Մատչելիության հղումներ

Գյուղապետի հարազատի խոսքով՝ սպանությունը պատվիրված էր


Պռոշյանի գյուղապետարանը

Պռոշյանի գյուղապետարանը

Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանն իր մեղքը չի ընդունում:

Պռոշյան գյուղի 31-ամյա բնակիչը կալանքի տակ է պահվում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան:

50-ամյա դաշնակցական Հրաչ Մուրադյանը, հիշեցնենք, սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից:

Սպանված գյուղապետի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, համոզված չէ, որ սպանողը այդ գործով կալանավորված համագյուղացի Արայիկ Պետրոսյանն է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հակոբ Մուրադյանը, մասնավորապես, ասաց. - «Այս գյուղում բոլորն էլ գիտեն, կարող է՝ չեն խոսում, բայց բոլորն էլ մտածում են ինչ-որ մարդկանց մասին, բայց ոչ՝ Արայիկի»։

Մուրադյանը, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր են իր մատնանշած անձինք՝ թողնելով այդ խնդրի լուծումը ոստիկանությանը։ Նա միայն նշեց, որ անցած աշնանը կայացած գյուղապետի ընտրությունները լարված են եղել։ Մուրադյանի հիմնական մրցակիցը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մուրադյանն էր։

Գյուղապետի եղբորորդին կարծում է, որ եթե Արայիկ Պետրոսյանը դատապարտվի, արդարությունը չի կարող հաղթել։

«Բոլորն էլ հասկանում են։ Ոչ մեկը չի կարող ասել, որ Արայիկը մենակ կարող է այդ գործը անի. ինքը հա՛մ վարորդ լինի, հա՛մ կրակի... չի կարող նման բան լինել», - ասում է Մուրադյանը՝ բացատրելով, որ Արայիկ Պետրոսյանը «խելոք, համեստ, շնորհքով մարդ է, ով վերջին ամիսներին գյուղապետարանի ֆինանսավորմամբ գյուղի ջրամատակարարման աշխատանքներն էր կատարում։ - «Նրանց միջեւ թշնամություն չի եղել», - նկատում է սպանված գյուղապետի եղբորորդին՝ համոզմունք հայտնելով, որ հորեղբորը սպանել են աթոռի համար, իսկ սպանությունն էլ պատվիրված էր։

Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը եւ նրա մեղավորության վերաբերյալ որեւէ ապացույց չկա։

Փաստաբանը ասաց` դեպքի օրը Պետրոսյանին հրավիրել են ոստիկանություն միայն այն պատճառով, որ այդ օրը նրան ընկերոջ ավտոմեքենայով տեսել են դեպքի վայրում:

«Որեւէ առեւերսում չի արվել, չկա որեւէ ապացույց, որի հիման վրա մեղադրանք է առաջադրվել: Թե մեղադրանքը, թե կալանքը ապօրինի է», - ասաց Հովհաննիսյանը:

Արայիկ Պետրոսյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով: Նա ձերբակալվեց սպանությունից երկու օր անց՝ ապրիլի 4-ին: Ապրիլի 5-ին արդեն կալանքի մասին որոշում կայացվեց:

Փաստաբանը հայտարարում է նաեւ, որ սպանության օրը՝ Պետրոսյանին եւ նրա 33-ամյա եղբորը՝ Արտակ Պետրոսյանին հրավիրել են ոստիկանություն ու ոստիկանությունում մեկ օր պահել անօրինական՝ առանց որեւէ իրավական կարգավիճակի: Արտակ Պետրոսյանը հետո ազատ էր արձարկվել:

Երեկ տարածած իր հաղորդագրությունում ոստիկանությունը նշում է, որ Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Փաստաբան Հովհաննիսյանը, սակայն, պնդում է, որ դա ամենեւին էլ չի ապացուցում, որ նշված նյութը` անտիմոնը, միմիայն կրակոցի արգասիք է:

«Անտիմոնն օգտագործվում է նույնիսկ կոսմետիկայի մեջ, մարտկոցների մեջ, նաեւ զոդման գործընթացում: Հնարավոր է, որ Արայիկ Պետրոսյանը կենցաղում նման իրերի հետ շփում ունեցել է: Նա «Երեւան ջուր» ընկերության աշխատակից է, ու չի բացառվում այդ հանգամանքը», - ասաց Հովհաննիսյանը:

Փաստաբանը ասում է, որ քննիչի պարտավորությունն է պարզել, թե անտիմոնը ինչպես կարող էր հայտնաբերվել Պետրոսյանի դեմքին եւ քթին, ինչպես նաեւ ավտոմեքենայում այն դեպքում, երբ Պետրոսյանը պնդում է, որ զենք չի ունեցել եւ ընդհանրապես սպանության օրը՝ ապրիլի 2-ին, զբաղված է եղել անձնական հարցերով ու սպանությունից հետո է հայտնվել դեպքի վայրում:

Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաեւ կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Մինչ այժմ ոստիկանությունը որեւէ հայտարարություն չի արել զենք գտնելու վերաբերյալ:
XS
SM
MD
LG