Մատչելիության հղումներ

Միջոցառումը, որը խորհրդանշելու էր հաղթանակի համար մինչեւ վերջին պահը պայքարելու կամքը, առողջ ապրելակերպը եւ կենսուրախությունը, վերածվեց դժոխքի։

Բոստոնի մարաթոնի օրը տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւս 150 մարդ` մասնակիցներ, մարզասերներ եւ պարզապես պատահական անցորդներ։ Տուժածների թվում կան երեխաներ։

Երկու պայթյուն գրեթե միաժամանակ որոտացել է 42 կիլոմետրանոց մրցավազքի եզրագծից ոչ հեռու։ Այս պահի դրությամբ որեւէ խմբավորում կամ անհատ պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար։

Նախագահ Բարաք Օբաման վստահեցրել է, որ իրավապահները կբացահայտեն եւ կպատժեն մեղավորներին։ Ուշագրավ է, որ նա չի օգտագործել «ահաբեկչություն» բառը, նշելով, որ քննիչները դեռ շարունակում են հետազոտել պատահարի հանգամանքները։

«Մենք դեռ չգիտենք, թե ով է դա արել եւ ինչու, մարդիկ չպետք է առանց փաստերի անմիջապես ինչ-ինչ եզրակացությունների հանգեն, բայց չկասկածեք, որ մենք անպայման կպարզենք, կգտնենք նրանց, կիմանանք, թե ինչու են արել, եւ նրանք` անհատներ, թե խմբավորումներ, պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ», - ասել է նախագահը։

Բոստոնի երեկվա պայթյուններից հետո անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ են կիրառվում մայրաքաղաք Վաշինգթոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, ամերիկյան այլ քաղաքներում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։

Որոշ` դեռ պաշտոնապես չհաստատված լուրերի համաձայն, սակրավորների թիմը Բոստոնում հայտնաբերել եւ վնասազերծել է չպայթած եւս մեկ սարքավորում։

Բոստոնի ոստիկանության հանձնակատար Էդ Դեյվիսի փոխանցմամբ, երեկվա պայթյունների համար կիրառվել են հզոր սարքավորումներ

«Ժամը 14։50-ին տեղի են ունեցել միաժամանակյա պայթյուններ Բոստոնի մարաթոնի եզրագծի մոտ: Ամեն պայթյունից մեծ թվով մարդիկ են տուժել։ Այս պահին բոլոր տուժածներին դուրս են բերել նշված շրջանից», - ասել է Դեյվիսը։

Բոստոնի մարաթոնը համարվում է աշխարհում անցկացվող ամենամյա ամենահին մարաթոնը։ 1986 թվականին առաջին անգամ արդիական Ամառային օլիմպիադայում տեղի է ունեցել մարաթոնավազքը. այդ իրողությունից ոգեւորված բոստոնցիները 1897 թվականից սկսել են ամեն տարվա ապրիլի երրորդ երկուշաբթի` ԱՄՆ-ում Հայրենասերների օրը, անցկացնել իրենց մարաթոնը, որը համաշխարհային ճանաչում է ստացել։

Բոստոնում երեկվա չարաբաստիկ մարաթոնին մասնակցել է մոտ 20 հազար մարզիկ` աշխարհի մի քանի տասնյակ պետություններից։

Բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ հասարակական գործիչներ խստորեն դատապարտել են ահաբեկչությունը։

Եվ մի դաժան զուգադիպություն` Բոստոնի այս տարվա մարաթոնը նվիրված էր Քոնեքթիկուտ նահանգի Նյութաուն տարրական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների զանգվածային գնդակահարության զոհերի հիշատակին։ 26 մարդու սպանդն իրականացրած երիտասարդն անձնասպան էր եղել։ Պատահականությո՞ւն էր սա, թե՞ զուգադիպությունը, այս հարցը դեռ պատասխան չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG