Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պայքարելու է «յուրաքանչյուր ձայնի համար»


Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի կարծիքով, իշխանությունը տրամադրված է նախորդներից ավելի կազմակերպված ձեւով կեղծել ընտրությունները:

Նրա համոզմամբ, իշխանության պարտությունը առաջիկա ընտրություններում հնարավոր է միայն ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունքում: Նա նաեւ կարծում է, որ առաջիկայում կձեւավորվի ոչ իշխանական ուժերի միասնական վերահսկողական շտաբ:

«Մենք [ընտրություններին մասնակցող չորս ոչ իշխանական ուժերը] մեծ հնարավորություն ենք տվել մարդկանց իրենց գաղափակարական կամ այլ տեսանկյունից ելնելով, քվեարկեն իրենց ուզած մարդուն: Ամենակարեւորը, որ իշխանության ներկայացուցիչները այս ընտրություններում չհաղթեն», - ասաց Խաչատրյանը:

Հարցին, թե քանի մանդատ պիտի ստանա ՀԱԿ-ը, որպեսզի աշխատի մայրաքաղաքի ավագանիում, (անցած ընտրություններից հետո, հիշեցնենք, Կոնգրեսը հրաժարվեց մայրաքաղաքի ավագանիում ստացած մանդատներից), Խաչատրյանն պատասխանեց. - «6 տոկոս եւ ավելի: Անցյալ անգամվա քաղաքական իրավիճակը էականորեն տարբերվում է այսօրվա իրավիճակից: Անցյալ անգամ մեր քաղաքական գործունեությունը հիմնականում իրականացվում էր փողոցում: Անցյալ անգամ մենք ունեինք քաղբանտարկյալներ եւ մենք որեւիցե համագործակցության չէինք գնա իշխանության հետ մինչեւ վերջին քայլը, երբ ազատվեց վերջին քաղբանտարկյալը»:

Վահագն Խաչատրյանը պատրաստ է նաեւ աշխատել ավագանու կազմում. - «Շատ մեծ ամբիցիաներ չունեմ ինքս: Ես ավելի շատ մտածում եմ, թե որտեղ կարող եմ օգտակար լինել»:

ՀԱԿ-ի քաղաքապետի թեկնածուն այսօր հանդիպում ունեցավ Դալմայի այգիների նախկին սեփականատերերի հետ: Վերջիններս նշում էին, որ մոտ 20 մարդ դեռ չի ստացել փոխհատուցումը իրենց հողատարածքների համար: Նրանց առաջարկվել է 1-10 դոլարին համարժեք դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց կամ այլ հողատարածք երեւանամերձ հատվածներում: Նախկին սեփականատերերը, սակայն, համաձայն չեն:

Վահագն Խաչատրյանը կարծում է, որ բնապահպանական առումով Երեւանի փրկության օղակներից մեկը Դալմայի այգիներն են, ու թեեւ տարածքում ակտիվ շինարարություն է ընթանում` շենքեր են վեր խոյանում, ճանապարհ է կառուցվում, նա անշրջելի չի համարում իրավիճակը: Այդ տարածքում, ընտրվելու դեպքում, նա քաղաքային այգի է տեսնում. - «Հետ շրջելու հնարավորությունը շատ հստակ տեսնում եմ. կկառուցվի ճանապարհը եւ վերջ»:

Երեւանի ամենաբարդ տարածքներից մեկում բնակչության հետ աշխատանքը վերապահվել է ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ համարին` Զոյա Թադեւոսյանին: Խոսքն Ավան թաղամասի մասին է, որտեղ բնակվում է ներկա քաղաքապետ եւ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:

Ավանում ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետի տեղակալ Հասմիկ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը ՀԱԿ-ի ակտիվիստներին հրավիրում է իր մոտ, կոչ անում աշխատել Տարոն Մարգարյանի համար:

«Փորձում են ինչ-որ, կներեք բառիս համար` վերբովկա անել» ,- ասաց Բաբայանը:

ՀԱԿ-ը ընտրողների հետ հանդիպումները կազմակերպելու է հիմնականում բակերում: Զոյա Թադեւոսյանն ասաց, որ իր եւ Ավանում աշխատող ակտիվիստների նպատակն այն է, որ համոզեն ժողովրդին` ոչ թե տերեր են ընտրում, այլ ծառաներ:

«Երեւանը Ավանը չէ: Ամբողջ Երեւանը պետք է զգար Տարոնի լավ աշխատանքի հետեւանքները: Բայց Տարոնը, կարծում եմ, ավելի լավ իրեն համար է աշխատել, քան բնակչության: Փաստերը ցույց են տալիս, որ 96 թվականից հետո Տարոնը, չունենալով ժառանգական, սկզբնական կուտակված որեւէ հարստություն, այսօր կալվածատեր է եւ մեծ եկամուտներ ունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թադեւոսյանը` վստահեցնելով, որ, համագործակցելով ոչ իշխանական ուժերի հետ, պայքարելու են յուրաքանչյուր ձայնի համար:
XS
SM
MD
LG