Մատչելիության հղումներ

Ապրիլի 16-ի մամուլ


Արձագանքելով Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը` «Ժամանակ»-ը գրում է. - «Շատերն արդեն իսկ հասցրել են այս փոփոխությունները պայմանավորել ապրիլի 9-ի իրողություններով, սակայն սա կարող է լինել միայն պատճառներից մեկը, առավել եւս, որ այդ օրը ոստիկանությունն, իհարկե առանձնապես մեծ վրիպումներ թույլ չտվեց, որպեսզի դրանց համար լինեն կադրային նման հետեւություններ: Մյուս կողմից` իհարկե հնարավոր են նաեւ ներքին նրբերանգներ, որոնք այդ օրը նկատելի են եղել ավելի շատ ոստիկանապետի եւ նրա շրջանակի համար, իսկ հասարակության աչքից մնացել են հեռու: Միեւնույն ժամանակ, ընդհանրապես այստեղ հարցն այն է, թե ինչքանով են այս փոփոխությունները պայմանավորված ներոստիկանական համակարգային իրողություններով, եւ որքան է այս ամենում ընդհանուր իշխանական գործընթացների տրամաբանության դերը: Այսինքն` այս որոշումները զուտ Վովա Գասպարյանի՞ որոշումներն են, թե՞ դրանք թելադրված են ավելի վերեւից՝ Սերժ Սարգսյանի կողմից, եւ Վովա Գասպարյանը տվյալ դեպքում եղել է ընդամենը հանձնարարություն կատարողը»:

«Հրապարակ» թերթը, իր հերթին, անհասկանալի է համարում Երեւանի ոստիկանապետի պաշտոնանկության շուրջ բարձրացած աժիոտաժը. - «Թե ինչ դերակատարում ունի շարքային քաղաքացու կյանքում Երեւանի ոստիկանապետը, եւ ինչ է փոխվելու նրա փոփոխությամբ, հայտնի չէ: Հավանաբար, մարդիկ այնքան են փոփոխությունների ձգտում, որ ցանկացած փոփոխություն են դրական համարում՝ լինի դա ոստիկանապետի, թե համատիրության ղեկավարի: Իսկ մեզանում, հայտնի է, փոփոխությունների պահանջը նույնացվում է կադրային փոփոխությունների գաղափարի հետ: Անշուշտ լավ է, որ բարձրաստիճան պաշտոնյան, ոստիկանապետը նույնպես կարող է պատժվել: Սա նշանակում է, որ ոչ ոք պաշտպանված չէ փողով, դիրքով, անցած ճանապարհով եւ ցանկացած պահի կարող է հայտնվել «խաղից դուրս վիճակում»: Բայց, մյուս կողմից, շատ վատ է, որ ոչ ոք պաշտպանված չէ եւ ցանկացած պահի կարող է հայտնվել փողոցում»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Որքան ես հիշում եմ, ամեն ընտրությունից առաջ ընդդիմադիրները հայտարարում են, որ անհրաժեշտ է միավորվել, որ այժմ գնում են բանակցություններ եւ այլն: Նրանք իրավացի են այն առումով, որ միայն միավորվելով, ուժերը համատեղելով է հնարավոր արդյունավետ հակազդել պետական մեքենային, որը, ինչպես հայտնի է, ամբողջությամբ իշխանության ձեռքում է: Սովորաբար այդ բարի ցանկությունները մնում են խոսակցությունների մակարդակում: Ամբիցիաները եւ ընդդիմադիր դաշտում ներքին պայքարը, ի վերջո, ավելի հզոր գործոններ են դառնում, քան հաջողություն գրանցելու ցանկությունը: Երեւանի ավագանու ընտրություններն այդ համագործակցության մեխանիզմները փորձարկելու լավագույն հնարավորությունն են այն պատճառով, որ այստեղ գաղափարական տարբերությունները որեւէ նշանակություն չունեն: Ավագանու ընտրություններում պայքարող կուսակցությունները թեեւ խոստանում են իրար վրա «տակառ չգլորել», բայց իրականում լավ էլ գլորում են՝ ի ուրախություն իշխանությունների, որոնց դեմ նրանք բոլորը իբր պայքարում են»:

Տարակուսելով Րաֆֆի Հովհաննիսյանի` հերթական մարզային շրջագայություններն իրականացնելու որոշման կապակցությամբ` «Ժողովուրդ»-ը գրում է. - «Ակնհայտ է, որ «բարեւի հեղափոխությունը» ապրիլի 9-ից հետո վերածվել է «բարեւի տեղապտույտի», որի ընթացքը կրկին հունի մեջ գցել այլեւս դժվար հաջողվի Հովհաննիսյանին: Ավելին, իր այս քայլով Հովհաննիսյանը, ըստ էության, լրջորեն վտանգում է նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքի շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում, քանի որ եթե Հովհաննիսյանին ինչ-որ մի հրաշքով հաջողվի մարզերում հաջողված, բազմամարդ հանդիպումներ ունենալ, միեւնույն է, դա որեւէ կերպ չի անդրադառնա մայրաքաղաքի բնակչության կողմնորոշման վրա: Սակայն եթե Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային շրջագայությունը ձախողվի, ապա դրա բացասական ազդեցությունը, հատկապես իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի սպասարկու քարոզչամիջոցների ջանքերով, բազմակի անգամ մեծ ուժով կպրոյեկտվի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վրա»:

«Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. - «Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը քաղաքական բաղադրիչը տեսնում են հետեւյալում. ռեժիմից «պոկել» Երեւանը եւ սկիզբ դնել ռեժիմի կազմաքանդման գործընթացին: Բայց այստեղ հարց է ծագում, որը խոսում է Երեւանի քաղաքապետության ձգտող ուժերի իրական նպատակների մասին. եթե ընտրապայքարի նպատակը միայն Երեւանը «պոկելն» է, ուրեմն քաղաքի զարգացման, երեւանցիների սոցիալական բնույթի կարիքները հոգալու մասին խոստումներն ու խոսակցությունները դառնում են ընդամենը երեսպաշտություն, որով փորձ է արվում քողարկել Երեւանը սեփական կուսակցության ենթակայության տակ դնելու ձգտումը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG