Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է ծրագրվում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (աջից) եւ Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (աջից) եւ Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Առաջիկա շաբաթներին հանդիպում է կայանալու Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

«Հայաստանը մշտապես դրական է վերաբերվել բոլոր այն առաջարկներին, որոնք գալիս են Մինսկի խմբի եռանախագահների կողմից նոր հանդիպումների կազմակերպման վերաբերյալ։ Այս անգամ նույնպես մենք դրական ենք արձագանքել, տարբեր առաջարկներ կան՝ որտեղ եւ որ ժամկետներում այդ հանդիպումը տեղի կունենա։ Կարծում եմ, որ ինչպես եռանախագահներն են նշում, մոտակա շաբաթների ընթացքում այդպիսի հնարավորություն կստեղծվի», – այսօր լրագրողներին փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս էին տարածաշրջանում: Մարտի երկրորդ կեսին նրանք նախ այցելեցին Ստեփանակերտ, այնուհետեւ եկան Երեւան, իսկ ապրիլի սկզբին Իան Քելլին, Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը մեկնեցին Բաքու:

Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են այս տարվա հունվարի վերջին՝ Փարիզում, իսկ մարտի սկզբին Ֆրանսիայի մայրաքաղաքում նրանք առանձին-առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, թեեւ նախօրոք հայտարարվում էր, որ հնարավոր է եռակողմ հանդիպում` Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի ու համանախագահների մասնակցությամբ:

Էլմար Մամեդյարոն այսօր Բաքվում լրագրողներին փոխանցել է, որ պաշտոնական Բաքուն համաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկին:

Վերադառնանք, սակայն, Նալբանդյանի ու Շվարցենբերգի այսօրվա համատեղ ասուլիսին: Հայաստանի արտգործնախարարը փոխանցեց, թե երեւանյան բանակցությունները հիմնականում կենտրոնացել են Հայաստանի ու Չեխիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ:

Իր հերթին Շվարցենբերգը նշեց, թե քննարկված հարցերի 95 տոկոսում Երեւանի ու Պրահայի դիրքորոշումները համընկել են եւ երկու երկրների միջեւ չկա քաղաքական ոչ մի խնդիր:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կարձագանքի Կարել Շվարցենբերգը այս փետրվարի սկզբին Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կողմից ընդունված հայտարարությանը, որով դատապարտվում են Խոջալուում տեղի ունեցած էթնիկ զտումները, Չեխիայի փոխվարչապետը արձագանքեց. – «Ձեզ մի բան կասեմ, առաջին հերթին՝ սա Չեխիայի խորհրդարանի կողմից չի ընդունվել, այլ միայն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումն էր: Հասկանալի է, թե դրա պատճառն ինչ է: Չեխիայի Հանրապետությունը դեմ է մարդու իրավունքների ցանկացած ոտնահարման, բայց գիտեմ նաեւ պատերազմական դեպքերի ժամանակ նման բաներ տեղի ունենում են: Սակայն չենք կարող համեմատել, իհարկե, սա մոտ հարյուր տարի առաջ Հայաստանի հետ տեղի ունեցածի հետ: Սրանք տարբեր բաներ են»։

Խոսելով «շատ տարիներ առաջ Հայաստանի հետ տեղի ունեցածի» մասին` Կարել Շվարցենբերգն, ըստ ամենայնի, նկատի ուներ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Նախատեսված է, որ այսօր Չեխիայի փոխվարչապետին կընդունի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեկոյան Շվարցենբերգը հանդիպելու է նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Այսօր հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա:

Ի դեպ, հարավկովկասյան իր այս այցին ընդառաջ Չեխիայի փոխվարչապետն անակնկալ կերպով հետաձգեց իր այցը Բաքու. նա եղավ Թբիլիսիում ու երեւանայան այցից հետո մեկնելու է տարածաշրջանից: Այսօրվա ասուլիսից հետո փորձեցիք նրանից ճշտել, թե ո՞րն է Ադրբեջան իր այցի անակնկալ հետաձգման պատճառը:

«Այնտեղ մեծ համաժողով կա` МГИМО-ի շրջանավարտների մասնակցությամբ, որոնցից են նաեւ Ադրբեջանի նախագահը եւ մի շարք դիվանագետներ: Ես МГИМО-ի շրջանավարտ չեմ, ուստի չէի կարող մասնակցել այդ համաժողովին»,- ասաց Չեխիայի փոխվարչապետը:
XS
SM
MD
LG