Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական է համարում


Վարդան Օսկանյանը զրուցում է Աջափնյակի բնակիչների հետ, 17-ը ապրիլի, 2013

Վարդան Օսկանյանը զրուցում է Աջափնյակի բնակիչների հետ, 17-ը ապրիլի, 2013

Երեւանի ավագանու ընտրություններում իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող եւ Երեւանի քաղաքապետի աթոռին հավակնող Վարդան Օսկանյանը մայրաքաղաքի ավագանու ընտրությունները համարում է քաղաքական:

ԲՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր, իշխող Հանրապետական կուսակցությունը, ընդհակառակը, հայտարարում է, որ այս ընտրությունները ապաքաղաքական են եւ զուտ համայնքային: Օսկանյանը, սակայն, համոզված է, որ սա քաղաքական ընտրություն է, ինչի պարագայում շատ կարեւոր է, որ մայրաքաղաքի կառավարումը ստանձնի ոչ իշխանական ուժ` սրանով հակակշիռ ստեղծելով քաղաքական դաշտում:

«Սա առաջին հերթին դիտարկեք որպես քաղաքական ընտրություն, բայց` կենցաղային եւ քաղաքային հետեւանքներով», - ասաց ԲՀԿ-ի ներկայացուցիչը չորեքշաբթի օրը քարոզարշավի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հերթական հանդիպման ժամանակ` հավելելով, որ եթե նախագահական ընտրություններով հնարավոր չեղավ հակակշիռ ստեղծել, այս ընտրություններով պետք է փորձեք դա իրականացնել:

ԲՀԿ-ի ներկայացուցիչները խոսեցին նաեւ ոչ իշխանական ուժերի համագործակցության մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, հայտարարեց, որ հետընտրական դաշինքը շատ ավելի արդյունավետ կլինի:

«Շատ ավելի ճիշտ կլինե՞ր, որ գնայինք միասնական ցուցակներով, թե՞ ընտրություններից հետո փորձենք միավորվել եւ միասնաբար առաջադրել քաղաքապետի մեկ թեկնածու: Դեռ լուրջ քննարկման առարկա է, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ: Ես կարծում եմ, որ հետընտրական դաշինքը շատ ավելի արդյունավետ կլինի», - ասաց Զոհրաբյանը:

Աջափնյակի բնակիչներից մեկն էլ փորձեց պարզել, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չմիացավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:

«Որովհետեւ ԲՀԿ-ն որոշեց թեկնածու չառաջադրել եւ որեւէ մեկին չսատարել, մենք ասել էինք, որ չենք մասնակցում եւ չենք սատարում, մենք ուզեցինք այդ որոշմանը եւ այդ սկզբունքին հավատարիմ մնալ մինչեւ վերջ: Եթե չենք սատարել, չենք խանգարելու, վստահ չենք, որ փողոցով հնարավոր է փոխել: Եթե մենք ուզենային փողոցով փոխել, միգուցե մենք նաեւ թեկնածու առաջադրեինք, իսկ Րաֆֆիի շարժմանը չմիացանք, որովհետեւ թողեցինք, որ Րաֆֆին, ով ստացել էր այդ ձայները, ինքը բերեր հանգուցալուծման», - ասաց Օսկանյանը:

ԲՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին նաեւ Կոնդ թաղամասի բնակիչներին: Նրանց խնդիրը շարունակվում է չլուծված մնալ: 2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդը ճանաչվել է հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք, որն էլ ձեռք բերած ընկերությունը պայմանագրեր է կնքել բնակիչների հետ: Սակայն նույն տարածքում նոր կառուցվող բնակարանները դեռ անավարտ են: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում Կոնդի նախկին բնակչուհիներից մեկն ասում էր, որ իր հետ կնքած պայմանագրի ժամկետը վաղուց անցել է, բայց նոր բնակարանի հույս դեռ չունի, նախկին հարեւանների պես շարունակում է վարձով բնակվել:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս խնդրի վերաբերյալ ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացրել ու համոզվել, որ այն լուծում ունի: Անկախ այն հանգամանքից իրենք կընտրվեն, թե`ոչ, պատրաստ են նպաստել տներից զրկված կոնդեցիների բնակարանային հարցի լուծմանը, վստահեցրեց նա:
XS
SM
MD
LG