Մատչելիության հղումներ

logo-print
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում մի շարք քաղաքական ուժերի հրավիրեց հաջորդ ուրբաթ օրը դահլիճային հանդիպում անցկացնել՝ որոշելու անելիքը։

«Դաշնակցությունից, ՀԱԿ-ից, «Ժառանգությունից» Սարդարապատից, կապ չունի՝ ով ժողովրդի կողքին է, բարձր է ցանկացած հռետորաբանությունից։ Մենք ակնկալում ենք, որ ամեն մեկն իր ինքնասիրությունը պահելով հանդերձ, պահը կընկալի, սեփական սխալից իմ նման, իմ օրինակով, դուրս կգա, եւ միասին կստեղծենք այդ համազգային ճակատը, որը այս տարվա ընթացքում բերելու է հաղթանակը մեր ժողովրդին եւ մեր հայրենիքին», - հայտարարեց Հովհաննիսյանը։

Երեւան ժամանելուց հետո գալով Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չանդրադարձավ իր մոսկովյան այցին: Գնահատելով ապրիլի 9-ի իրադարձությունները ընդդիմադիր առաջնորդն ընդգծում էր, որ գուցե սխալներ է թույլ տվել, բայց հաղթանակը մինչեւ վերջ է տանելու. -«Ամեն մեկը իրավունք ունի քննադատելու եւ ես ընդունում եմ, բայց ով ապրիլի 9-ին ներկա չէր, եւ տաքուկ կուսակցական գրասենյակներում ժողովրդի տապալման մասին էին խոսում, նրանք ովքեր օգտվելով իմ մի ժամվա բացակայությունից, ուզում էին իրենց քաղաքացի, քաղաքական ղեկավար, ժողովրդի վոժդ համարել, ամոթ նրանց»։

Ով քաղաքական դիակներից է խոսում` իշխանությունից մինչեւ ընդդիմություն, «դուք նույն սորտն ենք», Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը շեշտեց, որ արել է ամեն ինչ, որպեսզի բացառի արյունը եւ պահանջեց ոստիկանապետից պատժել Արմեն Մարիտիրոսյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։

«Եթե սա է Հայաստանի Հանրապետության հակաժողովրդական, ընտրություն գողացած, կուսակցականապաշտ, ինքնահավան իշխանության որակը, դուք հասկացեք մի բան, որ մենք երդվեցինք չհիսաթափվելու, իրար պահելու, ուժ տալու, եւ այս իշխանությունը փոխվելու է եւ մենք այդ կտեսնենք միասին», - նաեւ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը ու հավելեց. - «Պարոն Սարգսյան, հայ ժողովուրդը չի ճանաչում եւ չի ընդունում այդ պաշտոնը, այդ գրասենյակը, այդ կեղծ երդումը, եւ այնտեղ, որտեղ նստել եք դուք, պատկանում է Հայաստանի ժողովրդին եւ դա պիտի դառնա հայ ժողովրդի կենտրոնակայանը։ Բայց մենք այնտեղ չենք գալու արյամբ, ո՛չ քաղաքացու, եւ ո՛չ ոստիկանի»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG