Մատչելիության հղումներ

Ստամբուլում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը


Սերգեյ Լավրովը Ստամբուլում կայացած ասուլիսում, 17-ը ապրիլի, 2013
Սերգեյ Լավրովը Ստամբուլում կայացած ասուլիսում, 17-ը ապրիլի, 2013
Ստամբուլում չորեքշաբթի օրը կայացած ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման խմբի հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը ղարաբաղյան հակամարտությունն էր: Այդ մասին բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի խոսքով էլ` երկկողմ բանակցությունների հերթական փուլը վկայեց, որ առանցքային հարցերի մեծ մասում Անկարան եւ Մոսկվան համակարծիք են:

«Մեր տեսակետները միջազգային եւ տարածաշրջանային բոլոր հիմնական հարցերում կամ համընկնում են, կամ շատ մոտ են իրար: Եվ հաստատ կարող եմ ասել, որ մեր ռազմավարական շահերը համընկնում են Ռուսաստանին եւ Թուրքիային սահմանակից բոլոր տարածաշրջաններում խաղաղության, կայունության եւ անդորրի պահպանման առումով: Դա թույլ կտա այդ շրջաններում պայմաններ ստեղծել զարգացման ու բարգավաճման համար: Միանշանակորեն, սա այն մոտեցումն է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը իրագործում են Անդրկովկասում», - ասաց Լավրովը:

Թիվ մեկ թեման, սակայն, որ Ստամբուլում քննարկում էին Դավութօղուն եւ Լավրովը, Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմն էր: Դավութօղլույի խոսքով` Թուրքիան տարածաշրջանում այս հակամարտությունից առավել տուժած երկիրն է:

«Սիրիայում ծագած ճգնաժամն ու սեփական ժողովրդի` Ասադի նախաձեռնած կոտորածը շատ թանկ են նստում մեր երկրի վրա: Թուրքիան 300 հազար սիրիացի փախստական է ընդունել իր տարածքում` ընդհանուր առմամբ ծախսելով 700 միլիոն դոլար», - ասաց Թուրքիայի արտգործնախարարը:

Մոսկվայի տեսակետը սիրիական հիմնախնդրում անփոփոխ է` հարկավոր է զսպել սիրիական ընդդիմության, Բաշար Ասադի շրջապատի եւ միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, ովքեր խնդրի բացառապես ռազմական լուծումն են տեսնում:

«Պարզապես հարկավոր է հստակ ըմբռնել` որքան ավելի երկար է հիմնական շեշտը դրվում խնդրի ռազմական լուծման եւ [Ասադի] վարչակազմի մեկուսացման վրա, այնքան ավելի լուրջ տեսք են ստանում առկա սպառնալքիները: Բայց եւ այնպես ես հուս ունեմ, որ կգերակայեն խելամիտ եւ պրագմատիկ մոտեցումներն ինչպես նաեւ սիրիական ժողովրդի հիմնարար շահերը», - նշել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG