Մատչելիության հղումներ

Ապրիլի 19-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Եթե երկրում 35 տոկոս աղքատության պայմաններում վարչապետը մնում է նույնը, եւ հավանաբար նույնը կմնա նաեւ կառավարությունը, ապա այստեղ ինչ-որ բան, իհարկե, այն չէ: Մյուս կողմից` Հայաստանի վարչապետի պաշտոնի շուրջ իրադարձությունները զարգանում էին քաղաքական տրամաբանությամբ, եւ այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի լուծումն, իհարկե, քաղաքական է: Այսինքն` Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը զոհ է գնում քաղաքական հարաբերություններին, որ առկա են իշխանական համակարգում, իշխող բուրգի տարբեր մասերի միջեւ: Այդ մասերը, չնայած շահերի բախմանն ու մտահոգություններին, այնուհանդերձ ապրում են բավական բարեկեցիկ կյանքով, անկախ նրանից, թե որպես ինչ են ներկայանում՝ իշխանություն, թե այլընտրանք: Հետեւաբար` քաղաքականությունը, մեծ հաշվով, նրանց համար ժամանցի պես մի բան է, որին, սակայն, զոհ է գնում մի ամբողջ հասարակություն եւ պետություն»:

«Իրատես de facto» թերթը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Հարցին` ինչո՞վ եք բացատրում, որ բոլոր մակարդակի ընտրությունները վերածվում են նախագահական ընտրությունների, Շարմազանովը պատասխանել է. - «Քաղաքական նախորդ իրադարձություններում այսօր ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն անհասկանալի վարքագիծ էին ընտրել եւ հիմա իրենց միակ շանսը ապացուցելու, որ իրենք քաղաքական խաղացողներ են եւ ընդդիմադիր դաշտում են, Երեւանի ընտրություններն են: Հենց այդ պատճառով են փորձում քաղաքականացնել, նրանց իրական պայքարը խաղի մեջ մտնելու համար է եւ ապացուցելու, որ ընդդիմության առաջնորդը հենց իրենք են: Նախագահական ընտրություններում էլ, հիմա էլ, փաստորեն, պայքարը ոչ թե իրենց հաղթանակի համար է, ոչ թե ՀՀԿ-ի դեմ է, այլ միմյանց դեմ: Միայն ՀՅԴ-ն այնքան սկզբունքային գտնվեց, որ հայտարարեց, թե չպետք է ձայն տալ իշխանության թեկնածուին: ԲՀԿ-ն որեւէ քաղաքական դիրքորոշում չունեցավ նախագահական ընտրություններում: Ու հիմա` երեք ամսվա խոր քնից արթնանալ` Երեւանը գրավելու համար, ընդամենը ծիծաղելի է: Աբսուրդ է, երբ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը իր ընտրազանգվածին ոչինչ չի ասում, չի ասում»:

«Հրապարակ» թերթի հետ զրույցում Պետրոս Մակեյանը նախանշում է մեխանիզմներ, որոնց գործադրմամբ ընդդիմադիր զանգվածը կարող է հանդես գալ առավել կազմակերպված: Մակեյանը, մասնավորապես, նշում է. - «22-23 տարվա ընթացքում մենք նախադեպ ունեցել ենք, լավագույն կազմակերպման համակարգը, որն ունեցել ենք, դա «Ղարաբաղ» կոմիտեի մոդելն է, որը գործել է 1988-91թթ.: Այսինքն՝ հավաքական պատասխանատվության հարցը, որը «Ղարաբաղ» կոմիտեով կար, եւ այն համակարգը, որ ձեւավորվեց այդ տարիներին, բոլոր գյուղերում, շենքերում, համայնքներում ձեւավորված «Ղարաբաղ» կոմիտեի բջիջները, իմ պատկերացումներով՝ այս մոդելն է, որ այսօր պետք է նորից գործի դնենք: Կարծում եմ, որ երրորդ հանրապետության հաջողությունը, պատերազմում հաղթանակը նույն «Ղարաբաղ» կոմիտեի, այսպես ասած, իրավահաջորդ ձեւավորված իշխանությունը նույն մոդելով էր աշխատում, ժողովրդավարական բոլոր սկզբունքները պահում էր»:

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է. - « Վերջերս իր պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որի գլխավոր առաքելությունն էր «Ա1+»-ը եթեր չթողնելը՝ եթե նրա անունը երբեւէ արծարծվի պատմության մեջ, ապա միայն այդ համատեքստում: Մի 5-7 տարի առաջ այդ իրադարձությունը կարեւոր նշանակություն կունենար, քննարկման առարկա կդառնար: Լրատվամիջոցները կսկսեին կանխագուշակել, թե ով է զբաղեցնելու նրա տեղը: Այսօր դա բացարձակապես կարեւոր չէ, որովհետեւ «կապուղի» եւ «եթեր» հասկացությունները արդեն փոխել են իրենց նախկին նշանակությունը, իսկ 2 տարի հետո մենք դրա տակ լրիվ ուրիշ բան ենք հասկանալու»: «Իմ չարությունը Ամալյանի նկատմամբ պակասել է», - եզրափակում է թերթի գլխավոր խմբագիրը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG