Մատչելիության հղումներ

logo-print

Քաղավիացիայի վարչության պետ. «Մեզ հուսալի ավիաընկերություն է պետք»


«Արմավիա» ընկերության օդանավը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

«Արմավիա» ընկերության օդանավը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Արտյոմ Մովսեսյանի կարծիքով` «Արմավիա»-ի սնանկացման հիմնական պատճառը սխալ կառավարումն էր:

Հայաստանի կառավարությունը պատասխանատու չէ «Արմավիա» ավիաընկերության գործած սխալների համար: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Նա նշեց, որ իրենք նախապես տեղեկացվել էին ընկերության սնանկացման մասին, ինչից հետո կառավարությունը ետ է կանչել «Արմավիա»-ին տված բոլոր լիցենզիաները:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ դրամի պատասխանատվություն անգամ չի կրում «Արմավիա»-ի գործունեության եւ ֆինանսական պարտավորությունների հետ կապված: Բոլորը «Արմավիա»-ի հետ հարաբերվել են իրենց սեփական ռիսկերով: Պետության կողմից որեւիցե պարտավորություն չկա», - հայտարարեց Մովսեսյանը` շարունակելով. - «Ես կարող եմ ասել, որ պետությունը կարող է պարտատեր հանդիսանա եւ «Արմավիա»-ի գումարներից նույնպես պահանջի, եթե արձանագրվի, որ պետության նկատմամբ ինքը նույնպես պարտավորություն ունենա»:

Անգամ դատարանի կողմից «Արմավիա»-ի սնանկ ճանաչվելու դեպքում էլ պետական բյուջեից ընկերության պարտքերը մարելու համար գումար չի հատկացվի: Մովսեսյանը կարծում է, որ «Արմավիա»-ի ունեցվածքը բավարար կլինի դրանք մարելու համար:

Ինչ վերաբերում է պետությանը հնարավոր պարտքին, ապա Քաղավիացիայի վարչության պետը ասաց, որ ֆինանսական հարցերին ինքը տեղյակ չէ:

Վերջին շրջանում, մինչդեռ, մամուլում խոսվում է, որ «Արմավիա»-ն երկար ժամանակ է ինչ պետությանը չի վճարել այսպես կոչված «օդի փողը», ինչն էլ կուտակվել է եւ այժմ միլիոնավոր դրամների է հասնում:

Արդեն երկու շաբաթ է, ինչ Հայաստանի միակ ավիափոխադրողը դադարեցրել է չվերթների իրականացումը եւ սկսել է սնանկացման գործընթացը, մինչդեռ կառավարությունը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել ստեղծված իրավիճակին:

Արտյոմ Մովսեսյանը ասաց, որ «Արմավիա»-ի եւ կառավարության միջեւ կնքված պայմանագիրը ընդամենը մեկ ամիս անց լրանալու էր, եւ իրենք պատրաստ էին ավիաոլորտում փոփոխությունների: Հիմա կառավարությունը գործընթացին չի խառնվում, քանի որ սնանկացման գործը պետք է քննի դատարանը: Իսկ իրենք քննարկում են, թե ինչ է լինելու հայկական ավիացիայի հետ ապագայում: Մովսեսյանի խոսքով` ինչքան էլ որ հարցը հրատապ է ազգային անվտանգության տեսանկյունից, քննարկումներում չեն շտապում, քանի որ որոշումը շատ կարեւոր է:

Օրերս առաջարկ հնչեց նաեւ «Արմավիա»-ն պետականացնելու եւ այդպիսով եղած ավիաընկերությունը փրկելու մասին: Ավիաընկերությունում այս տարբերակին կողմ են, մինչդեռ Քաղավիացիայի վարչության պետը այն իրատեսական չի համարում, թեեւ չի բացառում, որ կքննարկեն:

«Այն ֆինանսական իրավիճակը, որ կա «Արմավիա»-ի մոտ, եւ պարտքերի այն ցանկը, որը ինքը ունի` չեմ կարծում, եւ հուսադրող չի: Առավել եւս` ինքը նախորդ մեկ տարվա ընթացքում քայլեր ձեռնարկեց էդ տեսանկյունով` համապատասխան գնորդների հետ էր բանակցություններ վարում, ընկերությունների հետ էր վարում` որոշակի հարցերի կարգավորման հետ կապված, սակայն արդյունք չունեցավ: Չեմ կարծում, որ արդեն էս ավելի ծայրահեղ, սրված վիճակում ինքը էդ դրական հետընթացը ունենա», - ասաց Արտյոմ Մովսեսյանը:

Նրա խոսքով` հիմա կառավարությունը ավելի հիմնարար հարցեր է քննարկում, մասնավորապես` ինչպես պետք է կազմակերպվի օդային ուղեւորափոխադրումների ոլորտը ապագայում:


Երեք տարբերակ


Ըստ Քաղավիացիայի վարչության պետի` կա երեք տարբերակ: Առաջին տարբերակում պետք է ստեղծվի մեկ 100-տոկոսանոց պետական ավիաընկերություն, երկրորդը` պետք է կիրառել նախկին փորձը եւ մրցույթի արդյունքում լիցենզիաները տալ մեկ մասնավոր ավիաընկերության, ինչպես նախկինում «Արմավիա»-ի դեպքում էր, կամ էլ վարել բաց օդային քաղաքականություն, որի դեպքում լիցենզիաներ կտրվեն բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան պայմանները ապահովելու դեպքում շուկայում աշխատելու հնարավորություն կստանան:

Ինչ որոշում էլ կայացվի, ընդգծեց Մովսեսյանը, մեկ բան պարզ է` «մեզ հուսալի ավիաընկերություն է պետք, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության ոլորտներում ապահով պարտնյորներ»: «Դա կլինի հայկական փոխադրող, կլինի դրսի փոխադրողներ` բոլորի նկատմամբ էլ մենք վերահսկողություն իրականացնելու ենք», - ասաց Քաղավիացիայի վարչության պետը` հավելելով. - «Ես ինքս կուզենայի, որ մենք լավ օպերատորի հետ ունենայինք համագործակցություն»:

«Ես կարծում եմ` պետք է դրսի փորձը մենք ունենանք անպայման: Հայկական փոխադրումների շուկայում չի կայացել որեւիցե ընկերություն, որը կարողանա նմանատիպ խորհրդատվություն անցկացնի, նմանատիպ... Ես կուզենամ, որ մենք լավ պարտնյոր ունենանք», - հայտարարեց Մովսեսյանը:

Նրա վկայությամբ` ներկայումս ստեղծված իրավիճակը այնքան լարված չէ, ինչպես ներկայացվում է: Քաղավիացիայի վարչության պետի կանխատեսմամբ` վիճակը կտրուկ կսրվի ամռանը, երբ ուղեւորափոխադրումների մեծ հոսք կլինի:

«Արմավիա»-ի սնանկացումից հետո մի քանի ավիաընկերություններ փորձել են որոշ ուղղություններով տոմսերի գները բարձրացնել, բայց հիմա ամեն ինչ շտկվել է, նշեց նա:

Մովսեսյանի կարծիքով` «Արմավիա»-ի սնանկացման հիմնական պատճառը սխալ կառավարումն է եղել, թեեւ իր ազդեցությունն է ունեցել նաեւ համաշխարհային ճգնաժամը:

Ինչ վերաբերում է կառավարության վերջնական որոշմանը, ապա այն, ըստ Քաղավիացիայի վարչության պետի, իրեն սպասել չի տա. այս հարցը իրենց համար հրատապ է, իսկ քննարկումները ավարտական փուլում են:
XS
SM
MD
LG