Մատչելիության հղումներ

Գործադիրի այսօրվա նիստում մեծ արձագանք գտավ «Գնումների մասին» օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրեր եւ առավելագույն գներ սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծն ու «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կառավարության որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Փաստաթղթերը ներկայացրեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

«Նախատեսվում է սահմանել, որ պատվիրատուները նշված կայքում պետք է հրապարակեն ոչ միայն հայտարարություններն ու հրավերները, այլ գնումների վերաբերյալ հրապարակման ենթակա ամբողջ տեղեկատվությունը: Առաջարկվող փոփոխությունով գների մոնիտորինգի հնարավորություն է տրվում, ավելի հստակորեն է մեկնաբանվում այդ հարցը Ֆինանսների նախարարությանը: Եվ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ գնումները կարող են կատարվել նաեւ բաց ընթացակարգով»:

Նախարարը հավելեց, որ փոքրածավալ գնումներ իրականացնողներին կրկին թույլ է տրվում մեկ միլիոն դրամը չգերազանցող գնումները կատարել անմիջականորեն, առանց մրցույթների. - «Սակայն պետք է հստակորեն ուղղորդվեն վարչապետի հանձնարարականով եւ ֆինանսների նախարարի հրամանով, որտեղ տրված է, որ որեւէ կերպ չի կարելի մասնատել պատվերները»:

Վաչե Գաբրիելյանի պարզաբանմանը հետեւեց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի արձագանքը. - «Ամենակարեւորը եւ ամենաշատը, որ մեզ դիմում էին. որ թատրոն մտնում ես, թատրոնի ղեկավարը ասում է` ձեր գնումների ընթացակարգերով մենք չենք կարողանում գնումներ կատարել: Թույլ տվեք, որ մինչեւ մեկ միլիոն դրամ մենք կարողանանք ուղղակի գնումներ անել»:

Ինչ վերաբերում է «Գնումների մասին» օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրեր եւ առավելագույն գներ սահմանելու մասին կառավարության որոշման նախագծին, ապա Վաչե Գաբրիելյանի խոսքով. - «Ներկայացված է ցանկ 227 առավել լայն տարածում ունեցող ապրանքների, որոնք գնում են պետական մարմինները: Դրանցից յուրաքանչյուրի համար հաստատված է ապրանքատեսակի նկարագիրը: Դա նշանակում է, որ արդեն գնորդները չեն կարող առնել նկարագրվածից շեղվող ապրանքներ, եւ չեն կարող գերազանցել այն գները, որը մենք ամրագրել ենք այս որոշման մեջ: Գները, բնականաբար, պարբերաբար վերանայվելու են եւ թարմացվեն»:

Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, քանի որ դա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է:

«Պետք է հետայսու ուշադիր լինել նաեւ գնումներին մասնակցող այն կազմակերպությունների նկատմամբ, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, կարծում եմ ճիշտ կլինի, որ նման ձեռնարկությունները պետք է իրավունք չունենան մասնակցել գնումներին, եւ դա պետք է ամրագրել կառավարության որոշմամբ: Նմանատիպ սկզբունք է որդեգրվելու նաեւ առողջապական ծառայություններից օգտվելիս: Պետք է սեւ ցուցակում հայտնվեն նաեւ այնպիսի բուժհաստատությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները թերի են», - հավելեց Տիգրան Սարգսյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG