Մատչելիության հղումներ

Ապրիլի 17-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակը կարելի է բնորոշել մեկ բառով` լղոզվածություն: Երեւանի ավագանու ընտրություններով պայմանավորված բոլոր քաղաքական ուժերն ակտիվ են, սակայն մյուս կողմից նրանցից ոչ մեկը չի համարձակվում որեւէ երկարաժամկետ առաջարկ ներկայացնել հասարակությանը: Երեւանը փոխելու եւ Երեւանից իշխանափոխություն սկսելու մասին հայտարարությունները դեմագոգիայի ոլորտից են եւ բացարձակապես չեն հանդիսանում հասարակությանը ուղղված երկարաժամկետ, ռազմավարական առաջարկ: Նման հայտարարություններ եւ չակերտավոր առաջարկներ հնչում են շատ վաղուց, եւ այս ամենի արժեքը հասարակությունն այլեւս շատ լավ գիտե: Այդ առաջարկների բացակայությունը լղոզված քաղաքական դաշտի լավագույն վկայությունն է»:

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ. - «Ոստիկաններին ապրիլի 9-ի կեսօրին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այդպես էլ վարվում էին ցուցարարների հետ, բռնություններ կիրառում նրանց նկատմամբ, ինչո՞ւ չեք պատժում ոչ իրավաչափ գործող ոստիկաններին», - հարցնում է թերթը: Ոստիկանապետը պատասխանում է. - «Պատժելը բարեփոխումների գլխավոր խնդիր ես չեմ համարում: Այ, նայեք, շուրջ 10-12 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել: Վարչության պետի տեղակալը ուղղակի իմ կողքին կանգնած էր ու քարով հարվածեցին նրա գլխին: Իսկ ես տեսա նրանց մոտ հանդուրժողականություն ու կարեկցանք հասարակությունից քար նետողին: Իսկ եթե ինչ-որ տեղ ինչ-որ դրվագ էլ իրավաչափ չի եղել, թող ներեն ինձ, որովհետեւ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան ես չեմ հասցրել անել»: «Ոստիկանի օրվա Ձեր ուղերձի մեջ մի ուշագրավ արտահայտություն կար` «մեր խոսքը գործ է»: Կարծես կրկնել եք Գագիկ Ծառուկյանի կարգախոսը». – լրագրողի այս դիտարկմանը Գասպարյանը պատասխանում է. - «Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը մեր կարգախոսն է վերցրել: Էդ հարցն իրեն կտաք` ինչո՞ւ է ձեր խոսքը գործ, չէ՞ որ ոստիկանության խոսքն է գործ»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը, նշում է. - «Աբխազական երկաթուղու վերագործարկման համար նախեւառաջ հարկավոր է Վրաստանի իշխանությունների քաղաքական որոշումը, քանզի այդ հարցն ուղղակիորեն առնչվում է այդ երկրի ազգային շահերի եւ անվտանգության հետ: Միանգամայն հասկանալի է, որ նման հարցերում կողմնորոշվելը պահանջում է լուրջ մտորումներ, վերլուծություն եւ քաղաքական վճռականություն: Հայաստանն ամենաբարձր մակարդակում միանշանակ հայտարարել է, որ շահագրգիռ է հարցի դրական լուծմամբ: Սա նշանակալից հայտարարություն է եւ հստակ ազդանշան այդ հարցի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերի համար: Անշուշտ, Հայաստանն ի վիճակի է վրացական եւ ռուսական կողմերի դիրքորոշումներն այդ հարցում մերձեցնելու գործում արդյունավետ դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության ոլորտում մեր հավասարակշռված, գրագետ եւ նախաձեռնողական գործելակերպը, մասնավորապես՝ ռեգիոնալ քաղաքական հարթությունում: Սակայն կոպիտ դիվանագիտական սխալ կլիներ, եթե փորձեինք որեւէ ձեւով պարտադրել նման աջակցություն»:

«ԵՄ-ն չի ասոցացնում կոնյակը» վերնագիրը կրող հրապարակման մեջ «Օրակարգ» թերթն անդրադառնում է Եվրամիության հետ վարվող բանակցությունների շրջանակներում Հայաստանին ներկայացվող այն պահանջին, ըստ որի առաջիկա տարիներին Հայաստանի կոնյակ արտադրողները ստիպված են լինելու հրաժարվել «հայկական կոնյակ» բրենդից: Թերթը գրում է. - «Եթե Մոլդովայի եւ Ուկրաինայի դեպքում «կոնյակ» բառից հրաժարումը ծանր տնտեսական հետեւանքներ չի ունենա, հայաստանյան արտադրողների համար վնասները կարող են շատ ավելի շոշափելի լինել։ Մոլդովայում անցած տարի արտադրվել էր 3 մլն լիտր կոնյակ, այն դեպքում, երբ Հայաստանում կոնյակի արտադրությունը կազմել է 18,5 մլն։ Ընդ որում՝ ծավալի 90 տոկոսն արտահանվում է, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար կամ Հայաստանի արտահանման մոտ 8 տոկոսը։ «Հայկական կոնյակ» բրենդը բավական լայն ճանաչում ունի ԱՊՀ երկրներում (արտահանման 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին), իսկ տասը տարին մեծ ժամանակահատված չէ՝ արտաքին շուկաներում նոր անվանման առաջմղման համար։ Որ հայ արտադրողները վաղ թե ուշ հրաժարվելու են «հայկական կոնյակ» բրենդից, պարզ էր դեռ 2005 թվականին, երբ ԵՄ-ն որոշեց լրջորեն պաշտպանել աշխարհագրական անվանումների հեղինակային իրավունքը եւ «կոնյակի» նկատմամբ իրավունքները վերապահեց Ֆրանսիային։ Հաջորդած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը եւ կոնյակագործները այդպես էլ էական քայլեր չձեռնարկեցին «հայկական կոնյակին» զուգահեռ նոր ապրանքանիշ առաջ մղելու համար»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG