Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Միանայի` ի՞նչ անեի»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-
Պետրոսյանը ելույթ է ունենում Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում, Երեւան, 13-ը ապրիլի, 2013թ.

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը ելույթ է ունենում Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում, Երեւան, 13-ը ապրիլի, 2013թ.

Միաժամանակ, առաջին նախագահն ընդգծում է, որ իրենք միակ ուժն են, որ հստակ ընդունել են Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը:

Շաբաթ օրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում անդրադառնալով այն հարցադրումներին, թե ինչու Կոնգրեսը չի միանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ուժի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հետընտրական այս իրադարձություններում որեւէ քաղաքական պրոցես չեն տեսել:

Միաժամանակ, նա դեռ հնարավոր համարեց Երեւանի ավագանու ընտրությունների շուրջ ոչ իշխանական ուժերի հետ «միասնական քաղաքական պրոցես տանելը»:

«Միանայի` ի՞նչ անեի»


«Մեկ անգամ ընդմիշտ թող բոլորը հասկանան` մենք քաղաքական կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք, եւ մենք միանում, աջակցում, սատարում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին: Մենք ետընտրական շրջանի այս իրադարձություններում տեսանք ամեն ինչ` բացի քաղաքական պրոցեսից, ամեն ինչ», - ընդգծեց Տեր-Պետրոսյանը:

Չցանկանալով Րաֆֆի Հովհաննիսյանի մասին որեւէ «բացասական բան» ասել, որեւէ «հեգնական գնահատական» տալ, ընդգծելով, որ «բարիկադների վրա կանգնած» մարդուն չի կարելի այսպիսի դիտողություներ անել, առաջին նախագահը շարունակեց. - «Բայց երբ որ ասում են` «ինչո՞ւ չեք միանում», նախ` փաստենք. մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հստակ արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասեմ` սա քաղաքական առումով ամենամեծագույն աջակցությունն էր, որ կարող էր անել մի ընդդիմադիր կուսակցություն, որը անգամ ոչ այնքան նորմալ հարաբերություններ է ունեցել «Ժառանգության» հետ: Երկրորդը. մեր ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է հրապարակում, եթե չչափազանցեմ` հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի աջակիցները: Եվ երրորդը. ասում են` «ինչո՞ւ դուք` ղեկավարությունը չմիացավ, չեկավ հարթակ»... էստեղ կներեք: Մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը` միանայի` ի՞նչ անեի, միանայի, որ գնայի` Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք, ուզում եք հավատացեք, թե չհավատաք, իմացեք, որ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:

Երեւանի ընտրությունները` «ռեժիմը տապալելու շանս»


Ընդդիմադիր ուժի առաջնորդը վստահեցրեց, որ իրենք պատրաստ էին «Ժառանգության» եւ մյուս ուժերի հետ միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին` անկախ նրանից, թե ով կգլխավորեր այդ ցուցակը, ինչը կարող էր լինել «քաղաքական պրոցես». - «Մենք հավակնություն էլ չունեինք քաղաքապետ ունենալու, թող առաջին դեմքը ով կուզեր լիներ` դաշնակցական լիներ, «Ժառանգ»-ական լիներ, «Բարգավաճ»-ից լիներ, մեզ համար ոչ մի նշանակություն չուներ, պատրաստ էինք մեր ամբողջ ուժերը ներդնել այդ գործում: Չուզեցին, չարեցին: Դաշնակցությունը առաջարկեց մի ուրիշ ֆորմատ, երեքով փորձեցին առանց մեզ էդպիսի մի ընդհանուր լեզու գտնել, էլի չստացվեց...»:

«Էստեղ ով է մեղավոր, ես չգիտեմ, չեմ էլ ուզում որեւէ մեկին մեղադրել, ուղղակի փաստն եմ արձանագրում` չեղավ: Այ սա քաղաքական պրոցես էր», - ասաց Տեր-Պետրոսյանը եւ շարունակեց. - «Լավ, հիմա ժամանակ է անցել, դեռ հնարավորություն կա միասնական քաղաքական պրոցես տանելու, բայց` լրջորեն, առանց դեմագոգիայի, առանց կշտամբանքների կամ առանց ակնարկների... պետք է վերջ տալ այս բաներին: Հիմա կարելի է միասնական մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք վերահսկել այս ընտրությունները, որ կարողանանք համագործակցել ընտրություններից հետո»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները «ռեժիմը տապալելու», «Երեւանում Սերժ Սարգսյանին ջախջախիչ պարտության մատնելու» շանս են եւ հնարավորություն: «Եթե մի այսպիսի ցավոտ պարտություն ռեժիմը կրեց, իմացեք, այդ ռեժիմը արդեն դատապարտված է կործանման, եւ ով երազում է նախագահ դառնալ, նախագահ դառնալու ճանապարհը Երեւանի ավագանում հաղթանակ տանելն է, դե եկեք տարեք էդ հաղթանակը», - հայտարարեց նա` համոզմունք հայտնելով, որ ոչ իշխանական ուժերի կողմից միասնական պայքար չտարվելու դեպքում իշխանությունները այս ընտրություններում ե՛ւ «Ժառանգությանը», ե՛ւ «Բարգավաճ Հայաստան»-ին տալու են մի քանի անգամ ցածր արդյունք, քան նրանք ստացել են նախորդ`«Ժառանգություն»-ը` նախագահական, «Բարգավաճ Հայաստան»-ը` խորհրդարանական ընտրություններում:

«Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է, եւ նա երբեք չի ների այն, ինչ նրա դեմ կատարվում է: Չի ներելու Գագիկ Ծառուկյանին` արդեն երկու տարի անկախ կուսակցական քայլեր կատարելու համար, որովհետեւ այս օրինակը կարող է շատ վարակիչ լինել, տարածվել մյուս օլիգարխների վրա, նույնը` Րաֆֆիի նկատմամբ. թվում էր, թե նրան ձեռք էր տալիս, որ Րաֆֆին դառնար ընդդիմության առաջնորդը եւ փողոցը վերցներ իր վերահսկողության տակ, բայց չի ներելու այդ 37 տոկոսը, որովհետեւ դա այնպիսի փաստ է, որ 100 տարի էլ անցնի` դա մնալու է որպես պատմական փաստ` իրենց պաշտոնական թվերով, մենք ասել ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է», - ասաց առաջին նախագահը` շարունակելով. - «Հիմա նա պիտի փորձի այս ընտրություններով Րաֆֆիին ցույց տալ ուրիշ տոկոսներ, եւ դա շատ տպավորիչ կլինի, եթե նախագահական ընտրություններից մի երկու ամիս հետո 37 տոկոսից մի քանի կարգ ցածր տոկոս տրվի, այդ միֆը գոնե Սերժի տեսակետից կարող է արդեն ցրված համարվել»:


Ծառուկյանը «փորձում է պոկվել իշխանություններից»


Ի դեպ, Լեւոն Տեր Պետրոսյանը համոզված է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձում է «պոկվել իշխանություններից»:

Նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խնդիրը հռչակելով «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը», որի շնորհիվ, ըստ նրա, ստեղծվել է ամբողջ աշխարհի ներկա քաղաքակրթությունը, առաջին նախագահը տարակուսանք հայտնեց, թե ինչու հայաստանյան քաղաքական շրջանակները «սվիններով» դիմավորեցին օլիգարխներին իշխանություններից պոկելու եւ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը:

Նա այստեղ վկայակոչեց Խաչատուր Սուքիասյանի նախադեպը` համոզմունք հայտնելով, որ «նույն ճանապարհն այսօր բռնել է Գագիկ Ծառուկյանը»:

«Բայց ինչ վատ բան էր, եթե կարողանայինք մենք պոկել այսօր մեկին, մյուս օրը` մյուսին... Քանի որ ուրիշ ճանապարհ չկա. քանի նրանք սերտաճած են` խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը, ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու: Եվ մի կարծեք մենք հաջողությունների չենք հասել այս գործում, կոնկրետ ունենք երկու օրինակ. 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանը ո՞վ էր` նորից այդ խոշոր բուրժուազիայի, այդ օլիգարխիայի մի մասն էր, բայց այդ մարդը այդ ժամանակ հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը` իշխանությունները առաջին հարվածը հասցրեցին հենց Խաչատուր Սուքիասյանին, պարզապես սնանկացրին այդ մարդուն: Իհարկե, դա կանեին, որովհետեւ նա մենակ էր, իսկ եթե, պատկերացրեք, լինեն մի քանիսը, կամ բոլորը... իշխանությունը անզոր կլինի նրանց բոլորի դեմ պայքարելու», - ասաց Տեր-Պետրոսյանը, - «Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը, եւ այդ մարդը որեւէ քայլ չարեց, որը կասկածներ հարուցի, որ նա իսկապես փորձում է պոկվել իշխանություններից. դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է` մի ուժ, որը նպաստում է, չեմ ասում պայքարում է, բայց նպաստում է մի չարիքի դեմ պայքարին եւ չարիքի թուլացմանը, էդպես վանել»:


«Ժառանգություն»-ը հրավիրված չէր


Համագումարին «Բարգավաճ Հայաստան»-ից ներկա էր պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Դաշնակցությունը մասնակցում էր կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մակարդակով: Ինչպես իշխող Հանրապետականից եւ կոալիցիոն «Օրինաց երկիր»-ից, այնպես էլ «Ժառանգություն»-ից որեւէ մեկը ներկա չէր: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիմնավորեց, որ հրավիրել են միայն այն ուժերին, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցել: «Ժառանգություն»-ն էլ մեզ իր համագումարին չէր հրավիրել», - ասաց նա:

Կոնգրեսի խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանն էլ ներկա չէին: Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը եւս չէին եկել: Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունից ներկա էր Սմբատ Այվազյանը:


Նորաստեղծ կուսակցությունը ղեկավարություն ընտրեց


Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը միաձայն ընտրվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար: Կուսակցության փոխնախագահներ դարձան Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Նորաստեղծ կուսակցության այսօր ընտրված վարչությունը բաղկացած է 45 անդամից, որոնցից 22-ը նախկին «Հայոց համազգային շարժում» կուսակցությունից են, 22-ը`«Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախաձեռնող խումբն է, մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վարչության անդամ են ընտրվել Վանո Սիրադեղյանը, Արման Մուսինյանը, Վահագն Խաչատրյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Զոյա Թադեւոսյանը, Արշակ Բանուչյանը եւ այլոք:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG