Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կաշխատի ավագանիում` «անկախ հավաքած տոկոսներից»


Ավագանու ընտրությունները երկրում իրավիճակ փոխելու բացառիկ հնարավորություն են ընձեռել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմության հաղթանակով, ըստ Զուրաբյանի, ռեժիմի դիրքերը կթուլանան, պետական կառավարման համակարգում հակակշիռների մեխանիզմ կստեղծվի, կնվազի կոռուպցիան:

«40 տոկոսը ուզում են ստանան Հանրապետականի համար, 6 էլ` ՕԵԿ-ի համար»,- իշխանությունների ծրագրերն է նկարագրում Զուրաբյանը:

ՀԱԿ-ում կազմակերպչական փուլն ավարտված է, հայտարարեց Զուրաբյանը, եւ իրենք պատրաստ են` «մարտի, շատ ագրեսիվ ընտրարշավի»:

Քննադատության թիրախը միմիայն իշխանությունն է լինելու: ՀԱԿ-ում, Զուրաբյանի խոսքով, իշխանության երազանքները չեն պատրաստվում իրականություն դարձնել` քննադատել ընդդիմադիր գործընկերներին:

«Մենք այդ խաղի մեջ չենք ներքաշվելու»,- վստահեցրեց ընդդիմադիր գործիչը:

ՀԱԿ-ը խորհրդակցություններ է անցկացնում «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» եւ Դաշնակցության հետ` ավագանու ընտրություններում համագործակցության ձեւերն են ճշգրտում:

«Մի բան կարծես ընդունելի է բոլորի համար. ընտրատեղամասերում մենք պետք է միասնաբար պահենք ժողովրդի ձայնը: Դրանում շահագրգռված են բոլորը, նաեւ` եթե կարողանանք ապահովել, որ Հանրապետականը, անգամ իրենց այդ լայնածավալ կեղծիքների արդյունքում չհավաքի 40 տոկոսը, մենք կարող են նաեւ կոալիցիա կազմել եւ միասնաբար վերցնել քաղաքապետարանը նրանց ձեռքից»,- մանրամասնեց Զուրաբյանը:

«Հայ Ազգային Կոնգրեսը» անկախ հավաքած տոկոսներից եւ ստացած մանդատների թվից, պատրաստվում է աշխատել Երեւանի ավագանիում, այսօր հայտարարեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նախագահական ընտրապայքարին ՀԱԿ-ը չմասնակցեց` մրցակցությամբ բացակայության պատճառաբանությամբ, սակայն որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Հարցին, թե ինչքանով են վստահ, որ այս անգամ «տոտալ ընտրակեղծիքներ» չեն լինի, Զուրաբյանն պատախանեց, թե ՀՀԿ-ի «ընտրակեղծիքներ կազմակերպող հենարանն է թուլացել». - «Հանրապետականը գնալով հայտնվում է մեկուսացման մեջ, կեղծիքներ կատարելու նրանց հնարավորությունները գնալով փոքրանում են, որովհետեւ փոքրանում են քաղաքական այն հենարանները, որոնք առաջ օգնում էին իրենց կեղծել այս ընտրությունները»:

Լեւոն Զուրաբյանը հնչեցրեց նաեւ իր տեսակետը Երեւանի քաղաքապետարանի գործունեության մասին. - «Այս քաղաքապետարանը իսկապես խամաճիկ է իշխանությունների ձեռքում` ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն արտահայտվեց: Իսկապես մի կառույց է, որը սպասարկում է ավազակապետական ռեժիմին, սպասարկում է նրա մերձավոր օլիգարխներին: Դրա վառ ապացույցն է Փակ շուկայի պատմությունը»:

Իշխող Հանրապետականը, մինչդեռ, անարձագանք է թողնում ոչ իշխանական ուժերի մեղադրանքները` հայտարարելով` եթե փաստեր ունեն, թող դիմեն իրավապահներին:

Այս առնչությամբ Զուրաբյանն ասաց. - «Դիմենք իրավապահ մարմիններին, որոնք ավելի հանցագործ են, քան թաղապետարա՞նը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG