Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը խոսում է վարչական ռեսուրսի չարաշահումների մասին


Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ, իշխանությունները արդեն իսկ սկսել են կիրառել վարչական, պետական ռեսուրսը` Երեւանի գործող, հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակի օգտին «հարկադրաբար ձայներ ապահովելու համար»:

Նման հայտարարություն Վարդանյանն արեց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը:

Աղվան Վարդանյանը, ով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը առաջիկա` երեւանյան ընտրությունների համար նախատեսված ՀՅ Դաշնակցության համամասնական ցուցակում, հավելեց, թե այս պայմաններում ընտրությունների օրինականությունը շարունակում է մնալ հիմնական խնդիր:

«Նախագահական ընտրություններից իշխող կուսակցությունը դառը դասեր է քաղել, եւ հիմա նորից վարչական, պետական ամբողջ ռեսուրսը դրված է այս ընտրությունները մի կողմից ապաքաղաքականացնելում, մյուս կողմից՝ հարկադրաբար, ստիպողաբար ձայներ ապահովելուն», – մասնավորապես ասաց Աղվան Վարդանյանը։ – «Այս անգամ վստահ եմ, որ բուն տեղամասում ընտրությունների օրը գրեթե անհնար կլինի լուրջ խախտումներ անելը, որովհետեւ բոլոր հանձնաժողովներում ընդդիմությունը առնվազն չորս հոգով ներկայացված է։ Ինչ որ անելու են՝ փորձելու են դրսում անել», – հավելեց նա։

Ըստ Վարդանյանի, իրենց հաղթանակն ապահովելու համար իշխանությունները փորձում են նաեւ իրար դեմ դուրս բերել ընդդիմադիր քաղաքական ուժերին:

«Բայց ընդդիմությունը այնքան խելք պիտի ունենա, այնքան կազմակերպված լինի, որ հասկանա՝ այսօրվա միակ խնդիրը միակուսակցական համակարգը Հայաստանի մայրաքաղաքում կոտրելն է», – հավելեց դաշնակցական գործիչը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե մասնակցելու՞ է արդյոք Դաշնակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած քննարկմանը, որը տեղի է ունենալու ապրիլի 19-ին «Անի» հյուրանոցում եւ որը նվիրված է լինելու «ազգային ճակատի» ստեղծմանը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. – «Մեզ համար դեռեւս անորոշ է։ Ես վստահ եմ, որ եթե իրենք նախաձեռնել են այս հանդիպումը, կդիմեն քաղաքական ուժերին, այդ թվում՝ առաջին հերթին, Դաշնակցությանը եւ կասեն թե ինչ հանդիպում է, ինչ են նախատեսում քննարկել եւ կհրավիրեն։ Եթե կլինի այդպիսի հրավեր, մենք միշտ պատրաստ ենք։ Մենք, կրկնում եմ, բացառիկ կարեւորում ենք այս շարժումը, բացառիկ կարեւորում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դերակատարությունը այս շարժման մեջ, բայց կան բաներ, որ մենք չենք հասկանում։ Մենք չենք հասկանում մի օրով Մոսկվա գնալը եւ հայ ժողովրդի հաղթանակը Մոսկվայից բերելը, մենք չենք հասկանում ամսի 9-ին ոստիկանապետի հետ մոմավառությունը, մենք չենք հասկանում, օրինակ, ամսի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը. որքան մենք գիտենք, Հիսուսը հարություն է առել»։

Ըստ Աղվան Վարդանյանի, տարրական տրամաբանությունը ենթադրում է, որ եթե մայրաքաղաքային ընտրությունների արդյունքում ընդդիմութունը ստանա 65 տեղանոց ավագանու աթոռների կեսից ավելին, պետք է անմիջապես համախմբվի ու ընտրի Երեւանի ընդդիմադիր քաղաքապետ։ Եվ այն ուժը, որը կխոչընդոտի այդ համախմբմանը, դաշնակցական գործչի կարծիքով, մեխանիկորեն կդառնա իշխանության գործակալը։
XS
SM
MD
LG