Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է բակային հանդիպումները


Իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ ավագանու ընտրություններում հանդես է գալիս 194 հոգանոց ցուցակով, շարունակում է բակային հանդիպումները: Այդ հանդիպումների ընթացքում ԲՀԿ-ականները խիստ քննադատության են ենթարկում իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջը` իշխող Հանրապետականին:

Այսօր կուսակցության ընտրական ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին: Հայաստանի նախկին արտգործնախարար, այժմ Երեւանի քաղաքապետի աթոռին հավակնող Օսկանյանը, երեւանցիների հետ հանդիպումների ժամանակ քննադատելով գործող իշխանություններին, միաժամանակ հայտարարում է, որ մայրաքաղաքի շատ ու շատ խնդիրներ կարող էին լուծում ստանալ, եթե իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեին:

«Քաղաքի իշխանությունները թերացել են ուղղակի։ Այն փողոցները, որ ես լսեցի, ինչ–որ արտառոց պահանջներ չկան։ Մարդիկ պահանջում են այն, ինչ իրենց հասանելի է՝ ջուրն է, լուսավորությունն է, ապահովություն է», – նշեց Օսկանյանը, – «Չկա մի հարց, որ բարձրացվել է, որը քաղաքի այսօրվա ռեսուրսներով հնարավոր չէ լուծել»։

Օսկանյանը, հորդորելով չընտրել իշխանություններին, կոչ է անում ընտրել ոչ թե իշխանություններին դեմ հանդես եկող որեւէ ուժի, այլ հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ նա վստահեցնում է, որ Երեւանի կառավարումը ստանձնելուց հետո իրենք արագորեն կարող են լուծել բազմաթիվ՝ ջրամատակարարումից մինչեւ տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներ: Օսկանյանն ասում է` կարեւոր է, որ մայրաքաղաքային իշխանությունը չանցնի իշխանությունների ձեռքը, հակակշիռն անհրաժեշտ է, թեկուզեւ այն դեպքում, երբ մայրաքաղաքը անցնի ոչ թե Բարգավաճի, այլ ընդդիմադիր որեւէ ուժի ձեռքը:

«Էապես մեր քաղաքական համակարգը կշահի դրանից։ Մրցակցություն կլինի, հակակշիռ կլինի, փոխադարձ հսկողություն կլինի։ Եվ կարծում ենք, որ դա կառողջացնի նաեւ քաղաքական մթնոլորտը երկրում», – ասում է ԲՀԿ ներկայացուցիչը։

Երեւանցիներին, սակայն, ավելի շատ անհանգստացնում են ոչ թե քաղաքական, այլ քաղաքային խնդիրներ: Նրանք բարձրաձայնում են բակերի, շենքերի, վերելակների, տրանսպորտի, աղբահանության ու ջրամատակարարման հարցեր:
XS
SM
MD
LG