Մատչելիության հղումներ

Ապրիլի 17-ը հեմոֆիլիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Արյան մակարդման ժառանգական հիվանդությունների շարքում շուրջ 95 տոկոսը կազմում են ի ծնե հեմոֆիլիաները:

Արյան մակարդման ժառանգական հիվանդությունների շարքում շուրջ 95 տոկոսը կազմում են ի ծնե հեմոֆիլիաները: Արնահոսություններով ուղղորդվող այս հիվանդությամբ Հայաստանում ապրում է 238 մարդ: Սա գրանցված հիվանդների թիվն է:

Հեմոֆիլիայով ապրողների մոտ դեռ վաղ տարիքում նկատվում է քթային արնահոսություն, վիրահատություններից հետո սկսվող արնահոսություններ եւ այլն: Առավել հաճախ լինում են նաեւ ներքին արնահոսություններ: Վտանգավոր է մասնավորապես հոդային արնահոսությունը, որը կարող է հաշմանդամության պատճառ դառնալ:

Նախկինում հեմոֆիլիայով ապրող մարդիկ ապրում էին մինչեւ 27 տարի, ժամանակակից դեղամիջոցների կիրառման արդյունքում արդեն կյանքի միջին տեւողությունը հասել է 40-ի:

Հայաստանում պաշտոնապես գրանցված 238 հեմոֆիլայով ապրող հիվանդներից 45-ն անչափահասներ են, շուրջ 40 տոկոսը հոդային խնդիրներ ունեն, իսկ 70 տոկոսն ունեն տարբեր կարգի հաշմանդամություն:

Մինչեւ 18 տարեկան երեխաների մոտ պրոֆիլակտիկ բուժում իրականացնելու դեպքում հնարավոր է կանխել հաշմանդամության զարգացումը: Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի նախագահ Գյուլնարա Հուսեյնովան ասում է, որ իրենց խնդիրն է հենց այդ պրոֆիլակտիկ բուժման ապահովումը, ինչի համար անհրաժեշտ միջոցներն առայժմ Հայաստանում բավարար չեն:

Հայաստանում լուրջ խնդիր է անհրաժեշտ դեղաքանակի ապահովումը, քանի որ այն շատ թանկ արժե:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ այս դեղորայքը ստացվում է դոնորական արյունից եւ քանի որ Հայաստանում մարդիկ շատ քիչ են որպես դոնոր արյուն հանձնում, ուստի համապատասխան դեղորայքը հնարավոր չի լինում ապահովել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG