Մատչելիության հղումներ

Որեւէ ռեալ բանակցային գործընթաց «անհնար է առանց Ղարաբաղի մասնակցության»


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատություն» ռադիոկայան. - Պարոն Միրզոյան, յոթ ամիս է ընդամենը, ինչ զբաղեցնում եք Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնը, եւ հենց այդ ամիսներն են, որ աչքի ընկան Ղարաբաղի շուրջ ակտիվ զարգացումներով. ձեր արտագնա պաշտոնական հանդիպումներն ու ելույթները, արդեն երեք նահագների կողմից ԼՂ ճանաչումը, Ղարաբաղ այցելեցին մի խումբ արտասահմանցի պատգամավորներ եւ պաշտոնյաներ... Ինչո՞վ է սա պայմանավորված, արդյոք Ձեր պաշտոնը ստանձնելուց հետո ԼՂ արտգործնախարարությունը սկսեց ակտիվ աշխատել, թե՞ միջազգային հանրությունն է իր վերաբերմունքը փոխել Ղարաբաղի նկատմամբ:

Կարեն Միրզոյան. - Իմ մտքով չի անցնում այդ ամենը բացատրել իմ համեստ անձնավորությամբ: Դիվանագիտության մեջ ընդհանրապես աշխատանքը կատարվում է ոչ թե մեկ անհատի կողմից, այլ հսկայական մի կոլեկտիվի, համախոհների խմբի կողմից, եւ աշխատանքը լինում է սովորաբար երկարատեւ քրտնաջան աշխատանք: Եվ բավականին երկար ժամանակ է պետք, որ արդյունքները տեսանելի դառնան: Այդ աշխուժացումը եւ այլն, իհարկե, դա ակնհայտ է, եւ ես շատ ուրախ եմ, որ դա նկատվում է նաեւ ուրիշների կողմից: Բայց դա ուղղակի, իմ կարծիքով, համընկնում է. երկարատեւ աշխատանք, որ տարվել է ոչ միայն արտգորնախարարության, արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող այլ օղակների կողմից, այլ ընդհանրապես մեր հանրապետության իշխանությունների: Առաջին հերթին՝ հանրապետության նախագահի կողմից որդեգրված արտաքին քաղաքականության կուրսը ի վերջո տալիս է իր արդյունքները:

«Ազատություն». - Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում որեւէ էական առաջընթացի դեռեւս չհասած, վերջին ժամանակներս բանակցային սեղանին հայտնվեց եւս մի հարց՝ օդանավակայանի հարցը: Օդանավակայանի վերագործարկման հետաձման մասին բազմիցս խոսվել է: Կարդացել ենք նաեւ Ձեր նամակը՝ ուղղված միջազգային հանրությանը, որում Դուք կոչ եք անում զսպելու Ադրբեջանի սպառնալիքները: Հայտնի է նաեւ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ո՞ր դեպքում է օդանավակայանը գործելու:

Միրզոյան. - Ամեն դեպքում օդակայանը գործելու է: Դա ԼՂՀ իշխանությունների սուվերեն որոշումն է, եւ վաղ թե ուշ այն ի կատար է ածվելու, չնայած Ադրբեջանի իշխանությունների բոլոր սպառնալիքներին եւ այլ քայլերին: ԼՂՀ տարածքում արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ չեն գործում Ադրբեջանի օրենքները: Դա մեր պատասխանն է: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի սպառնալիքներին եւ մեր մոտեցումներին, ես ասեմ, որ դա միայն մեր մոտեցումը չէ, ես կարող եմ վստահորեն ասել, որ այդ մոտեցումը լիովին կիսում են նաեւ համանախագահները, հարցին փոքրիշատե տեղյակ բոլոր քաղաքական ուժերը: Այսինքն բոլորն էլ հստակորեն ընդգծում են, որ ցանկացած սպառնալիք` խփել քաղաքացիական օդանավ կամ որեւէ նման այլ քայլ անել, անընդունելի է բացարձակապես: Դրա մասին արդեն մենք խոսել ենք նաեւ արտգործնախարարի անունից նամակում, որը հղվեց անցյալ տարի աշնանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ընգդծելով, որ չվերթը կրում է զուտ մարդասիրական նպատակ եւ չի հետապնդում որեւէ այլ քաղաքական նպատակ: Իսկ այն քաղաքական խաղերը, այն սպառնալիքների շարանը, այն ապատեղեկատվության ալիքը, որն այսօր սկսել է Ադրբեջանը, սոսկ հերթական փորձն է` աղավաղելու բանակցային գործընթացը եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հակաօրինական քայքայիչ քայլերից:

«Ազատություն». - Պարոն նախարար, տարիներ շարունակ բանակցային գործընթացում քննարկվում են Մադրիդյան սկզբունքները, որոնք այդպես էլ պաշտոնապես չեն ներկայացվել պաշտոնական Ստեփանակերտին, համենայնդեպս, այդ մասին բազմիցս հայտարարվել է: Այդ դեպքում ինչի՞ մասին եք ամեն անգամ մոտ երկու ժամ խոսում համանախագահների հետ:

Միրզոյան. - Գիտեք, սովորաբար նման բանակցությունները, հանդիպումները կրում են փակ, գաղտնի բնույթ, եւ իհարկե, ես հասկանում եմ Ձեր հետաքրքրությունն, այսպես ասած, բանակցային գործընթացի մանրամասներին, բայց կոռեկտ չէ արտացոլել աշխատանքային բովանդակությունը: Ես կարող եմ վստահեցնել, որ կան բավականաչափ հարցեր քննարկման համար համանախագահների հետ: Առաջին հերթին դրանք վերաբերում են բանակցային գործընթացի անխափան եւ անդառնալի ընթացք ապահովելուն, եւ մի շարք այլ հանգամանքներին:

«Ազատություն». - Վերջերս Դուք հայտարարել էիք, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում եւ պատճառն էլ Ադրբեջանն է: Ի՞նչ է անում ղարաբաղյան կողմը այդ իրավիճակից դուրս գալու համար:

Միրզոյան. - Ես ասել եմ, որ բանակցային գործընթացը փակուղի տանելու ռեալ սպառնալիք կա: Իմ խորին համոզմամբ, այսօր դրա հիմնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որը շարունակաբար վարում է քայքայիչ դեստրուկտիվ քաղաքականություն, որը ոչ միայն ուղղված է բանակցային գործընթացը դանդաղեցնելուն կամ այլ ուղղությամբ տանելուն, այլ ընդհանրապես բանակցային գործընթացը փակուղի մտցնելու եւ իրավիճակի կտրուկ սրմանը` հակամարտության տարածաշրջանում: Թե ինչով է դա հղի մեզ բոլորիս համար, ես կարծում եմ` հավելյալ բացատրություն տալ պետք չէ, եւ հենց դրան ենք մենք ուզում հրավիրել թե համանախագահների, եւ թե միջազգային հանրության ուշադրությունը:

«Ազատություն». - Վերջերս ԼՂ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, թե Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա ոչ թե ինքնանպատակ, այլ հստակ դիրքորոշմամբ: Ո՞րն է այդ հստակ դիրքորոշումը, կարո՞ղ եք բարձրաձայնել: Եվ երբ պաշտոնական Ստեփանակերտը խոսում է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտության մասին, ո՞ւմ են ուղղված լինում այդ մասին կոչերն ու հայտարարությունները, ո՞վ է որոշողը` Ադրբեջանը: Եթե այո, ինչո՞ւ պիտի Ադրբեջանը թույլ տա, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ:

Միրզոյան. - Դա մեր մշտական դիրքորոշումն է եւ բազմիցս բարձրաձայնվել է: Որեւէ ռեալ բանակցային գործընթաց, որից կարելի է ակնկալել կենսական, երկարակյաց որոշումներ, անհնարին է առանց ԼՂՀ մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերում, սկսյալ հենց ամենասկզբից, երբ մշակվում են որոշակի գաղափարներ, մոտեցումներ, շարունակաբար նաեւ այդ գաղափարներին ու մոտեցումներին հստակ ձեւաչափ ուղղություն տալու ընթացքում եւ իհարկե, ընդունված այդ բանաձեւերը կյանքի կոչելու ժամանակ: Այդ առումով նախագահի հնչեցրած միտքը շատ տրամաբանական է: Եվ այդ միտքը ոչ թե «ձայն բարբառո հանապատի» է, դա կարծիք է, որը կիսվում է բազմաթիվ մարդկանց կողմից, դա կարծիք է, որը կիսվում է Հայաստանում: Ես կարող եմ հիշատակել վերջին շրջանում միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս հնչեցված այն միտքը, որ պահը եկել է, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղան` որպես բանակցության լիարժեք անդամ: Այդ միտքը այսօր ավելի ու ավելի համատարած բնույթ է ստանում նաեւ միջազգային ատյաններում: Այսինքն բոլոր այն ուժերը, բոլոր այն մարդիկ, որոնք տեղյակ են խնդրի էությանը, որոնք տեղյակ են իրական պրոցեսներին, հասկանում են այդ պարզ ճշմարտությունը եւ հասկանում են, որ այսօր դրա հիմնական խոչընդոտը Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունն է: Այն խոչընդոտները, որը Ադրբեջանը հարուցում է` թույլ չտալու, խոչընդոտելու Ղարաբաղի վերադարձին իր իրակա, բնական վիճակին, վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման մասին, եւ այն մասին, որ Ադրբեջանն այսօր չի ցանկանում նպաստել հիմնահարցի կարգավորմանը:

«Ազատություն». - Բանակցային գործընթացում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները ամբողջությամբ համընկնո՞ւմ են իրար հետ:

Միրզոյան. - Ոչ, իհարկե: Չենք կարող եւ պետք էլ չէ խոսել լիակատար, լիարժեք համընկնելու մասին, որովհետեւ մենք խոսում ենք երկու անկախ հայկական պետականությունների մասին: Բայց սկզբունքային հարցերում, կարեւորագույն հարցերում կա լիակատար փոխըմբռնում, կա լիակատար համակարծություն:

«Ազատություն». - Որպես փորձառու դիվանագետ` Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ի՞նչ եք առաջարկում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ:

Միրզոյան. - Ղարաբաղյան հարցը, իմ կարծիքով, կարգավորված է: Համենայնդեպս, ԼՂՀ-ի համար կարգավորված է: Կարգավորված է նրանով, որ մենք հասել ենք մեր նպատակին, ստեղծել ենք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն: Ճիշտ է, մեծ դժվարություններով, ճիշտ է, այդ դժվարությունները մինչ օրս մասամբ հաղթահարված չեն, բայց մենք ունենք մեր տեսլականը, մեր պատկերացումը, թե ուր ենք գնում, ինչի համար ենք գնում, եւ ինձ համար ամենակարեւորը, որ այդ հարցում ժողովրդի եւ իշխանությունների միջեւ անջրպետ չկա: Միգուցե այլ հարցերում մենք կարող ենք գտնել տարակարծություններ, տարաբնույթ մոտեցումներ, բայց այս հարցում միանշանակ նույն մոտեցումն է: Եվ դա ոչ միայն իմ կարծիքն է. շատ հետաքրքիր է, ցանկացած արտասահմանցի, ցանկացած օտարազգի, երբ այցելում է Ղարաբաղ, առաջինը նրա ուշադրությունը դա է գրավում, որքան էլ փորձեն այստեղ տարբեր կարծիքներ գտնել իշխանությունների եւ ժողովրդի միջեւ: Այդ առումով ինձ համար ԼՂՀ-ի ապագան ակնհայտ է, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով:

«Ազատություն». - Դուք չասացիք, թե ի՞նչ եք առաջարկում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ:

Միրզոյան. - Ադրբեջանին ես ունեմ միայն մեկ առաջարկ` օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը եւ հասկանալ, որ մենք պետք է գտնենք համատեղ ուղիներ, թե ինչպես ենք ապրելու հետագայում կողք կողքի: Այն ճանապարհով, որը վայել է քաղաքակիրթ, զարգացած երկրներին, եւ այն ճանապարհով, որով ապրում են տասնյակ, հարյուրավոր պետություններ, որոնք նախկինում ունեցել են իրենց բաժանող, իրենց միջեւ կոնֆլիկտներ առաջացնող խնդիրներ, բայց այսօր գտել են քաղաքակիրթ երկխոսության, համատեղ գոյակցության ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG