Մատչելիության հղումներ

Լավրովը եւ Դավութօղլուն կքննարկեն Հարավային Կովկասում տիրող կացությունը


Ահմեդ Դավութօղլուն զրուցում է Սերգեյ Լավրովի հետ, արխիվ
Ահմեդ Դավութօղլուն զրուցում է Սերգեյ Լավրովի հետ, արխիվ
Ստամբուլում չորեքշաբթի մեկնարկող բանակցությունների ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկելու են Հարավային Կովկասում տիրող կացությունը:

Թուրքիա ժամանած Սերգեյ Լավրովն ու նրա թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն տարածաշրջանային խնդիրներին կանդրադառնան Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի երրորդ նիստի շրջանակներում:

Երեկ խոսելով առաջիկա բանակցություններին մասին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նշում էր. - «Նախատեսվում է մտքերի փոխանակել մի շարք թեմաների, այդ թվում` Մերձավոր Արեւելքում, մասնավորաբար, Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը կշարունակեն երկխոսությունը իրանական միջուկային ծրագրի, Անդրկովկասում տիրող իրադրության, ինչպես նաեւ Բալկաններում եւ Կենտրոնական Ասիայում ստեղծված կացության շուրջ»:

Ռուս դիվանագետի խոսքով` նախաձեռնելով երկկողմ բանակցությունների հերթական փուլը, Մոսկվան եւ Անկարան ելնում են «համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերներին ավելի արդյունավետորեն դիմակայելու եւ կայուն զարգացում ապահովելու անհրաժեշտությունից»:

Հետաքրքրական է, որ, ըստ Լուկաշեւիչի, Թուրքիան եւ Ռուսաստանը այս հանդիպմանն են մոտենում երկկողմ հարաբերություններում արձանագրված դրական լուրջ պաշարով:

«Վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները դուրս են եկել որակապես նոր մակարդակի, իսկ մի շարք ոլորտներում` նախ եւ առաջ էներգետիկայում, այդ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես ռազմավարական դաշնակիցներին բնորոշ կապեր», - նշում է Լուկաշեւիչը` հիշատակելով, թե «Հարավային հոսք» գազատարի նախագիծը, եւ թե առաջին թուրքական ատոմակայանի շինարարությանը ռուսական կողմի մասնակցությունը:

««Աքկույու» հարթակում գտնվող ատոմակայանը պրակտիկ իրագործման փուլում գտնվող խոշորագույն երկկողմ ներդրումային ծրագիրն է, որի ընդհանուր գումարային ծավալը կազմում է շուրջ 20 միլիարդ դոլար», - հայտարարում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը` հիշեցնելով նաեւ, որ այս պահին Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիայի` ծավալով երկրորդ առեւտրային գործընկերը. - «Աճում են նաեւ թուրքական ներդրումները Ռուսաստանի տարածքում: Դրանց ծավալը 2012-ին հասավ 509 միլիոն դոլարի»:

Լուկաշեւիչի խոսքով` ռուսական ֆինանսական կապիտալը եւս աստիճանաբար սկսում է օգուտներ քաղել Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների սերտացումից:

Մոտ կես տարի առաջ Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կառույցը համարվող «Սբերբանկը» ձեռք բերեց թուրքական «Դենիզբանկի» բաժնետոսմերի 99 տոկոսը:

««Սբերբանկի» պատմության ընթացքում երբեւիցե իրականացված ամենախոշոր այս գործարքը հնարավորություն կտա ռուսական դրամատանը առաջատար դիրքեր զբաղեցնել Թուրքիայի արագորեն աճող բանկային սեկտորում», - համոզված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG