Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում այսօր անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով:

Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Ղազարյանը եւ ոստիկանության այլ պաշտոնատար ներկայացուցիչներ այսօր կոչ արեցին՝ վստահել ոստիկանությանը:

Լսումներին մասնակցող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Արման Դանիելյանը հայտարարեց, որ անձամբ ինքը չի վստահում ոստիկանությանը: Նա վկայակոչեց 2004 թվականին՝ Հայաստանի 2003 թվականի նախագահի ընտրությունների կապակցությամբ ծավալված իրադարձությունների հետեւանքով քաղաքացի Գրիշա Վիրաբյանի գործը: Վիրաբյանը պնդել է, թե իրեն խոշտանգել է Աշոտ Կարապետյանը: Վերջինս, հիշեցնենք, երկու օր առաջ նշանակվել է Երեւանի ոստիկանապետ:

«Այն, որ Գրիշա Վիրաբյանին խոշտանգել են ոստիկանները, դա էլ է փաստ: Այն, որ Աշոտ Կարապետյանն աշխատել է ոստիկանության բաժնում այն ժամանակ, երբ խոշտանգել են Գրիշա Վիրաբյանին, դա էլ է փաստ: Քրեական գործ չի հարուցվել 2004 թվականին: Փաստ է նաեւ, որ քրեական գործ չի հարուցվել նաեւ 2012 թվականին, երբ եղել է Եվրոպական դատարանի որոշումը», - ասա Դանիելյանը:

Եվրոպական դատարանը մի քանի ամիս առաջ Հայաստանին պարտավորեցրել է 31 հազար եվրոյին համարժեք փոխհատուցում վճարել Վիրաբյանին, ում նկատմամբ ոստիկանական հետապնդումը սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով` 2004-ի գարնանը ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու ժամանակահատվածում:

Եվրոպական դատարանը եզրակացրել էր, որ ոտնահարվել է Վիրաբյանի արդար դատաքննության իրավունքը եւ նրա նկատմամբ խտրական վերաբերմունք էր ցուցաբերվել: Եվրոպական դատարանի որոշման մեջ նշված են Վիրաբյանի վկայություները, ըստ որոնց՝ ոստիկանության բաժնում իրեն ծեծել են, իսկ Աշոտ Կարապետյանը մետաղյա առարկայով հարվածել է գոտկատեղից ներքեւ, Վիրաբյանը ամորձիների վիրահատություն էր տարել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես կարող է հանրությունը վստահել ոստիկանությանը, որը Երեւանի ոստիկանապետի պաշտոնը վստահում է խոշտանգումների վերաբերյալ Եվրոպական դատարանի վճռում հիշատակված անձին, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը պատասխանեց. - «Միգուցե սա հենց կողմի ներկայացրած կարծիքն է եղել… Աշոտ Կարապետյանը իմ գործընկերն է, ես նրան շատ հարգում եմ, նա շատ արհեստավարժ է»:

Գրիշա Վիրաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց. - «Ճիշտ է ասում պարոն Օսիկյանը. Աշոտ Կարապետյանը արհեստավարժ խոշտանգող է: Նման անձի տեղը բանտն է»:

Ասօրվա խորհրդարանական լսումների ժամանակ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանն անդրադարձավ պարեկապահակային ծառայությանը (ՊՊԾ)` նշելով. - «ՊՊԾ-ն իր լիազորությունների ծավալով եւ անձնակազմի թվաքանակով Ոստիկանության ամենաընդգրկուն եւ համապիտանի ծառայությունն է»:

Որպես հանրահավանքների ժամանակ ոստիկանության գործոելաոճի ամենավառ եւ ամենաթարմ օրինակ՝ պատգամավորները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հիշեցրին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված դեպքը ապրիլի 9-ին՝ Հայաստանի նախագահի երդմնակալության օրը: Տարածված տեսանյութերում երեւում է, որ ոստիկաններն Արմեն Մարտիրոսյանին հարվածում են ոտքերով եւ ձեռքերով, լսվում են նաեւ ոստիկանների հայհոյանքները: Ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն ասաց՝ այդ կապակցությամբ քննություն է կատարվում: Այսպիսով այս հարցը համարվեց փակված:

Լսումներին ներկա էր նաեւ քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը: Նա գնահատեց ոստիկանության ջանքերը՝ հասարակության շրջանում վստահությունը բարձրացնելու կապակցությամբ: Ասաց, որ կապտուկների գնով է զգացել ոստիկանության անհամաչափ գործողությունները «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացված ցույցերի ժամանակ:

Խորհրդարանական լսումները կազմակերպած ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, թե անհրաժեշտ է ձերբազատվել օրենք խախտող ոստիկանության ծառայողներից:
XS
SM
MD
LG