Մատչելիության հղումներ

Քրդական պետության բացակայությունը` «հակահայ պահվածքի հետեւանք»


Քրդերը բողոքի ակցիա են անցկացնում, Դիարբեքիր, Թուրքիա, արխիվ

Քրդերը բողոքի ակցիա են անցկացնում, Դիարբեքիր, Թուրքիա, արխիվ

«Քրդական պետության բացակայությունը նաեւ հենց իրենց` քրդերի, նախորդ դարասկզբին դրսեւորած հակահայ պահվածքի հետեւանք է», - Zaman օրաթերթի կիրակնօրյա համարում նման կարծիք է հայտնել ամենահայտնի ժամանակակից թուրք գիտնականներից մեկը` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ եւ պատմաբան Դողու Էրգիլը:

Գիտնականը հիշեցնում է, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագիրը նաեւ անկախ Քուրդիստանի ստեղծում էր նախատեսում, ինչին սակայն քրդերն այն ժամանակ գերադասեցին ընդդիմանալ:

«Քրդերն անկախ պետության ստեղծում չէին ցանկանում մի քանի պատճառով: Դրանցից առաջնայինը նույն տարածքներում անկախ Հայաստանի ստեղծման մտադրությունն էր: Քրդերը ցանկանում էին կանխել իրադարձությունների նման զարգացումը», - նկատում է թուրք գիտնականը` միաժամանակ նշելով, որ Օսմանյան կայսրության հպատակ հանդիսացող քրդերի հակահայ պահվածքը զգացվում էր դեռ մինչեւ Սեւրի պայմանագրի ստորագրումը` 1915 թվականի ցեղասպանության շրջանում:

«Քրդերը համագործակցեցին թուրքերի հետ հայերին վտարելու, նրանցից հետո մնացած ունեցվածքն ու սեփականությունը յուրացնելու հարցում», - նշում է Էրգիլը` մանրամասնելով. - «Արեւելյան Անատոլիայում հայերն ու քրդերը միշտ կողք կողքի են ապրել: Քրդերը, սակայն, ակտիվորեն համագործակցեցին թուրքական պաշտոնական շրջանակների հետ` առաջատար դեր խաղալով թե հայերի արտաքսման, եւ թե նրանց ունեցվածքի ու հողերի հետագա վերաբաշխման հարցում: Կային անգամ հայեր, որոնք իրենց երեխաներին հավատափոխ էին անում եւ հանձնում քրդական ընտանիքներին: Քրդերի համար շատ հստակ էր` հայերի վերադարձը կնշանակի այդ ամենի վերանայումն ու վերադարձը»:

Թուրք գիտնականի խոսքով` այն ժամանակ իրադարձությունները զարգանում էին իսլամի դրոշի ներքո, ինչը շատ հասկանալի ու ընդունելի էր քրդերի համար, սակայն, երբ Աթաթուրքի օրոք մեկնարկեց թուրքական ազգային պետության կառուցումը, հայերից ազատված հողերը հռչակվեցին թուրքական:

«Քրդերին անտեսեց այն նույն պետությունը, որի ստեղծմանն իրենք մեծապես նպաստել էին», - նշում է Էրգիլը:

Էրգիլը համարվում է ազգային խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր թուրք գիտնականներից մեկը: Նա առաջինն էր, որ 1995 թվականին ծավալուն մի աշխատություն հրապարակեց` նվիրված քրդական հիմնախնդրին: 2012-ին էլ նա հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սեփական ծրագրով, որի հիմքում դրված էին ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, Թուրքիայի կողմից հայերից պաշտոնապես ներողություն խնդրելն ու Ցեղասպանության զոհերի ժառանգներին` որոշակի դրամական փոխհատուցում մուծելու առաջարկը: Այս վերջին կետը կյանքի կոչելու համար գիտնականն անգամ առաջարկում էր Թուրքիայում հատուկ գերատեսչություն ստեղծել:
XS
SM
MD
LG