Մատչելիության հղումներ

logo-print

«Հարսնաքար»-ի գործ. Ամբաստանյալների հարցաքննությունն ավարտվեց


«Հարսնաքար»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

«Հարսնաքար»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Ամբաստանյալներից որեւէ մեկը չընդունեց մեղադրանքը. ո՞վ է ծեծել Վահե Ավետյանին:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի եւ Արման Բաղդասարյանի ցուցմունքներով շաբաթ օրը ավարտվեց «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների հարցաքննության փուլը:

Վեց ամբաստանյալներից, այսպիսով, որեւէ մեկը դատարանին չհայտնեց, թե ի վերջո ով է ծեծել ռազմական բժիշկներին, ինչից 12 օր անց Վահե Ավետյանը մահացավ հոսպիտալում:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, որը մեղադրվում է մյուս ամբաստանյալների հետ Վահե Ավետյանին եւ մյուս տուժողներին ծեծելու, Ավետյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ նրա մահն առաջացնելու մեջ, այսօր հակադրվեց տուժողների ցուցմունքներին:

«Չգիտեմ, ընդե ֆիլմեր են նկարագրում, ինչ են անում, ըտենց բան չի էղել: Ամեն ինչը տեւել ա շատ կարճ` մոտավորապես 30-ից 40 վայրկյան: Ես ուղղակի չգիտեմ` տուժողները խի են հիմա սաղ կայնում ասում էս ամեն ինչը, որ սենց, եսիմ, 15 րոպե ծեծել եմ, եսիմ, ցեպս ա կտրվել, կոշիկս ա թռել, ծալված եմ էղել... Չգիտեմ, կինո են պատմում», - հայտարարեց ամբաստանյալը:

Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած ծեծի մեջ մեղադրվող Նորայր Հայրապետյանը նկարագրեց այն պահը, երբ Ավետյանի քթին, ըստ մյուս ցուցմունքների, հարվածել էր մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը, նրա ընկերները մոտեցել էին: Հայրապետյանը տուժող Արտակ Բայադյանին վերագրեց հայհոյանքներ եւ հարցադրում. - «Արտակ Բայադյանը բա` «արա, դու կարա՞ս իրա տեղը պատասխան տաս», այսինքն` ի նկատի ուներ մատուցողի տեղը, ես էլ ասեցի` «բնական ա, ես իմ տեղն եմ պատասխան տալի», Բայադյանը ֆռռաց բա` «լավ, եթե ժողովրդի պահն ա, էկեք քայլենք մի կողմ»:

Հիշեցնենք Արտակ Բայադյանի ցուցմունքը այն մասին, թե ինչպես է Նորայր Հայրապետյանը ներգրավվել «Հարսնաքար»-ի միջադեպում. - «Ու էդ պահին լսում եմ խոսակցություն, որ թիկնապահ Նորայրը, էդ պահից, որ տղաներ, Նորայրի խոսքերով` «էկեք, էկեք դուրս գանք, ամոթ ա ստե, հեսա մենք իրան կպատժենք», ոնց որ մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով` նենց որ մտքներովս անգամ չի անցնում, թե ինչ ա կատարվում, լրիվ ուրիշ ուղղությամբ տանում են լրիվ ուրիշ խոսակցության»:

Նորայր Հայրապետյանը իր դատարանական ցուցմունքում նշեց, թե տուժող Գարիկ Սողոմոնյանի հետ զրուցելով գնացել է ավտոկայանատեղի. - «Արտակ Բայադյանը ընդհանուր սաղին` ընդհանուր, բոլորին մեր էր հայհոյում, աջուձախ, ու էդ ժամանակ, սենց, էլի երկու քայլ չեմ քցել` Գարիկը հետեւիցս ինձի մեր քրֆեց, ֆռռացի ու Գարիկին մի հատ ապտակեցի»:

Թեեւ Նորայր Հայրապետյանն իր բառերով պատմեց, որ խփել է Գարիկ Սողոմոնյանին, ավելացրեց, թե ինքը ոչ թե ծեծողներից է եղել, այլ բաժանել է կռիվը. - «Դե իրականում ես էղել եմ բաժանողի դերում, գոռացել եմ, հանդարտացրել եմ»:

Հիշեցնենք, նույն իրավիճակի եւ նույն Նորայր Հայրապետյանի վերաբերյալ Գարիկ Սողոմոնյանը պատմել էր. - «Սաղ արդեն էդ ավտոկայանատեղում էին, ես ու Նորոն ըտե կանգնած էինք: Ռեզկի սկսեցին խփել տղեքին, սենց միանգամից լցվեցին վրեքները, որ ֆռռացի, էդ պահին Վահեին եմ տեսել, որ սենց հետ-հետ էր քայլում, ու Նորոն էլ գնաց մտավ մեջները, ես էլ հետեւից, էլի, տենց մտանք` «հլը սպասե՛ք, մի՛ խփեք, ա՛յ ախպեր, մի՛ խփեք», Նորոն ֆռռաց, եկավ իմ վրա, եկավ տենց առանց խոսալ, առանց բան` խփեց, խփեց` ընկա...»:

Իր նախաքննական ցուցմունքում Նորայր Հայրապետյանը նշել է, թե շուրջ երկու տարի է՝ աշխատում է Ֆուտբոլի ազգային ակադեմիայում՝ որպես անվտանգության աշխատակից: Իսկ այսօր ամբաստանյալը հրաժարվեց Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ակադեմիայի աշխատակից լինելու վերաբերյալ նախաքննական պնդումից եւ ասաց, թե «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակից է: «Հարսնաքար»-ը, հիշեցնենք, պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական գործարար Ռուբեն Հայրապետյանին:

«Մեղադրվում եմ ինչ-որ ծանր հանցագործության մեջ, բնական ա, ես էլ խուսափեցի ասեմ «Հարսնաքար»-ի անվտանգությունից եմ եղել, շեշտեցի ընդե ակադեմիայի անունն եմ տվե», - ասաց ամբաստանյալը:

Սպորտսմեն Նորայր Հայրապետյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ միջադեպի օրը ամբաստանյալներ «Կյաժի»՝ Արման Խաչատրյանի, Արթուր Բաբլոյանի եւ, ըստ ցուցմունքի, «Բղդոյի»՝ Արման Բաղդասարյանի հետ Ֆուտբոլի ակադեմիայից մեքենայով եկել են «Հարսնաքար»: Նույն ցուցմունքում նշված է, որ հայհոյողի եւ իր ընկերների միջեւ ծեծկռտուք է եղել: Եվ թեեւ այս ցուցմունքում արդեն նշել էր Արման Բաղդասարյանի անունը, Նորայր Հայրապետյանն ասաց, որ Արման Բաղդասարյանը դեպքից հետո իրեն հարցրել է, թե ինչ է կատարվել: Նույնը պնդեց Վահե Ավետյանին ծեծելու, նրա առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելու եւ անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող Արման Բաղդասարյանը՝ իր այսօրվա կարճ ցուցմունքում:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը մի շարք հակասություններ վկայակոչեց՝ մեջբերելով այսօր ցուցմունք տված ամբաստանյալների նախաքննական եւ դատարանական պնդումները:

«Եվ պատկերավոր ասած` տպավորությունն այնպիսին է, որ նրանք փորձում են ստեղծել էսպիսի մի մոզաիկա եւ ցուցմունքները համապատասխանեցնել այդ մոզաիկային եւ փորձել լրացնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Ըստ փաստաբանի` այդ հակասությունները բացատրությունների կարիք ունեն, մինչդեռ ամբաստանյալները հրաժարվում են պատասխանել հարցերին:

Ի դեպ, տուժող կողմի փաստաբաններն այսօր միջնորդեցին դատարան հրավիրել շուրջ երեք տասնյակ լրացուցիչ վկաների՝ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ:

Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 19-ին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG