Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այսօր արձագանքելով Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե Տարոնն իր համար անձ չէ, այլ «համակարգի մի խամաճիկ», ասաց` ամեն մարդ խոսելիս թող առաջինն իր մասին խոսի:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, շեշտել էր, թե համակարգի կողմից ով էլ նշանակվի Երեւանի քաղաքապետ, Տարոն Մարգարյանից լավը չի լինելու, ուստի իրենք պայքարում են ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ:

Այսօր Աջափնյակ համայնքում բակային հանդիպումից հետո Տարոն Մարգարյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոյականի հարցին` հակադարձեց նաեւ ինտերնետում հայտնված այն տեսանյութին, որում նշվում է, թե Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում «ատկաներով է զբաղված», իսկ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ պնդել էր, թե քաղաքապետը ներգրվածծ է կոռուպցիոն սխեմաներում, թալանում է ժողովրդին:

«Ուղղակի ամոթ է նման խոսակցությաններ խոսել: Եթե իրենք նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահ մարմիններին», - ասաց քաղաքապետը` շարունակելով. - «Ես պարզ ճակատով եմ երեւանցիների առջեւ կանգնում, պարզ ճակատով եմ մեր բնակիչների հետ շփվում»:

Տարոն Մարգարյանը չցանկացավ գնահատել իր շանսերը, ասաց դա բնակիչները պետք է անեն` միեւույն ժամանակ ընդգծելով, որ իր հանդիպումներին ակտիվ մասնակցությամբ երեւանցիներն արդեն իսկ խոսում են Հանրապետական բարձր շանսերի մասին. - «Վստահ եմ, որ մայիսի 5-ին մեր երեւանցին իր ձայնը տալու է ավելի լավ Երեւանին»:

«Ավելի լավ Երեւան» կարգախոսի ներքո Տարոն Մարգարյանը բակային հանդիպումներ է անցկացնում Երեւանի գործող ավագանու անդամների ուղեկցությամբ` հիմնականում մշակութային գործիչներ Արա Երնջակյան, Լեւոն Իգիթյան, Միքայել Դովլաթյան եւ ուրիշներ:

Որպես կուսակից ու Աջափնյակի բնակիչ այսօր քաղաքապետին աջակցելու էր եկել Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին: Ասում էր` մի կասկածեք, Հանրապետականը «Երեւանը չի հանձնելու»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG