Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Դարբինյանը պատրաստ է ներկայանալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Սամվել Դարբինյանն այսօր ասաց, թե էթիկայի հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո կներկայացնի բացատրություններ՝ Հայաստանի նախագահի ընտրությունների կապակցությամբ վանաձորցիներին հասցեագրած գնահատականի առնչությամբ: Նախագահի ընտրությունների ժամանակ Վանաձորում Սերժ Սարգսյանը ստացել էր քաղաքապետի սպասելիքների համեմատ սակավ քվեներ եւ պարտվել ընդդիմադիր թեկնածուին։ Այդ կապակցությամբ «Հետք» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում քաղաքապետը վանաձորցիներին մեղադրել էր «անգիտակից» լինելու մեջ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած դիմումի մեջ հիշատակել է Հանրային ծառայության մասին օրենքը եւ հիշեցրել պաշտոնյաների էթիկայի կանոնները, մասնավորապես՝ «հարգել հանրության բարոյական նորմերը», «ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ», «հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»: Իրավապաշտպանը դիմումի մեջ նշել է, որ քաղաքապետի արտահայտությունները խախտում են օրենքի դրույթները, ինչպես նաեւ վիրավորում են այն ժողովրդի արժանապատվությունը, որն իրեն ընտրել է որպես ղեկավար եւ օժտել մի շարք լիազորություններով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապրիլի 9-ին՝ Հայաստանի նախագահի երդմնակալության օրն է որոշում կայացրել վարույթ հարուցել եւ քաղաքապետին առաջարկել որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում «առարկություններ եւ բացատրություններ» ներկայացնել էթիկայի հանձնաժողովին:

«Ես իմ համայնքի բնակիչների նկատմամբ ոչ մի անգամ անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել եւ չեմ էլ պատրաստվում ցուցաբերելու։ Այդ նույն համայնքի ազգաբնակչությունը ինձ հինգ անգամ քաղաքապետ է ընտրել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դարբինյանը, – «Պարզապես եղել է մի բառ, որը սխալ է օգտագործվել։ Դա չի նշանակում, որ մենք մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին չենք ընդունում»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, աննախադեպ է համարում քաղաքապետի վարքը՝ «մի ամբողջ քաղաքի բնակչության անվանել անգիտակից»։

«Պետք է գործող լծակները օգտագործենք, որպեսզի իրենց այդ անպատժելիության շղարշը ցնդի», – ասում է իրավապաշտպանը։

Էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է 1 ամսում եզրակացության հանգի:

2012 թվականի հունվարին ձեւավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչ այս պահը դեռ որեւէ եզրակացություն չունի կոնկրետ պաշտոնյայի էթիկայի խախտման վերաբերյալ:
XS
SM
MD
LG