Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին «հակապետական» է որակում 2008-ի պատերազմի պատճառների քննությունը


Ռուսական զորքերը Վրաստանի Գորի քաղաքի մերձակայքում, օգոստոս, 2008թ.

Ռուսական զորքերը Վրաստանի Գորի քաղաքի մերձակայքում, օգոստոս, 2008թ.

Օգոստոսյան պատերազմի հանգամանքները քննելու համար Վրաստանի դատախազությունում հատուկ քննչական խումբ է ստեղծվում:

«Օգոստոսյան պատերազմի պատճառների հետաքննությունը կարող է ծանր հարված հասցնել վրացական պետությանը», - երեկ Վարշավայում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով 2008 թվականի իրադարձությունների պաշտոնական հետաքննություն սկսելու` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմակիցների վերջին նախաձեռնությունը:

«Ես մեկ վայրկյան անգամ չեմ պատրաստվում մասնակցել հակապետական այս քննությանը, որի նպատակն է խարխլել վրացական պետականության հիմքերը», - հայտարարեց Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահի հայտարարությունից մի քանի ժամ առաջ երկրի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին Թբիլիսիում հայտարարել էր, որ հատուկ քննչական խումբ է ստեղծվում` պարզելու համար` արդյոք օգոստոսյան պատերազմի ժամանակ եղե՞լ են ռազմական հանցագործություններ, թե՞` ոչ:

Թեմայի շուրջ սրընթաց զարգացումները սկիզբ առան, երբ Իվանիշվիլին շաբաթասկզբին հայտարարեց, թե 2008-ի օգոստոսին Վրաստանի կառավարությունն «իրեն ադեկվատ չպահեց»:

«Իշխանությունները` Սաակաշվիլիի գլխավորությամբ, կոպիտ սխալ թույլ տվեցին, երբ բանակային ստորաբաժանումները բերեցին մարտական պատրաստության վիճակի եւ ռազմական գործողություններ սկսեցին մինչեւ այն պահը, երբ ռուսական զորքերը կհատեին Վրաստանի պետական սահմանը», - նշել էր Վրաստանի վարչապետը` պնդելով, որ ծագած փոխհրաձգությունների պայմաններում հարկավոր էր ոչ թե ռազմական գործողություններ հրահրել, այլ հակամարտության գոտի հրավիրել միջազգային դիտորդների:

Սրան ի պատասխան` Վրաստանի նախագահն իր թիվ մեկ քաղաքական հակառակորդին մեղադրեց անթաքույց ռուսամետության մեջ:

«Մինչ օրս որեւէ քաղաքական գործիչ աշխարհում` բացառությամբ Ռուսաստանի իշխանությունների եւ Ուգո Չավեսի, չի մեղադրել Վրաստանին պատերազմ սկսելու մեջ: Այժմ ահա Վրաստանը մի այնպիսի կառավարություն ունի, որը սեփական պետությանն է մեղադրում պատերազմ սկսելու մեջ: Այդպիսով կառավարությունը Ռուսաստանի քարտ-բլանշ է տալիս` շարունակելու վրացական տարածքների օկուպացիան, ինչպես նաեւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի միջազգային ճանաչման գործընթացը», - նշեց Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG