Մատչելիության հղումներ

Հայաստանում կանցկացվի պոեզիայի միջազգային փառատոն


Ապրիլի 16-20-ը Հայաստանի կանցկացվի պոեզիայի միջազգային փառատոն` ավելի քան 30 երկրներից ժամանած բանաստեղծների մասնակցությամբ:

Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվող «Ի սկզբանէ էր բանն» խորագրի ներքո անցկացվող փառատոնի շրջանակում միջոցառումներ կլինեն մայրաքաղաքում, Ծաղկաձորում եւ Գյումրիում:

«Սա ուղղակի աննախադեպ է, որովհետեւ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները արդեն իսկ ունեն փառատոնի կազմակերպման ավանդույթ, մենք նոր ենք սկսում: 30 երկրներից ավելի քան 50 բանաստեղծներ կժամանեն Երեւան, եւ մենք շատ հագեցած ծրագրով պիտի կարողանանք անցկացնել փառատոնը», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Փառատոնին ընդառաջ Հայաստանում լույս է տեսել լիբանանցի հանրահայտ բանաստեղծ Ադոնիսի ստեղծագործությունների ժողովածուն: Բանաստեղծը, ի դեպ, հրավիրյալների թվում է եւ վաղը կժամանի Երեւան:

Լույս է տեսել նաեւ անթոլոգիա, որը հայերեն եւ անգլերեն ներկայացնում է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի ժամանակից բանաստեղծների գործերը:

Նախատեսված են գրքերի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, այցելություններ Էջմիածին, Օշական, Մատենադարան: Փառատոնի հյուրերը հանդիպումներ կունենան բուհերում եւ թանգարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG