ է: ՄԻԵԴ-ի` անցած տարվա հոկտեմբերին հրապարակված վճռում մեջբերված են Վիրաբյանի վկայությունները, որ ոստիկանության պաշտոնյա Ա. Կ-ն (փաստաթղթում այսպես է անուն-ազգանունը նշված) ոստիկանության Արտաշատի բաժնում 2004 թվականին իրեն դաժան ծեծի է ենթարկել, «մետաղյա առարկայով հարվածել է գոտկատեղից ներքեւ», ծեծի հետեւանքով ինքը «կորցրել է գիտակցությունը»:

Երեւանի ոստիկանապետի պաշտոնում Կարապետյանի նշանակումը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել:

«Ի՞նչ եք կարծում` ես մարդ եմ, ով չի՞ տիրապետում ինֆորմացիային, ի՞նչ է` դուք կարծում եք, ես մարդ եմ, որ կարող եմ նման նշանակում անել եւ ինքս ինձ հակասե՞լ: Լրատվամիջոցը դա կարող է այդպես պատմել, այդպես ներկայացնել: Մտածում եք, որ ես կարող է առանց քննելու, առանց հասկանալու ինչ-որ որոշո՞ւմ կայացնեմ: Ես շատ լուրջ եմ մոտենում իմ պաշտոնին, ես մեծ գերատեսչության ղեկավար եմ, ես չեմ կարող թեթեւամիտ որոշումներ կայացնել ցանկության դեպքում նույնիսկ: Չի կարող խոսքը հակասել արած գործին: Իհարկե, մաքուր է, իհարկե, [նման բան] չկա, իհարկե, ստուգվել է: Ի՞նչ եք կարծում, որ ես մի քանի ժամ թողեցի կադրերի տակ, ինքը գիտե՞ր, որ մնալու է կադրերի տակ: Ես թողեցի կադրերի տակ, որ ինչ կար` ծաղկեր, հասկանայի մի հատ` ինչ էր կատարվում: Ծաղկեց, ճշտեցինք...», - հինգշաբթի երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետը:

Հարցին` այսինքն այդ տեղեկատվությունը չի՞ համապատասխանում իրականությանը, Գասպարյանը պատասխանեց. - «Իհարկե, չի համապատասխանում»:

Անդրադառնալով Եվրադատարանի վճռին` Գասպարյանն ասաց`«եվրադատարաններում մենք գիտենք ոնց է ամեն ինչ տեղի ունենում»:

«Մենք գիտենք նյութերի ընթացքը, մոտեցումները, սկզբունքները, եւ ես գիտեմ կոնկրետ մարդու: Մենք գիտենք, թե ինչպես կարելի է սեւը սպիտակ ներկայացնել, սպիտակը սեւ ներկայացնել: Մենք գիտենք ինչպես կարող ենք մեր եվրոպացի գործընկերների հետ մի բան խոսել, մի ձեւ աշխատել, եւ այդ աշխատանքը ներկայացնեն այնպես, որովհետեւ, եթե իրենք այդպես չներկայացնեն, հանկարծ կարող է մտածեն, որ իրենք ազնիվ չեն: Դրա համար ստիպված ներկայացնում են այդպես: Մենք չէ՞ որ գիտենք այդ տեխնոլոգիաները: Եվ ես այն մարդկանցից չեմ, որ որոշում կայացնելու համար պատասխանատվություն չկրեմ», - հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, Եվրադատարանը այս գործով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեց 31 հազար եվրոյին համարժեք տուգանք վճարել Գրիշա Վիրաբյանին` որպես փոխհատուցում նրան խոշտանգումների ենթարկելու, արդար դատաքննության իրավունքը ոտնահարելու եւ Վիրաբյանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Վլադիմիր Գասպարյանին ուղեկցում էր Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով, սակայն, այդ պահին չցանկացավ հարցազրույց տալ: Հերքելով իր մասին հրապարակումները, նա միայն ասաց, որ իր պարզաբանումները առաջիկա օրերին կներկայացնի:

Ինչ վերաբերում է Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը, Վլադիմիր Գասպարյանը դա հիմնավորեց ոստիկանությունում պարբերաբար փոփոխությունների եւ թարմացումների անհրաժեշտությամբ, ընդգծելով, որ երկար տարիներ նույն պաշտոնում մնալը բավական երկար ժամանակ է:

«Սա աշխատանքային ռեժիմ է, ընդամենը` աշխատանքային ռեժիմ: Կադրերը պետք է փոխվեն, ոստիկանությունը առողջ, շնչող կազմակերպություն է, այստեղ չեն կարող ուղղակի փոփոխություններ չլինել», - ասաց նա:

Երեւանի նախկին ոստիկանապետի պաշտոնանկությունը քաղաքական շրջանակներում անմիջապես կապեցին ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի երթի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ. մինչ Վլադիմիր Գասպարյանի գալը Ներսես Նազարյանն էր համակարգում Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունները:

«Բախումների հետ են կապում, որ ինքը բախումների է տարել, ինչը Ձեզ դուր չի եկել», - դիտարկմանը Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. - «Եկեք ամսի 9-ը թողնենք հանգիստ: Փառք Տիրոջը, որ ամսի 9-ին մենք չունեցանք այն, ինչն արդեն մեզ մոտ սովորություն էր դարձել: Մենք նույնիսկ պաշտոնական հայտարարություն արեցինք: Ես չեմ կարծում, որ ով էլ որ լինի, 10-ը տարի նույն պաշտոնում պետք է մնա: Ես չեմ կարծում այդպես, դա չի կարելի անել, երեք, հինգ տարի` դա անփոխարինելի անձի պայմաններում: Դա չի կարելի անել, աչքը սովորում է այդ երեւույթներին: Բարեփոխվում ենք, եւ բարեփոխումների համար մտածելակերպն էլ պետք է փոխել»:

«Պաշտոնական հիմնավորման մեջ նշված էր Ներսես Նազարյանի բիզնեսի եւ աշխատանքի անհամատեղելիությունը, բայց կարծես ինքը վաղուց բիզնես ուներ եւ դա Ձեզ հայտնի էր», - դիտարկմանը` ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. - «Իհարկե, ինձ հայտնի է: Բայց ես այսպես եմ մոտենում, ես օրենքի մարդ եմ` բիզնեսը իր անձի վրա ձեւակերպված չէ, ես հասկանում եմ, որ սա օրենքի առումով նորմալ է: Բայց մարդկային առումով հո ես ինքս ինձ չե՞մ խաբելու: Դա էլ կա, իհարկե, բայց պետք է կողմնորոշվել` կամ-կամ: Ուզենա, թե չուզենա, ես էլ լինեմ, նոր պետն էլ լինի, ով էլ լինի, 10 տարին դա հսկայական մեծ ժամկետ է, տասը տարի… Ես չեմ կարծում, որ մեր իրականության մեջ ոստիկանները պետք է անշարժ գույք դառնան: Չէ՞ որ առաջին իսկ օրվանից ես սկսել էի անշարժ գույքերից, սկսել էի զբոսաշրջիկներից: Ինքնահաստատման խնդիր, գոնե իմ պարագայում, ես չունեմ, պետք է համակարգը ինքնահաստատվի, իսկ ինքնահաստատվում է նրանով, որ պետք է, այնուամենայնիվ, այդ երկարակյացությունը չլինի»:

Եվրադատարանում հաղթած ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը խիստ վրդովված է իր գործի վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններից, եւ ֆեյսբուքյան իր էջում հանդես է գալիս ոստիկանապետի հրաժարականը պահանջող գրառումներով:
XS
SM
MD
LG