Մատչելիության հղումներ

Զինվորական հոսպիտալի պաշտոնյաները հերքում են իրենց մեղքը


Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2011թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկից մահացած շարքային Հայկ Խաչատրյանի գործի քննությունը։

Այս գործով երկու պաշտոնյաներ են մեղադրվում՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալի Նյարդաբանական բաժանմունքի արդեն նախկին պետ Մինաս Մկրտչյանը եւ նույն հոսպիտալի նախկին ղեկավար Միքայել Միքայելյանը։

Մինաս Մկրտչյանը մեղադրվում է անհրաժեշտ բժշկական միջոցառումներ չապահովելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար։

Այսօրվա նիստի ժամանակ նա հայտարարեց, որ չի ցանկանում ցուցմունքներ տալ։ Նաեւ հայտարարեց, որ նախաքննության ընթացքում, թեեւ ընդունել է իր մեղքն ու զղջացել արածի համար, սակայն այսօր իր մեղքը չի ընդունում։

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար Միքայել Միքայելյանը եւս իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, ջրծաղիկի վարակը հոսպիտալում կանխարգելելու համար բավարար միջոցառումներ չի ձեռնարկել։

Մահացած զինվորի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, համոզված է, որ իր տղան մահացել է բժիշկների անփութության եւ անտարբերության պատճառով, քանի որ Կենտրոնական հոսպիտալից ժամանակին չի տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց։

«Երեխաս ցավի մեջ գալարվում է, գիտակցությունը կորցրել է, չէ՝ ասում է, ի՞նչ կա, թող դիմանա։ Այ, այդպիսի անխղճություն ու մարդկային վերաբերմունք է՝ այսօր կանգնել, ամեն կետով արդարանում են այս մարդիկ։ Զինվորը բացարձակ արժեք չունի», – պատմում է Մովսես Խաչատրյանը, – «Ասում եմ՝ ա՛յ ընկեր ջան, եկեք տեղափոխենք, փրկենք... հնար չեղավ։ Պահեցին այնքան ժամանակ, մինչեւ երեխայիս սպանեցին»։

Շարքային Հայկ Խաչատրյանը Նուբարաշեն համայնքում գտնվող զորամասից զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ոչ թե ջրծաղիկի, այլ դիմային նյարդի բորբոքման պատճառով, որտեղ եւ հավանաբար վարակվել էր ջրծաղիկով։

Մահացած զինվորի հոր առողջական վիճակը դատական նիստի ընթացքում վատթարացավ, ինչի պատճառով դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հետաձգեց այն։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 2-ին։
XS
SM
MD
LG