Մատչելիության հղումներ

logo-print

2011 թվականից շախմատը որպես պարտադիր առարկա ընդգրկվեց դպրոցական ծրագրում եւ արդեն մեկ տարի է քննարկվում է Երեւանի բոլոր համայնքներում շախմատի դպրոցներ բացելու խնդիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա այդ դպրոցների պահանջարկը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը պատասխանեց. - «Արդեն 75 000 երեխա շախմատ է սովորում: Վստահ եմ, որ մի քանի տոկոսի մոտ ի հայտ կգա շախմատային սեր եւ կցանկանան մոտիկից ծանոթանալ շախմատին, իսկ դրա համար պետք է նախօրոք զբաղվել եւ մտածել, որպեսզի հնարավորություն տրվի այդ երեխաներին իրենց սերը, հնարավորություները, շնորհը, զարգացնել: Քանի որ Երեւանի մի քանի համայնքներում կան շախմատի օջախներ, շատ ցանկալի է, որ բոլոր համայնքներում լինի, որպեսզի ե'ւ ծնողների համար հեշտ լինի այն կազմակերպել, ե'ւ երեխաները շատ ժամանակ չկորցնեն»:

«4-5 տարի հետո մենք մեծ թվով երեխաներ ենք ունենալու, եւ դա ինձ ուրախացնում է: Եվ ոչ թե նրա համար, որ շախմատիստ են դառնալու, այլ որ հետաքրքիր, մտածող, տրամաբանող, պարտվել ու ազնիվ պայքարում հաղթել իմացող երեխաներ ենք ունենալու, որովհետեւ շախմատն ազնիվ խաղ է», - նշեց Լպուտյանը:

Արդեն Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններում գրեթե ավարտվել են դպրոցների վերանորոգման աշխատանքները: Թե քանի դասարան ու ինչ դասաժամով կսկսեն աշխատել, դեռ ստույգ որոշված չէ, սակայն Լպուտյանը նշում է, որ դպրոցը պետք է ունենա գոնե 4-5 սենյակ, 3-4 մարզիչ եւ յուրաքանչյուր մարզիչ կարող է մարզել 70-80 երեխա, իսկ 200-300 շախմատ պարապող երեխա մեկ համայնքում արդեն մեծ թիվ է:

Հարցին, թե արդյոք դասավանդող մասնագետների պակաս չեն ունենա, գրոսմայստերը պատասխանեց. - «Կարծում եմ, որ այդքան մեծ խնդիր մենք չենք ունենա, որովհետեւ հիմա շախմատը շատ զարգացած է մեր երկրում, եւ բնականորեն շատ շախմատիստներ են շախմատով զբաղվում եւ դրանցից մի քանիսն են, որ դառնում են խիստ պրոֆեսիոնալներ, իսկ մնացածը կա'մ դառնում են մարզիչներ, կա'մ այլ ուղղություն են ընտրում, բայց այդ ներկայացուցիչները կան եւ կարծում եմ, որ այդ խնդիրը չենք ունենա»:

Շախմատի ակադեմիան այսօր ողջ հանրապետությունում ունի 47 մասնաճյուղ: 47-էլ գործում են անվճար: Հարցին, թե արդյոք համայնքային դպրոցները եւս կդառնան ակադեմիայի մասնաճյուղ ու կլինեն անվճար, Լպուտյանը պատասխանեց. - «Դա չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կլինեն անվճար»:
XS
SM
MD
LG