Մատչելիության հղումներ

Թբիլիսիում այսօր մեծ հանրահավաք է նախատեսված


Վրաստան -- Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը, 4-ը մարտի, 2013
Վրաստան -- Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը, 4-ը մարտի, 2013

«Ազգային միացյալ շարժումը» բնակչությանը հորդորել է որքան հնարավոր է մեծ ներկայություն ապահովել այսօր մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում։

Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը` «Ազգային միացյալ շարժումը», բնակչությանը հորդորել է որքան հնարավոր է մեծ ներկայություն ապահովել այսօր մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում։ Հանրահավաքի վայրը Ռուսթավելիի պողոտան է:

«Մեր իշխանությունները սարսափում են ապրիլի 19-ից եւ ամեն բան անում են ցույցը խափանելու համար, այս իշխանությունները վախենում են սեփական ժողովրդից։ Իրավապահներն արդեն սկսել են հալածել եւ հետապնդել «Ազգային միացյալ շարժման» ակտիվիստներին», - ասել է նախկին վարչապետ, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին նախարար, ներկայումս «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին։

Նրա պնդմամբ` իշխանությունները փորձում են խափանել միջքաղաքային փոխադրումներ կատարող ավտոբուսային ընկերությունների, ինչպես նաեւ տաքսի ծառայությունների աշխատանքը եւ ճնշում են բանեցնում Թբիլիսիի ավագանի (սակրեբուլո), ինչպես նաեւ հանրապետության խորհրդարան ընտրված «Ազգային միացյալ շարժման» պատգամավորների վրա։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ այսօր սերտորեն համագործակցելու է ներքին գործերի նախարարության հետ։ Նախօրեին նախարարությունը քաղաքապետարանին առաջարկել է ստեղծել համատեղ շտաբ, որի առջեւ կդրվի ընդդիմության կազմակերպած հանրային միջոցառումների ընթացքում հասարակական կարգն ապահովելու խնդիր։

Ազգային միացյալ շարժման հանրահավաքի նպատակն է, ինչպես այս կուսակցության լիդերներն են պնդում, «հզոր հանրահավաքով ապացուցել, որ Վրաստանը հավատարիմ է երկրի զարգացման եվրոպական ուղուն»։

«Մենք ուզում ենք, որ ժողովուրդը եւս մեկ անգամ դրսեւորի իր կամքը, ցույց տա, որ մեր ապագան են ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը, Վրաստանի զարգացման ճանապարհն անցնում է միայն Եվրոպայով», - ասել է Մերաբիշվիլին։

Կոնկրետ երկրների անուններ չտալով` նա ասել է, որ հարգելով հարեւանների քաղաքական ընտրությունը, Վրաստանն, այնուամենայնիվ, եվրոպական ուղղությունն է ընտրում:

«Այս մեր ակցիայով մենք կապացուցենք, որ ժողովրդի կամքը չի կոտրվել, մենք ցանկանում ենք անդամակցել եվրոպական կառույցներին», - հայտարարել է «Ազգային միացյալ շարժման» գլխավոր քարտուղարը:

Մինչդեռ, Վրաստանի ներքաղաքական լարվածությունը, որի հիմքում գործող, սակայն գրեթե բոլոր լծակներից զրկված նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ դիրքերն ամրապնդող վարչապետ, «Վրացական երազանք» շարժման լիդեր Բիձինա Իվանիշվիլիի հակամարտությունն է, հետզհետե սրվում է։

Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է ուսումնասիրի 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հանգամանքները` պարզելու, թե արդյո՞ք Սաակաշվիլին մասամբ պատասխանատվություն չի կրում դրա համար։

Վարչապետի կարծիքով` Սաակաշվիլիի ղեկավարած կառավարությունն այդ իրավիճակում ոչ ադեկվատ է գործել։

«Ես բացարձակ անընդունելի եմ համարում այն, որ զորամիավորումները բերվել էին մարտական պատրաստության, եւ մարտական գործողությունները սկսվել էին նախքան ռուսների կողմից մեր սահմանը հատելը», - ասել է վարչապետը` նկատել տալով, որ այդ պատերազմում, փաստորեն, վրացիներն են նախահարձակ եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG