Մատչելիության հղումներ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ հայաստանցի երաժշտասերներն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնարավորություն ունեն ունկնդրելու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:

Աշխարհահռչակ նվագախմբի փորձին անգամ լեփ-լեցուն էր «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Դա այն ուսանողները, դասախոսներն ու երաժշտագետներն էին, ովքեր պարզապես հնարավորություն չունեն համերգի տոմսեր գնել 30-60 հազար դրամով:

Մեր իրականության համար դա, անշուշտ, շատ բարձր գին է: Թեեւ, նշենք, որ, օրինակ, Վիեննայի ֆինհարմոնիկի ամանորյա համերգների գները սկսվում են 3 հազար եվրոյից եւ դրանք հարկավոր է պատվիրել նախօրոք: Այդ առումով, իհարկե, շատ լավ է, որ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչներն այսօր հնարավորություն ընձեռեցին անվճար ունկնդրել նվագախմբի փորձը:

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երեւանյան համերգը ղեկավարելու է Մայքլ Թիլսըն-Թոմասը, ով համերգի համար ընտրել է Յոհաննես Բրամսի եւ Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները:

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ մինչեւ այժմ հետխորհրդային տարածքում Վիեննայի ֆիլհարմոնիկը համերգներ է ունեցել միայն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Այսօրվա համերգը աշխարհահռչակ նվագախումբը կբացի Հայաստանի Հանրապետության օրհներգով:
XS
SM
MD
LG