Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, անդրադառնալով լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման վերաբերյալ հրապարակումներին, տեղեկացնում է, որ ծավալների կրճատումը պայմանավորված է կաթի արտադրության սեզոնայնությամբ:

«Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3.5 անգամ եւ հասնում ավելի քան 70 հազար տոննայի: Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաեւ վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները: Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր եւ այլն), իսկ ցածր գնով եւ մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր», - փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարությունը նաեւ հայտարարում է, որ հանրապետությունում անասնագլխաքանակը ոչ թե պակասել, այլ «կտրուկ ավելացել է»: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով:

«Ներկայումս վերամշակող ձեռնարկությունները օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները եւ պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1.5-2 տոկոսով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազման` 7-10 տոկոսի սահմաններում», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG