Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը նոր մամուլի խոսնակ ունի


Հայաստանի նախագահի նորանշանակ խոսնակ Արման Սաղաթելյան

Հայաստանի նախագահի նորանշանակ խոսնակ Արման Սաղաթելյան

Նախագահի նոր խոսնակ Արման Սաղաթելյանը քաղաքագետ է` գիտությունների թեկնածու, գիտական հոդվածներ, ուսումնական ծրագրեր է գրել, տասը տարուց ավելի է դասավանդում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, նաեւ Լեզվաբանական համալսարանում է ամբիոն ղեկավարում` «Տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը»:

37-ամյա Արման Սաղաթելյանի գիտական աշխատանքը պետությունների միջեւ տեղեկատվական հակամարտությունենրի մասին է, բարձրագույն կրթությունը, սակայն, Սաղաթելյանը Գյուղատնտեսական ակադեմիայում է ստացել, ապա ընդունվել Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրա: Հասարակայնության հետ կապերի գծով աշխատանքի փորձ ունի` «Հայաստան» համահայկական հիմնադրամում է աշխատել: Լայն հանրությանը Սաղաթելյանը առավել հայտնի է հեռուստաէկրաններից, պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարն էր վարում, մի շրջան նաեւ «Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» հեռուստախաղը:

Մինչ այս պաշտոնը ստանձնելը նախագահի նորանշանակ մամուլի խոսնակը «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն էր, այն «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմում է` ի թիվս «Արմենիա», «Արմնյուզ» եւ «Ա թիվի» հեռուստաընկերությունների:

Նախագահի նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, տեղափոխվում է հենց այս` «ՊանԱրմենիան մեդիա գրուփ»` որպես տնօրենների խորհրդի նախագահ:

«Ֆեյսբուքի» իր էջում Արզումնյանն այսօր գրել է, թե հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակն է եկել ու որ իրեն չի պատկերացնում առանց հեռուստատեսության:

Ամփոփելով իր պաշտոնավարման երեք տարիները` Արզումանյանը նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարել «խոսքի ազատության ամրապնդման, ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխական առաջընթացը»:

«Վստահ եմ, որ այլեւս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել, չի կարող որեւէ իրադարձության լուսաբանման «չի կարելի» լինել», - համոզմունք է հայտնել նախագահի նախկին խոսնակը` Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես բացառիկ պետական գործիչ, ում «քայլերի արդյունքների ճնշող մեծամասնությունը կերեւան միայն ապագայում, քանի որ նախագահի համար այսօրը կարեւոր է, իսկ ապագան` կենսական»:

«Ափսոս իհարկե, որ նախագահական առաջին ժամկետը Սերժ Սարգսյանն ստիպված եղավ ծախսել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով», - «Ֆեյսբուքի» իր էջում կարծիք է հայտնել Արմեն Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG