Մատչելիության հղումներ

logo-print
Գաղտնազերծվել են պետական միջոցների հաշվին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կատարած ծախսերը:

«Վրացական երազանք» դաշինիքից պատգամավոր, խորհրդարանի կանոնադրական հարցերով հանձնաժողովի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին ապրիլի 17-ին հրապարակել է երկրի նախագահի ծախսերին վերաբերող փաստաթղթեր: Նա նշել է, որ բացահայտումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ իրավապահները այդ փաստաթղթերի վրայից հանեցին գաղտնիության կնիքը, քանի որ, ըստ էության, դրանք որեւէ գաղտնիք չեն պարունակում:

Պատգամավորն ասել է, որ նախկին իշխանությունները այդ փաստաթղթերը գաղտնի են համարել, որպեսզի թաքցնեն նախագահի անձնական նպատակների, նրա մտերիմների, ընկերների ու ընտանիքի անդամների համար կատարված ծախսերը:

Գաղտնազերծված տասնյակ փաստաթղթերը ներառում են պետական պահպանության հատուկ ծառայության գրառումներ, ինչպես նաեւ ստացականներ, հյուրանոցների ու այլ ծառայությունների հաշիվ ֆակտուրաներ, անդորրագրեր:

Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Միխեիլ Սաակաշվիլին 2011-ի փետրվարին 37 հազար եվրո է ծախսել Իտալիայում, Հարավային Տիրոլի հանգստավայրում 5 օր մնալու համար, ուր նա մեկնել էր նախկին նախարար, հիմա պատգամավոր Գիորգի Բարամիձեի եւ «Իմեդի» հեռուստաընկերության նախկին ղեկավար Գիորգի Արվելաձեի հետ: Նրանք իջեւանել են Palace Merano թանկարժեք հյուրանոցում: Հյուրանոցի ծախսերից բացի, եւս 3 հազար եվրո է փոխանցվել էսթետիկական կլինիկային՝ Սաակաշվիլիի այցելության համար, ինչպես նաեւ փակվել են նախագահի սպորտով զբաղվելու՝ դահուկների, մարզական հանդերձանքի ու հեծանիվի ծախսերը:

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ պետական գումարներ են փոխանցվել Սաակաշվիլիի որդիների ուսման համար: Պետական պահպանության հատուկ ծառայության բյուջեից 2010 եւ 2011 թվականներին 24 հազար լարի վճարվել է նրա ավագ որդու՝ Էդուարդ Սաակաշվիլիի ուսման վարձի համար, վերջինս սովորում է Թբիլիսիի ամերիկյան ակադեմիայում: Եւս 5 հազար 900 լարի է փոխանցվել Բրիտանա-վրացական ակադեմիայի տարրական դպրոցում սովորող նախագահի կրտսեր որդու՝ Նիկոլազ Սաակաշվիլիի համար:

Մեկ այլ փաստաթղթով՝ 114 հազար 900 լարի է ծախսվել Սաակաշվիլի եւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավայի` 2010 թվականի հոկտեմբերին Ավստրիայի հանգստավայր Ինսբրուքում մեկ շաբաթ մնալու համար: Նրանք իջեւանել են Parkhotel Igls առողջարանային հյուրանոցում:

2012 թվականին 89 հազար լարի է հատկացվել Սաակաշվիլիի, նրա խորհրդական Ռաֆայել Գլուկսմանի, խորհրդարանի նախկին նախագահ Դավիդ Բաքրաձեի եւ Աջարիայի կառավարության նախկին ղեկավար Լեւան Վարշալոմիձեի` Թայլանդի Amanpuri թանկարժեք առողջարանում երկօրյա հանգստի համար:

Այս տարվա, 2013-ի հունվարին 236 հազար լարի է հատկացվել հյուրանոցի ծախսերը փակելու համար, երբ Սահակաշվիլին իրեն ուղեկցող մեծ խմբով մի քանի օրով այցելել է Դուբայ:

Հրապարակված փաստաթղերից երեւում է, որ պետական գումարները ծախսվել են նաեւ Սաակաշվիլիի անունից տրվող նվերների վրա: 2011-ի դեկտեմբերին երեք հազար 500 լարիով ապարանջան է գնվել, որը նախագահը նվիրել է խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորին` 22-ամյա Մարիամ Սաջանիային:

Վերջինս հերքել է այս տեղեկատվությունը, եւ, ինչպես Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մյուս պատգամավորները, հայտարարել է, թե այս մեղադրանքները խուճապային ռեակցիա են «Միացյալ ազգային շարժման» ապրլի 19-ին անցկացվելիք հանրահավաքին:

Փաստաթղթերի հրապարակումից հետո մեկնաբանություններով հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ կառավարությանը կոչ անելով չընկնել ծիծաղաշարժ վիճակի մեջ:

«Գոնե մի երկիր ասեք, որի նախագահը արտասահմանյան այցեր չի կատարում, իր հետ ուղեկցող անձինք չի տանում, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, կամ ընտանիքի անդամներ: Կամ ոչ մի հյուր չի հրավիրում ՝ իր երկիրը ճանաչելի դարձնելու համար»,- ասել է Սաակաշվիլին, նշելով, որ իր ջանքերը օգնել են Վրաստանում ներդրումներ բերելուն:

«Մեր այցելությունների արդյունքում միլիարդավոր դոլարներ են ներդրվել հանրապետությունում ամբողջ աշխարհից: Կամ եթե հյուր է գալիս Վրաստան, արդյո՞ք նրան պետք չէ ընդունել բարձր մակարդակով: Բոլոր երկրներում այդպես է»,- ասել է նա:

Սաակաշվիլին եւս փաստաթղթերի հրապարակումը կապել է վաղվա հանրահավաքի հետ, ասելով, թե կառավարությունը ավելորդ անգամ ներվայնանում է «Միացյալ ազգային շարժման» ակցիայի հետ կապված:

«Ցանկանում եմ վարչապետին ու կառավարությանը ասել, որ ապրիլի 19-ին ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենալու: Ես ցանկանում եմ նրանց ասել, որ չվախենան, իսկ եթե նրանք վախենում են, ապա կարիք չկա ամեն օր ինչ-որ բան հրապարակել, ինչ-որ բան հորինել: Եկեք մտածենք ժողովրդի մասին եւ կենտրոնանանք ժողովրդին հուզող իրական խնդիրների վրա», - խորհուրդ է տվել Սաակաշվիլին՝ արձագանքելով իր ծախսերը գաղտնազերծող փաստաթղթերի հրապարակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG