Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ երեկ երեկոյան կնքվել է փոխգործակցության հուշագիր: Փաստաթուղթը Երեւանում ստորագրել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Փաստաթղթում Հայաստանի կառավարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնության են եկել զարգացնել փոխգործակցությունը առեւտրային քաղաքականության, տեխնիկական կարգավորման, ստանդարտացման, չափումների միասնության ապահովման, սանիտարական, անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջների եւ միջոցների կիրառման հարցերում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կողմերը փոխգործակցելու են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով խորհրդատվությունների, համաժողովների, սեմինարների, սիմպոզիումների, ֆորումների եւ այլ միջոցառումների անցկացմամբ, այդ թվում՝ Հայաստանի եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների գործարար հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երեկ ստորագրված փաստաթղթում ամրագրված է, որ կողմերն առնվազն տարին մեկ անգամ հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի կառավարության ղեկավարի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մակարդակով:

Փաստաթղթում կա նաեւ կետ, որ հուշագիրը չի հանդիսանում միջազգային պայմանագիր եւ չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ եւ պարտականություններ, ինչպես նաեւ կողմերի համար չի առաջացնում որեւէ ֆինանսական պարտավորություն:

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը այս հուշագրի ստորագրումը չի գնահատում որպես լուրջ սպառնալիք Եվրամիության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից:

«Երբ մենք ուշադրությամբ գնահատում ենք այդ հուշագիրը ապա տեսնում ենք, որ այն փոքր ինչ ավելին է քան փոխգործակցության եւ աջակցության մասին անհստակ մտադրությունների արձանագրումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Կիրակոսյանը։

Ըստ քաղաքագետի, այստեղ թերեւս կարելի է տեսնել Ուկրաինային Ռուսաստանի կողմից ուղղված թաքնված ուղերձ: Ըստ այդմ, ի թիվս Մաքսային միությանն արդեն իսկ միացած նախկին խորհրդային հանրապետությունների, այժմ էլ՝ ահա, Հայաստանի հետ կնքվել է փոխգործակցության մասին փաստաթուղթ: Սա, փաստորեն, ըստ քաղաքագետի հերթական ճնշումն է Ուկրաինայի նկատմամբ, վերջինիս դեպի «ԵվրԱզԵս» հրապուրելու նպատակով: Այս հուշագիրը բուն Հայաստանին շատ ավելի քիչ է վերաբերում, ամփոփեց Կիրակոսյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, կան որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի անդամակցությունը ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, այնպես էլ Մաքսային միությանը, սակայն դրա հետ զուգահեռ անհրաժեշտ է եւ հնարավոր է քննարկել այն ձեւաչափերը, որոնք թույլ կտան համագործակցել այդ կառույցների հետ։

Հիշեցնենք, որ այս պահին Մաքսային միության անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:
XS
SM
MD
LG